Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է խոստանում ՀՀԿ-ն կրթության ոլորտում՝ հանուն ապագայի Երեւանի

Ապրիլ 21,2017 14:47

Արդեն տրված է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության մեկնարկը: www.loveyerevan.am կայքում հրապարակվել է ՀՀԿ նախընտրական ծրագիրը`  «Հանուն ապագայի Երեւանի» կարգախոսով:

Փորձեցինք պարզել, թե ինչ է խոստանում ՀՀԿ-ն Երեւանի համար՚ մշակութային եւ կրթական առումով: Պարզվում է՚ 2017-2022 թթ. ծրագրերի համատեքստում Հանրապետական կուսակցությունը խոստանում է ընդունել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենք, որը կօժանդակի փոքր կենտրոնի դիմագծի պահպանմանը։ Այս օրենքի անհրաժեշտության մասին վաղուց էին բարձրաձայնում մշակույթի մտահոգ գործիչները,  ճարտարապետներն ու քաղաքաշինարարները, քանի որ  փոքր կենտրոնի վրա շատերն աչք ունեն:

Իբրեւ 2013-17 թթ. ձեռքբերումներ, ՀՀԿ-ն վկայակոչում է Երևանի կրկեսի վերակառուցման ծրագիրը, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի մասնաշենքը:

Ծրագրի՝ ձեռքբերումների հատվածում նաեւ նշվում է, որ մասնավոր ներդրողների հետ համագործակցության շրջանակներում կառուցվել են միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցներ, կինոթատրոններ, բազմաֆունկցիոնալ սպորտային համալիրներ:

Ի թիվս այլ խոստումների, առաջիկա 5 տարիների համար ՀՀԿ-ն ցանկություն է  հայտնում իրականացնել Երևանի 2800-ամյակին նվիրված այգու կառուցման, Կոմիտասի այգու հիմնանորոգման և ընդլայնման աշխատանքները,  Ծիծեռնակաբերդի անտառպուրակային տարածքի վերականգնման ծրագիրը:

Կրթության ոլորտում 2017-22թթ. խոստում է տրվում  լիարժեքորեն ապահովել նախադպրոցական կրթություն՝ մանկապարտեզներում հերթերի հիմնախնդրի ամբողջական կարգավորմամբ, անվճար նախադպրոցական կրթության ծրագրի շարունակություն, արտադպրոցական կազմակերպություններում գերազանց սովորող երեխաների համար կազմակերպել անվճար ուսուցում՝ համայնքային պատվերի համակարգի ներդրման միջոցով, մեկնարկել դպրոցների շենքերում ներառական կրթության համար լիարժեք պայմանների ապահովման ծրագիրը եւ այլն:

Ձեռքբերումների թվում էլ նշվում է, որ հիմնանորոգվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող գրադարանային բոլոր շենքերն ու տարածքները, ավարտվել է մշակույթի բոլոր տների հիմնանորոգման ծրագիրը, հիմնանորոգվել են 10 գեղագիտական, ստեղծագործական հաստատություններ և արվեստի դպրոցներ, երաժշտական գործիքներով են ապահովվել 22 երաժշտական դպրոցներ։

ՀՀԿ-ն նաեւ խոստանում է կառուցել «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանն` Աբովյան պուրակի հարակից տարածքում, իրականացնել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և այլ հնավայրերի վերակառուցման ծրագիր, կյանքի կոչել  «Հայկական գյուղ» ծրագիրը` պատմամշակութային, հնագիտական բաղադրիչներով հագեցած զբոսաշրջության կենտրոն գյուղական միջավայրի ներկայացմամբ, կազմակերպել Երևանի 2800-ամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ եւ իրականացնել պատմական Երևանի դիմագիծը ներկայացնող «Երևանյան պողոտա» ծրագիրը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` www.loveyerevan.am կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930