ԿԽՄԿ-ն Արցախում օգնություն է տրամադրում միայնակ ծերերին և ականների պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքներին

ԿԽՄԿ-ն Արցախում օգնություն է տրամադրում միայնակ ծերերին և ականների պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը և նշել, որ այդ օգնությունը հնարավորություն է տալիս նրանց պահպանել նվազագույն կենսապայմանները:

«ԿԽՄԿ-ն 2012 թվականից օգնություն է տրամադրում նաև ականների պայթյունի հետևանքով տուժածներին՝ փորձելով ինչ-որ ձևով թեթևացնել նրանց հոգսերը: Այսօրվա դրությամբ ծրագրից արդեն օգտվել է 200 ավելի ընտանիք: Ականի պայթյունից տուժած մի շարք առավել անապահով ընտանիքներ ստացել են դրամական օգնություն՝ ականի միջադեպերի հետ կապված բժշկական ծախսերը հոգալու համար»,- ասել է Է. Մուսայելյանը:

Նախօրեին Արցախի և Հայաստանի ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են տեսակցելու Մարտունի և Ճարտար քաղաքներում ապրող միայնակ ծերերին և ականների պայթյուններից տուժածներին:

ԱՀ Մարտունի քաղաքի 86-ամյա բնակչուհի Ստելինա Սարգսյանը, ով միայնակ տարեց կին է և օգտվում է ԿԽՄԿ-ի կողմից տրամադրվող օգնությունից մեզ հետ զրույցում ասել է. «Արդեն 2 տարի է ինչ ԿԽՄԿ-ն ամսական 6000 դրամ է տրամադրում, ստանում եմ կենսաթոշակ և 9000 դրամ նպաստ:

Առողջությունս շատ վատ է, չեմ կարողանում ազատ քայլել. հիմնականում պառկած եմ լինում: Հարևաններս օգնում են, խանութից հաց են բերում: Դժվարությամբ, բայց կարողանում եմ իմ կարիքները հոգալ»:

Մարտունի քաղաքի 80-ամյա միայնակ տարեց Սվետլանա Մուսայելյանն էլ ասել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի:

«Մի աչքս ընդհանրապես չի տեսնում: Հարևաններս, բարեկամներս են օգնում: Ես չեմ կարողանում բակ իջնել, խանութ գնալ: Կարմիր խաչը արդեն 3 տարի է, ինչ ամեն ամիս 4900 դրամ գումար է տալիս, իսկ պետությունն էլ, բացի կենսաթոշակից ամեն ամիս 9000 դրամ նպաստ է տրամադրում, որպես միայնակի»,- ասել է Ս. Մուսայելյանը:

Մարտունու շրջանի ճարտար քաղաքի 39-ամյա Սասուն Դանիելյանը, ով ևս ԿԽՄԿ-ի շահառուներից է, պատմել է, որ 2015 թվականին ականի պայթյունի հետևանքով կորցրել է աջ ոտքը:

«Որպես հաշմանդամ ընդամենը 19000 դրամ կենսաթոշակ եմ ստանում: Պրոթեզի խնդիր ունեմ, քանի որ եղածը կոտրվել է և այլևս հնարավոր չէ օգտագործել: Երկու անչափահաս երեխա ունեմ: Գյուղի դպրոցում նաև գիշերային պահակ եմ աշխատում, որպեսզի կարողանամ ընտանիքիս հոգսերը հոգալ. կինս չի աշխատում: Տուն չունենք, վարձով ենք ապրում»,- ավելացրել է Ս. Դանիելյանը և ընդգծել, որ ԿԽՄԿ-ն մի քանի օր առաջ 2 տոննա ցորեն է տվել, առաջիկայում էլ պետք է նաև հավեր տան՝ որպես օգնություն:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք