Ընտրակաշառքից անդին

Ընտրակաշառքից անդին

Չնայած, ի տարբերություն ԱԺ նախորդ գրեթե բոլոր ընտրությունների, այս անգամ հետընտրական իրադարձություններ ու զարգացումներ գրեթե չկան, այդուհանդերձ, հետընտրական վերլուծությունների պակաս չկա. ավելին. դրանք առաջիկայում ու երկար ժամանակ շարունակվելու են, որովհետև, չնայած ինչպես միշտ, այս անգամ ևս իշխանության կուսակցությունը բացահայտ հաղթանակ տարավ, այդուհանդերձ, այս վերջին ընտրությունն էականորեն էր տարբերվում նախորդներից: Տարբերության հիմնական պատճառներից մեկն էլ այս ընտրությունների ռեյտինգային տարբերակն էր, որի էությունն ու իմաստն, ըստ էության, անհասկանալի էին ընտրողների մեծամասնությանը, մինչդեռ այս ռեյտինգային տարբերակը միանգամայն հասկանալի ու ձեռնտու էր իշխող կուսակցությանը:

Միամիտներիցս շատերին թվում էր թե՝ այս անծանոթ ռեյտինգային տարբերակը կարող է հենց իշխանական կուսակցության համար վնասակար լինել, քանի որ այս տարբերակն անհաշտ մրցակցության պատճառ էր դարձել նաև ՀՀԿ-ի թեկնածուների միջև, և շատերիս թվում էր թե՝ իրարից ձայներ խլում ու իրար վնասում են, մինչդեռ, չնայած իրոք իրարից ձայներ խլում ու իրար վնասում էին, այդուհանդերձ, իրար վնասելով հանդերձ, երկուստեք ու հնարավորինս նպաստում էին հարազատ՝ մայր կուսակցության բացարձակ հաղթանակին, և երկուստեք նպաստելով՝ երկուստեք էլ մանդատի տեր դարձան:

Ասացինք, որ այս վերջին ընտրությունները դեռ երկար են քննարկվելու ու վերլուծվելու լրագրողների, քաղաքագետների  ու քաղաքական գործիչների կողմից, և հատկապես խորհրդարան չանցած գործիչների կողմից: Արդեն բազմաթիվ ու բազմազան վերլուծություններ ու հրապարակումներ են եղել, և դրանց հեղինակներից մեկն էլ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ընդ որում՝ առաջին նախագահը ոչ թե մեկ, այլ արդեն երկու անգամ է անդրադարձել ԱԺ վերջին ընտրություններին, ընդ որում՝ երկու անգամն էլ բավական ծավալուն, բավական մանրակրկիտ ու բավական ընդգրկուն, և, ինչպես մյուս վերլուծաբանները, շեշտեց, որ այս ընտրություններում ընտրակաշառքը չափազանց մեծ նշանակություն է ունեցել, և իր ծավալուն երկու հոդվածներում էլ առաջին նախագահն այլ անվիճելի ճշմարտություններ էլ ասաց, և վերստին խոսեց խաղաղության ու պատերազմի մասին, նշելով ու շեշտելով, որ իրենք նախընտրական շրջանում խաղաղության անհրաժեշտությունից էին խոսում, որովհետև իրենց քաղաքական սկզբունքները գերադասում էին Ազգային ժողովի մանդատներից:

Շատ հարցերում համաձայնվելով առաջին նախագահի հետ, չենք կարող չնշել ընտրություններում ՀԱԿ-ի պարտության հիմնական պատճառներից մեկը, այն է՝ Ազգային ժողովի նախորդ գումարման ամբողջ ընթացքում ՀԱԿ խմբակցությունն առանձնապես փայլուն չի դրսևորել իրեն. ավելին. պառակտվածության առումով նույնիսկ «Ժառանգություն» խմբակցությանն է գերազանցել, և չնայած Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանն օրինակելի պատգամավորներ են եղել, ՀԱԿ-ի մյուս պատգամավորները (Ստեփան Դեմիրճյանին չհաշված և Բագրատյանն էլ ներառյալ) հնարավորինս օտարված են եղել իրենց իսկ խմբակցությունից, ընդ որում՝ ոչ միայն իրենց մեղքով, և ցանկալի է, որ այս ընտրություններում իրենց կրած պարտության մեջ առաջին նախագահը մի քիչ էլ իրենց մեղքը տեսներ, մինչդեռ ՀԱԿ-ն ու առաջին նախագահն այս ընտրություններում իրենց հաջողությանն այնքան չէին կասկածում, որ Ստեփան Դեմիրճյանին ոչ թե պարզապես իրենց իրենց նախընտրական ցուցակում ընդգրկեցին, այլ ՀԺԿ-ի հետ դաշինք կազմեցին՝ միանգամայն արհեստականորեն իրենց անցողիկ շեմը հինգ տոկոսից հասցնելով յոթի:

Փաստորեն, առաջին նախագահի ու ՀԱԿ-ի կողմից Ստեփան Դեմիրճյանի ու ՀԺԿ-ի հանդեպ արված ժեստը չափազանց թանկ նստեց ոչ միայն ՀԱԿ-ի, այլև ՀԺԿ-ի վրա: Այսպես ենք ասում, չնայած իրենց ոչ թե երեք տոկոս պակասեց, այլ՝ ամբողջ հինգ: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի նախընտրական քարոզչությանը, ապա պետք է կարծիք հայտնենք, որ, այնուամենայնիվ, «խաղաղություն» կարգախոսն ինչ-որ տեղ անսպասելի էր և դեկլարատիվ բնույթ էր կրում: Եթե ՀԱԿ-ն ընտրություններում այդ կարգախոսով էր հանդես գալու, արժեր, որ նախապես ընտրողներին ու հանրությանն ավելի մանրակրկիտ ու ավելի համակողմանիորեն ներկայացներ, 20016-ի ապրիլի քառօրյա պատերազմից հետո Ազգային ժողովում բարձրացներ ու լայն քննարկման առարկա դարձներ նույն այդ խաղաղության հարցը: ՀԱԿ-ի մասին ենք ասում, որովհետև անձամբ մեզ համար ՀԱԿ-ի խորհրդարան չմտնելն առավել անսպասելի էր, քան՝ մյուս պարտվածներինը: Ինչ վերաբերում է մյուսներին, մյուսները ևս իրենց սխալները չեն ընդունում, և պետք է այս առթիվ նշենք, որ Հայաստանի քաղաքական դաշտում ընդհանրապես տեղ չունի և բացակայում է ինքնաքննադատությունը:

Իհարկե, նպատակ չունենք անտեսել ընտրակաշառքի հանգամանքը: Որ նախորդ ընտրությունների համեմատ ընտրակաշառքն ավելի համատարած էր, գրեթե բոլորն են ընդունում: Մեր կարծիքով, ընտրակաշառքի դոզայի ավելացումը նույնպես կապված է ռեյտինգային տարբերակի հետ: Նախկինում էլ մեծամասնական տարբերակով ընտրվողներն ավելի բարեխիղճ ու ավելի շռայլ էին  ընտրակաշառքի հարցում: Փաստորեն, մեծամասնականի էությունն ամբողջությամբ, մի բան էլ ավելի, արտահայտվում է այս ռեյտինգայի տարբերակում, և եթե ընդունենք, որ այս ռեյտինգային կոչվածը գրեթե նույն մեծամասնականն է, պիտի արձանագրենք, որ մեծամասնական տարբերակով ստացված մանդատների քանակությունն առանձնապես չի պակասել, մինչդեռ իշխանամետ քաղաքագետները, դաշնակցականներն էլ ներառյալ, ավետում էին, որ նոր սահմանադրությունից ու պառլամենտական հանրապետություն դառնալուց հետո լինելու են հարյուր տոկոսանոց համամասնական ԱԺ ընտրություններ: Արդյուքում՝ ճիշտ հակառակը տեղի ունեցավ: Ամեն ինչ եղավ ռեյտինգայինի օգտին՝ ի վնաս համամասնականի:

Ընտրություններից առաջ խոսվում էր, որ հնարավոր է՝ որոշ ռեյտինգային թեկնածուներ շատ ձայներ հավաքեն, բայց պատգամավոր չդառնան: Փաստորեն, այդպիսի բան տեղի չունեցավ: Ընդհակառակը. մի շարք տեղամասերում միևնույն կուսակցությունից ու դաշինքից մեկի փոխարեն՝ շատ ձայն հավաքած մեկից ավելի ռեյտինգայիններ  պատգամավոր դարձան: Հատկապես ՀՀԿ-ի դեպքում էին այդպիսիք բազմաթիվ:

Մեր համեստ կարծիքով՝ այս ընտրական օրենսգիրքն, այնուամենայնիվ, վերանայման կարիք ունի: Մի շարք առումներով: Կարծում ենք՝ ոչ ոք անսխալական չէ, և ոչինչ վերջնական չէ:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

22.04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք