Լրահոս
Օրվա լրահոսը

Տիկին Գոհարը հիշում է, թե ինչպես էր միշտ պապը տատին հիշեցնում. «Շուշան, կհիշի՞ս, բալնիքը դո՞ր դրինք»

Ապրիլ 24,2017 16:26

Վանաձորցի Գոհար Սիրունյանը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ի առավոտը սկսում է Նահատակաց պուրակից: Այստեղ տեղադրված Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհում ու հարգանքի տուրք մատուցում:

Տիկին Գոհարի պապն ու տատը եղել են գաղթականներ: Նրանք գաղթել են Վանից, մեծ չարչարանքներով հասել Արեւելյան Հայաստան:

«Այդ ժամանակ հորաքույրս եղել է 8 ամսական եւ գաղթի ժամանակ անընդհատ լաց է եղել: Գաղթականների շարասյունն ասել է, որ էդ էրեխու ձայնը կտրեք, որովհետեւ թուրքերը կտեսնեն եւ բոլորիս կոչնչացնեն: Պապս բարուրը տատիս ձեռքից վերցնում է ու դնում մի թփի տակ: Եվ ճանապարհը շարունակում են: Տատս անընդհատ ուշագնաց է լինում եւ չի կարողանում առանց երեխայի, եւ ստիպված հետ են դառնում եւ երեխային վերցնում»:

Անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով, ընտանիքը գալիս հասնում է Վանաձոր, բնակություն հաստատում Խնձորուտ թաղամասում: Թեեւ Վանաձորում հիմնավորվում են, տուն-տեղ ստեղծում, սակայն միշտ ապրում են վերադարձի հույսը սրտներում:

Տիկին Գոհարը լինելով ընտանիքի առաջին թոռը, հիշում է, թե ինչպես էին գաղթականներով հավաքվում իրենց տանը եւ տարբեր պատմություններ պատմում:

«Այն ժամանակ իրավունք չկար Անդրանիկից խոսելու, գաղթից խոսելու: Ձմռան երկար գիշերները հավաքվում էին մեր տանը, պատուհանները ծածկոցներով փակում, որ հանկարծ հարեւանները չտեսնեն կամ չլսեն, եւ լաց լինելով երկար-երկար պատմում էին իրենց տառապանքներն ու իրենց թողածը»:

Այդ լացն ու տառապանքը մանուկ հասակում չհասկացած տիկին Գոհարը, տարիներ անց իր հոգուն ավելի հարազատ է զգում. «Երբ հավաքույթներ էր լինում, որտեղ հավաքվում էին փախստականներն, ինձ ասում էին, որ ֆիդայական երգեր երգեմ, որովհետեւ իրենք չէին կարող: Ես էլ խրոխտ ձայնով երգում էի, նրանք սկսում էին հեկեկալով լաց լինել: Ես զարմանում էի, թե ինչու են ինձ խնդրում երգել եւ բոլոր մեծ մարդիկ լաց էին լինում: Միայն շատ հետո ես հասկացա այդ լացի պատճառները»:

Տիկին Գոհարը հիշում է, թե ինչպես էր միշտ պապը տատին հիշեցնում. «Պապս տատիս միշտ հարցնում էր. «Շուշան, կհիշի՞ս, բալնիքը դո՞ր դրինք: Բալնիքը դրինք գոմի մեծ սալի տակ»: Եվ տա Աստված, որ մենք այդ բանալին ձեռքներիս մտնենք մեր պապերի օրրանը»:

Գաղթական պապից պատգամ ստացած տիկին Գոհարն այսօր իրականացրել է նրան տված խոստումը. «Պապս ինձ միշտ ասում էր. «Ձագս, շուտ ջոջցի, օր մեր պատմությունն ըսեմ, չկորի»: Մեծացա եւ այդ բոլոր պատմությունները տեղ գտան «Իմ պապերի արցունքները» պատմվածքում: Իսկ հիմա, ես հույս ունեմ, որ նիրհող աշխարհն արթնանա եւ կատարվի բոլորիս երազանքը: Եվ մենք մտնենք մեր էրգիր ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ որպես տան տեր»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930