Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության Շերլոք Հոլմսը. New York Times-ը Թաներ Աքչամի բացահայտման մասին

Ապրիլ 23,2017 22:03

Ավելի քան մեկ դար շարունակ Թուրքիան հերքում է իր դերակատարությունը 1915թ.՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի սպանություններ կազմակերպելու մեջ, որոնք պատմաբանները որակում են որպես ցեղասպանություն, գրում է ամերիկյան հեղինակավոր The New York Times թերթը։ Թուրքական կողմն իր հերքումը պատճառաբանում է նրանով, որ հետպատերազմյան ռազմական դատարանների փաստաթղթերի բնօրինակները, որոնք կապացուցեն այդ ոճրագործությունը, չկան։

Այժմ Կլարկ համալսարանի թուրք պատմաբան Թաներ Աքչամը, որը տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է ցեղասպանությունը՝ համադրելով պետության մասնակցությունն ապացուցող փաստաթղթերը, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արխիվում հայտնաբերել է մի հեռագրի բնօրինակ, որն ապացուցում է Հայոց ցեղասպանությանը պետական մասնակցությունը:

«Մինչև վերջերս, ծխացող փամփուշտը բացակայում էր,- ասել է Աքչամը:- Հենց սա էլ ծխացող փամփուշտն է»: Իր հայտնաբերած փաստաթուղթը պատմաբանն անվանում է «երկրաշարժ այս ոլորտում» և հույս հայտնում, որ այն կարող է հեռացնել «մերժման պատի վերջին աղյուսը»:

Խոսքն այն փաստաթղթի մասին է, որտեղ Օսմանյան կայսրության մի բարձրաստիճան պաշտոնյա Էրզրումից գաղտնագրված հեռագիր է ուղարկում իր գործընկերներին՝ խնդրելով մանրամասներ հայտնել Անատոլիայի արևելքում հայերի տեղահանումների և սպանությունների վերաբերյալ:

Ավելի ուշ այդ հեռագրի գաղտնազերծված օրինակն օգնել է մեղավոր ճանաչել Բեհաէդդին Շաքիրին Ցեղասպանության կազմակերպման մեջ:

Ավելի ուշ այդ և մի շարք այլ փաստաթղթերի բնօրինակներ անհետացել են դատարանների արխիվներից, ինչի հետևանքով գիտնականները սկսել էին հենվել հիմնականում Օսմանյան պաշտոնական թերթի հրապարակումների վրա:

Թաներ Աքչամը նշել է, որ ինքը քիչ հույսեր ունի առ այն, որ իր հայտնաբերած փաստաթուղթն անմիջապես փոփոխություն կմտցնի Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ հատկապես այսօր, երբ Ռեջեբ Թայիփ Էրդողանը գնալով տուրք է տալիս ազգայնականությանը:

«Որպես թուրք՝ ես հաստատապես հավատում եմ, որ Թուրքիայում ժողովրդավարություն և մարդու իրավունքներ կհաստատվեն միայն այն դեպքում, երբ առերեսվենք պատմությանը և ճանաչենք պատմական հանցանքները»,- ասել է նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Պատրիարքարանը հարյուր տարի կոմայի մե՞ջ էր, որ թուրքը պիտի այդ փաստաթուղթը գտներ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930