«Հերիք է, բավ է, հանգիստ թողեք ինձ, մեր կուրսը, մեր նախագահին»

«Հերիք է, բավ է, հանգիստ թողեք ինձ,  մեր կուրսը, մեր նախագահին»

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրենն արձագանքում է
իրենց հասցեին պարբերաբար հնչող քննադատություններին

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, եւ հաճախ դպրոցը հայտնվում է մամուլի հրապարակումների թիրախում: «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին, թե Սերժ Սարգսյանի համակուրսեցի լինելը ի՞նչ առավելություն է տվել Ձեզ եւ դպրոցին, տիկին Ազիզյանը պատասխանեց. «Անկեղծ ասեմ, դա որեւիցե առավելություն չունի, բայց, այնուամենայնիվ, ես վատ եմ զգում, որ ասես կրակն ընկած լինենք ե՛ւ նախագահը, ե՛ւ ես, որ համակուրսեցիներ ենք: Մտածում եմ՝ արդյոք ուրիշ համակուրսեցի չե՞ն գտնում, միայն ի՞նձ են տեսել, միայն ի՞նձ են հիշում անընդհատ, ինչո՞վ եմ այդքան ուշադրության արժանանում, ինձ թիրախ են դարձնում: Ես չեմ հասկանում`որովհետեւ փորձում եմ ամեն ինչ անել, որ նախ՝ իմ աշխատանքով պատիվ բերեմ ինքս ինձ, իմ ընտանիքին եւ ի վերջո նաեւ իմ երկրի նախագահին: Նախագահի համակուրսեցին լինելը ընդամենը պարտավորեցնում է, որ ես ավելի լավ աշխատեմ: Առանց այդ էլ դպրոցը կրում է Մոնթե Մելքոնյանի անունը, իսկ դա առավել եւս պարտավորեցնող է»:

Անդրադառնալով իրենց դպրոցի մասին մամուլի հրապարակումներին՝ Ռուզաննա Ազիզյանն ասաց. «Ինչո՞ւ եք մարդու թեւերն ուզում կոտրել: Դուք ինչքան գրում եք, բողոքում եք, ընդհակառակը՝ ինձ ավելի հզորացնում եք: Ուղղակի չափ պետք է ունենա մարդ, սուտ էլ կա՝ սուտ էլ, զրպարտություն էլ կա՝ զրպարտություն էլ: Ես սիրում եմ օրենքի շրջանակներում աշխատել, որ հանգիստ ապրեմ: Ես ընդհանրապես իմ զույգ ոտքերով եմ բարձրացել կյանքի բոլոր աստիճանները: Ինձ նախագահն աշխատանքի չի նշանակել, ինձ չի հովանավորել: Ավելի շատ ինքը կզայրանա ու ինձ կպատժի, եթե ես վատ բան անեմ: Ուղղակի իմ աշխատանքը տեսել են եւ գնահատել են: Ես ունեմ շրջանավարտներ, որ բանակից ինձ նամակներ են գրում, գրում են՝ որ բանակը վերջացնենք, նորից գալու ենք դպրոցում սովորենք: Ես ունեմ հրաշալի շրջանավարտներ, որ տարբեր բնագավառներում են աշխատում: Ես ունեմ աշակերտ, որ շախմատի աշխարհի չեմպիոն է, ունեմ զինվոր շրջանավարտներ, որոնց համար աղոթում եմ, ովքեր նամակներ են գրում ինձ եւ ասում են՝ մենք այստեղ էլ ենք տարբերվում մյուս զինվորներից:

Դա է իմ աշխատանքի արդյունքը: Թե չէ գիտեք ինչ, ինձ չեն սիրում, որ ես Սերժ Սարգսյանի համակուրսեցին եմ՝ թող չսիրեն: Ես հպարտ եմ, որ նրա համակուրսեցին եմ եղել: Հերիք է, բավ է, հանգիստ թողեք ինձ, մեր կուրսը, մեր նախագահին»:
Այն տեղեկությունները, որ դպրոցում վատ մթնոլորտ է, ուսուցիչները ճնշված են՝ Ռուզաննա Ազիզյանը հերքում է: Նա ասաց, որ ուսուցիչներից պահանջվում է այն, ինչ կա օրենքով եւ կարգով, մինչեւ այսօր որեւէ դժգոհող ուսուցիչ չեն ունեցել. «Հանեք ձեր աչքերից սեւ ակնոցները, գարուն է, միգուցե նաեւ լուսավորն ու գեղեցիկ երանգները տեսնեք»:

Տնօրենը վստահեցրեց, որ իրենց դպրոցում ջերմ մթնոլորտ է, իսկ մամուլի հրապարակումները ընդամենը կեղծ ահազանգ են:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

20,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    1. Ես ունեմ շրջանավարտներ, որ բանակից ինձ նամակներ են գրում, գրում են՝ որ բանակը վերջացնենք, նորից գալու ենք դպրոցում սովորենք: ?????????? /Հարգելի խմբագրություն, խնդրում եմ այս մտքի գոհարը թարգմանել հայերեն, արդյոք դա չի նշանակում, որ դպրոցում իրենք ոչինչ չեն սովորել… 🙂
    2. Ես ունեմ աշակերտ, որ շախմատի աշխարհի չեմպիոն է… ???????
    Ինչպե՞ս է հնարավոր ունենալ աշխարհի շախմատի չեմպիոն աշակերտ և հպարտությամբ չարտասանել նրա անունը: Հարգելի Հռիփսիմե, ես որպես շախմատով հետաքրքրված անձ, շատ կուզենայի իմանալ, թե ով է նա, եթե դժվար չէ, խնդրում եմ ճշտեք: Տեսականորեն չբացառելով այդ փաստը, միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ այս դպրոցում տիրող բարքերի ՛՛գծով՛՛ տառապանքս փորձ ունի. սույն հոդվածի հերոս տիկինը 2010 թ. դատարանում սուտ վկայություն տվեց, թե ուսուցիչները սկսեցին իրենից բողոքել նախանձից դրդված, հենց իր՝ ՛՛Մեսրոպ Մաշտոց շքանշան՛՛ ստանալու հենց հաջորդ օրվանից, և նույնիսկ մի անհայտ ծագման մեդալ էր ներկայացրել ՛՛Առավոտի՛՛ խմբագրություն, որպես թե իր ստացած ՛՛Մեսրոպ Մաշտոց շքանշան՛՛: Չեք հիշո՞մ…

    • Հռիփսիմե says:

      Պարոն Մախսուդյան, շախմատի չեմպիոնը, որն այդ դպրոցի աշակերտն է, Բենիկ Ագասարովն է՝ 8 տարեկան, բայց, ինչպես նոր ճշտեցի, աշխարհի չեմպիոն չէ, Հայաստանի է, իսկ «Առավոտում» այդ դպրոցի մասին հրապարակումները, դատական գործերի լուսաբանումն, իհարկե, շատ լավ հիշում եմ:

  2. Մարգար Մախսուդյան says:

    https://armenpress.am/arm/news/844299/haytni-en-shakhmati-hayastani-patanineri-ev-axjikneri-arajnutyan.html
    Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարը անցկացվում է սկսած 10 տարեկանների տարիքային խմբից, ընդ որում այս տարվա առաջնությունը դեռ չի ավարտվել, իսկ անցյալ տարվա Մ10 առաջնության 1-ին 3 տեղերը զբաղեցրել են Ռոբերտ Փիլիպոսյանը, Հայկ Գրիգորյանը և Արսեն Դավթյանը:
    Հիշատակված պատանու վերաբերյալ միակ տեղեկությունս հետևյալն էր.
    http://chess-results.com/fed.aspx/tnr225721.aspx?lan=4
    Մալաթիա – Սեբաստիա ՇՄՊՄԴ առաջնություն ( կիսաեզրափակիչ ) /2016/
    č. T Meno FideID FED Elo
    1 Աբրահամյան Դավիթ ARM 2000
    2 Գևորգյան Դավիթ ARM 2000
    3 Ղազարյան Դավիթ ARM 2000
    ……………………………………………………………..
    24 Ագասարով Բենիկ ARM 1800

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք