Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական հուսադրող ցուցանիշներ` 2017-ի առաջին եռամսյակում

Ապրիլ 22,2017 12:55

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, քննարկել տնտեսության տարբեր ճյուղերում զարգացման ընթացքին, արձանագրված տնտեսական ցուցանիշներին, ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը և այլ ուղղություններով կատարված ու նախատեսվող աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետին զեկուցվել է, որ  2017 թվականի առաջին եռամսյակում երկրում արձանագրվել են տնտեսական հուսադրող ցուցանիշներ, մասնավորապես, տնտեսական ակտիվության աճը կազմել է 6,6 տոկոս, արդյունաբերական արտադրանքինը՝ 16,1, արտահանմանը՝ 16,5, զբոսաշրջային այցելություններինը՝ 18,2 տոկոս և այլն: Նշվել է, որ ունենք արտահանումն էապես ավելացնելու ներուժ, որը լինելու է տնտեսական աճ ապահովելու հիմնական շարժիչ ուժը:

Արտահանման աճի հիմնական ճյուղերն են՝ խտանյութերի և մետաղների, խմիչքների, ծխախոտի, ադամանդագործության, ոսկեգործության, թեթև արդյունաբերության և դեղագործության ոլորտները: Նպատակն է՝ ՀՀ-ում առաջիկա հինգ տարվա ընթացքում հասնել առևտրային հաշվեկշռի դրական մնացորդի: Գերատեսչության պատասխանատուները 2017 թվականի համար իրատեսական են համարում ապահովել արտահանման 200 մլն դոլարի աճ, իսկ 2018-ին՝ 2017-ի համեմատ, ըստ կանխատեսումների, աճը կկազմի 450 մլն դոլար: Արտահանման լոգիստիկ ծառայությունների մասով ևս ընկերությունները սկսել են ցուցաբերել մեծ ակտիվություն: Դրանց թիվը հասել է 4-ի: Միաժամանակ, ընդգծվել է, որ Հայաստանի համար արտահանման ծավալներն ավելացնելու հիմնական շուկաներն են՝ ԵԱՏՄ երկրները, այնուհետև, ԵՄ պետությունները, ԱՄԷ-ն, Իրանը, Թուրքմենստանը, Չինաստանը և այլն: Մասնավորապես, ակնկալվում է առաջիկա երեք տարիների ընթացքում ԵԱՏՄ շուկա արտահանման ծավալն ավելացնել 400 մլն, ԵՄ շուկա՝ 100 մլն դոլարով:

«Ասում եք մինչև 2022 թվականն արտահանումը պետք է գերազանցի ներմուծմանը, շատ լավ պնդում եք անում: Դրա տակից դուրս գալո՞ւ ենք, ու գիտե՞ք արտահանման համար որ արտադրանքն ենք ավելացնելու, ներմուծումից ինչն ենք պակասեցնելու»,- հետաքրքրվել է վարչապետ Կարապետյանը և ստացել դրական պատասխան:

Նշվել է, որ տարեկան արտահանման աճը պետք է կազմի ոչ պակաս, քան 20 տոկոսը, իսկ 2017-2018 թվականներին ակնկալվում է, որ թվարկված ճյուղերում կստեղծվի 15 հազար նոր աշխատատեղ՝ մեծ մասը թեթև արդյունաբերության ոլորտում:

«Մեր հիմնական նպատակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին բավարարված լինի իր ազատություններով, անվտանգությամբ, պաշտպանվածությամբ, սոցիալական ու կենցաղային վիճակով: Դրա համար պետք է աշխատատեղ ստեղծել, օրենք և այլն: Աշխատատեղերի վրա ամենամեծ ազդեցությունն ունի  արտահանումը, բայց երբ ասում ենք զբաղվածություն, աշխատատեղ, պետք է հասկանանք ողջ ծավալը, դասակարգենք, թե արտահանումն ի՞նչ ազդեցություն է ունենալու, ներմուծման փոխարինումը՝ ինչ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Տեղեկացվել է, որ օրինակ թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումների ու նոր ձեռնարկությունների բացման հետ կապված արդեն իսկ կան հստակ կանխատեսումներ ու համապատասխան ժամկետներ: Ակնկալվում է, որ 2018-ին ոլորտի արտահանումը կգերազանցի 56 մլն դոլարը, այն պարագայում, երբ 2016-ին ակնկալվում էր ընդամենը 12 մլն դոլարի արտահանում: Ընդգծվել է, որ ունենք թեթև արդյունաբերության արագ զարգացման հիմք և հնարավորություն:

Միաժամանակ նշվել է, որ արտահանողների թվի ու արտահանման ծավալների ավելացման պարագայում պարբերաբար բարձրացվում է շրջանառու միջոցների՝ սահմանին վճարվող ԱԱՀ-ի հետ վերադարձի ու արտահանողների համար հատուկ ռեժիմներ կիրառելու հարցը: Արձագանքելով խնդրին՝ վարչապետը նշել է. «Մենք պատրաստ ենք դրան, դրանից չենք խուսափում, և ցանկանում ենք այնպես անել, որպեսզի ՊԵԿ-ի բարեփոխումներով գանք դրան: Վստահ եմ, որ մեզ մոտ կստացվի»:

Այնուհետև ներկայացվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերն ու քայլերը: Նշվել է, որ Համաշխարհային բանկի Doing Business 2017 («Գործարարություն 2017») զեկույցում ընդգրկված 190 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը: Մեր երկիրը լավագույն 3-րդն է ԱՊՀ երկրների շարքում և 2-րդն է տարածաշրջանում: ՀՀ կառավարության ծրագրով 2017-ին նախատեսվում են 43 միջոցառումներ, որոնցից 16-ն ուղղակի ազդեցություն ունեն գնահատվող ցուցանիշների վրա:

Վարչապետը հետաքրքրվել է նաև, թե նախարարությանը  տարբեր հարցերով որքան պոտենցիալ ներդրող է դիմել: Ի պատասխան զեկուցվել է, որ տարեսկզբից մինչ օրս դիմել է 224 պոտենցիալ ներդրող: Հինգ ներդրողից յուրաքանչյուր մեկի գործունեությունը եղել է տրամաբանական ու ստացել շարունակություն:

Կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև ներմուծման փոխարինման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Այժմ տարբեր գերատեսչությունների հետ գնահատվում են հնարավորություններն ու ծավալները:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930