Լրահոս
Օրվա լրահոսը

Նազիկ Ավդալյան. «Ինչքան տարիներն անցնում էին, այդքան դժվար էր դառնում սպորտ վերադառնալս»

Ապրիլ 23,2017 21:08

Վերջերս մի քանի անգամ պատահմամբ հանդիպեցի Նազիկ Ավդալյանին: Այն, ինչ պատկերացնում էի, իրական Նազիկից բավական տարբեր էր: Կանացի, համեստ ու սովորական… նաև՝ բարձրակրունկներով:

Ծանրամարտից առաջ Նազիկը 4 տարեկանից զբաղվել է ակրոբատիկայով: Առաջին անգամ ծանրամարտի մարզման գնացել է ակրոբատ ընկերուհու հետ՝ 2003 թ-ին: Մի քիչ հիասթափված, ծանրամարտն իրենը չհամարելով՝ մի քանի ամսից դադարեցրել է մարզումները, որոնք պետք է դառնային 4 աշխարհի, 4 Եվրոպայի, 1 ուսանողական աշխարհի առաջնությունների մասնակցության և հաղթանակների սկիզբը: «Ես երկու անգամ մտա ծանրամարտ. մեկը 2003-ին էր, մյուսը՝ 2015-ին՝ վթարից և վնասվածքներից վերականգնվելուց հետո»:

Ասում է՝ երկու անգամն էլ դժվար էր. սկզբում բոլորը քննադատում էին, մեկը չկար, որ կողմ լիներ: Նույնիսկ դասախոսները գնահատականներ չէին նշանակում, ասում էին՝ թող ծանրամարտը, նոր կնշանակենք:

Երկրորդ դժվարությունն ավելի մեծ էր: 2011թ-ի ապրիլի վթարից հետո մոտ 5 տարի սպորտից հեռու էր, անսովոր ու անընդհատ կարոտած: Որքան էլ չխոսեր, չարտահայտվեր, միևնույնն է, վստահ էր՝ սպորտը չի թողնելու:

Դադարը սակայն միայն հուսահատությունից ու կարոտից չէր կազմված. Այդ ընթացքում Նազիկը հասցրել էր ամուսնանալ և բալիկ ունենալ:

«Երեխաս ծնվեց նոյեմբերի 27–ին, 2009 թ-ին նույն այդ օրը դարձել էի աշխարհի չեմպիոն: Երբ լրացավ բալիկիս 40 օրականը՝ հաջորդ օրվանից սկսեցի մարզումներս: Իրականում, ծանրորդ լինելը ավելի հեշտ է, քան տնային տնտեսուհի»,- ասում է Նազիկը:

Մինչ վթարը, ընթացիկ մարզումների ժամանակ ունեցած ցավերի դեպքում դադարեցնում էր վարժանքները: Այս անգամ ուրիշ էր, ժամանակ չկար.

«Եղել են դեպքեր, որ ցավից լացելով եմ անցկացրել մարզումներս, բայց չեմ դադարեցրել: Տանջանքներս անիմաստ չանցան. 2015 թ –ի նոյեմբերին աշխարհի խաղերի ժամանակ զբաղեցրի 13-րդ տեղը: Արդյունքներիցս գոհ չէի, հուզմունքն ու էմոցիաներս շատ խանգարեցին, այդքան տարի հետո նորից մասնակցում էի աշխարհի խաղերին: Ամեն ինչ այլ էր 2016 թ-ին՝ Եվրոպայի մեծահասակների առաջնության ժամանակ, որտեղ զբաղեցրի առաջին տեղը: Ծանրաձողը գլխավերևումս էր, արդեն հասկացել էի, որ հաղթել եմ, բայց չէի իջեցնում: Չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացողություններ ունեի այդ պահին: Մարզումներս, անցածս ուղին, կրածս դժվարությունները աչքիս առաջ էին»,- պատմում է Նազիկը:

Այսօր Նազիկը մրցումների չի մասնակցում: Առաջնահերթություններն են փոխվել: Հիմա իր գլխավոր հաղթանակը տանը սպասում է իրեն՝ մեդալներով ու առանց դրանց. «Մի անգամ տղաս մեդալներս վզին ուրախանում էր, ես էլ առիթից օգտվելով՝ փորձեցի արդարացնել երկար բացակայությունս, ասացի՝ գիտե՞ս բալես, մաման էս մեդալների, չեմպիոն լինելու համար էր գնացել: Ասաց՝ մա՛մ, ես չեմ ուզե՝ մեդալներ բերես, կուզեմ,որ դու էլ զբոռների չգնաս: Երեխայից օրերով հեռու լինելը շատ դժվար է: Բացի այդ՝ այս պահին ուսի վնասվածք ունեմ, դա էլ պատճառներից մեկն է, որ չեմ զբաղվում սպորտով»,- ասում է Նազիկ Ավդալյանը:

Անժելա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930