Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը եւ երեւանցիները ձեռքբերումներ ունեն

Ապրիլ 21,2017 17:55

Հրապարակվել է Երեւանի ավագանու ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը: Մինչ, այսպես ասած, բուն թեմային անցնելը, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը սրտի խոսքն է հղել երեւանցիներին: Այն բաղկացած է երկու էջից: Տարոն Մարգարյանը, մասնավորաբար, կարծում է, որ գրեթե երեքհազարամյա մեր քաղաքն ունի ձեւավորված ավանդույթներ, ազգային դիմագիծ, երեւանցու բնութագիր: Նա նաեւ անժխտելի է համարում նոր, արդիական, ժամանակակից կյանքին եւ աշխարհին համապատասխանելու, համաչափ քայլելու հրամայականը: Եվ, ըստ այդմ, ներկայացնում է Երեւանի`իր ձեւակերպմամբ`«իմ եւ ձեր (ընտրողի-Ն. Գ.) մայր քաղաքի զարգացման տեսլականը», որն ասում է՝ ձեւավորվել է քաղաքային կառավարման ոլորտում իր տարիների փորձից, Երեւանը եւ Երեւանի բնակիչներին փողոց առ փողոց, բակ առ բակ ճանաչելու, մարդկանց հոգսերը կիսելու, սպասելիքներն արդարացնելու փորձառության միջոցով: Տարոն Մարգարյանի տեսլականները պետք է իրականացվեն երեւանցիների հետ`համատեղ ջանքերով: Թե հատկապես ի՞նչ ջանքեր են պահանջվելու երեւանցիներից, չի մանրամասնվում:

Ծրագիրը բաղկացած է 40 էջից, ներառում է քաղաքային տնտեսության բոլոր ոլորտները`տրանսպորտ, կանաչապատում, սանմաքրում եւ այլն:

ՀՀԿ-ի եւ Տարոն Մարգարյանի տեսլականը քաղաքաշինության ոլորտում բաղկացած է 10 կետից: Նրանք խոստանում են`բեռնաթափել Երեւան քաղաքի կենտրոնի երթեւեկությունը շրջանցիկ ճանապարհներով, Երեւանում վերակառուցել տարբեր մակարդակների վրա տրանսպորտային հանգույցները, նոր տրանսպորտային ցանց գծել, ինչը նախկինում էլ էր խոստացվում, նոր բազմաբնակարան շենքեր կառուցել`չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար, նախաձեռնել Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված համալիր կառուցապատման ծրագիր`Տիչինա, Կոնդ, Սարի թող, Ֆիրդուսի թաղամասերում, պարզեցնել քաղաքում ներդրումների խթանմանն ուղղված ընթացակարգերը: Նախատեսում են լուծել վերելակային տնտեսության հիմնահարցը, շարունակել խաղահրապարակների կառուցումը, բակերի, շենքերի տանիքների բարեկարգումն ու վերանորոգումը եւ այլն:

Տարոն Մարգարյանն ու երեւանցիները ձեռքբերումներ էլ ունեն`նրա կառավարման անցած տարիների` 2013-2017 թվականների համար: Ըստ Տարոն Մարգարյանի՝ Երեւանի կենտրոնի երթեւեկությունը կանոնակարգվել է, նոր մայրուղիներ, ավտոճանապարհներ են կառուցվել, վեց բազմաբնակարան շենք է կառուցվել, վերակառուցվել են ճանապարհային խաչմերուկներ, սանմաքրման ու կանաչապատման աշխատանքներ են կատարվել, վերելակային տնտեսությունն է կարգի բերվել, խաղահրապարակներ են կառուցվել եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930