Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է պատմում աղմուկ հանած «Խոստում» ֆիլմը

Ապրիլ 24,2017 21:55

Հայոց ցեղասպանության մասին պատմող Քըրք Քըրքորյանի Survival Pictures ընկերության եւ օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստում» ֆիլմը Հայաստան է հասել: Այն ոչնչով աչքի չընկնող շարքային հոլիվուդյան ֆիլմ է, հաջողված դերասանական խաղով, մասնավորապես խոսքը վերաբերում է գլխավոր դերակատարներին:

Այս պարագայում, սակայն, էականը ոչ թե ֆիլմի որակն է ու բարձրարվեստ լինելը, այլ նրա շուրջ աղմուկը, որի համատեքստում շրջանառվում եւ դեռ շրջանառվելու է ցեղասպանություն եզրույթը` հոլիվուդյան աստղերի շուրթերից, համաշխարհային մամուլում, կուլիսներում…

«Խոստումը» սովորական սյուժեով ֆիլմ է, սցենարի հեղինակներն էլ Թերի Ջորջն ու Ռոբին Սվիքորդն են` հայկական իրականության հետ կապ չունեցող մարդիկ: Իրադարձությունները ծավալվում են Օսմանյան կայսրության վերջին օրերին: Զարմանալի է, բայց Կոստանդնուպոլիսն այնպես է ներկայացված, որ ասես Փարիզ լինի, առաջադեմ, գեղեցիկ մարդկանցով, բոհեմական երեկույթներով, ազատամիտ կանանցով ու դոնժուանական նկրտումներով տղամարդկանցով: Ու հարց է ծագում` եթե այդպես էր, ինչպես կարող է նման զարգացած ու առաջադեմ երկրում ուրիշին բնաջնջելու հիվանդ գաղափար ծնվել:

«Խոստումի» նկարահանումներն սկսվել են 2015 թվականի աշնանը` Պորտուգալիայում և Կանարյան կղզիներում, վերանկարահանումները տեղի են ունեցել Նյու Յորքում նույն թվականի մայիսին, ապա ավարտվել 2016 թվականի հունիսին: Հայկական միջավայրի շունչը, թերեւս, նվազ է, չնայած մեկ-երկու դրվագում, օրինակ, Կոմիտաս վարդապետն է երեւում եւ նրա Պատարագից հատված է հնչում «Հովեր» կամերային երգչախմբի սեպտետի կատարմամբ:

Ֆիլմում պատմությունը կառուցված է սիրային եռանկյունու վրա` Կոստանդնուպոլսի բժշկական ակադեմիա սովորելու մեկնած Միքայելի (Օսկար Այզեք), Փարիզում սովորած նկարչուհի Աննայի (Շառլոտ լը Բոն) եւ ամերիկացի ֆոտոլրագրող Քրիս Մայերսի (Քրիստիան Բեյլ):

Միքայելը ամուսնացել է Մարալի հետ, որպեսզի նրան իբրեւ օժիտ տրված 400 ոսկով հնարավորություն ունենա բժշկական կրթություն ստանալ ակադեմիայում, բայց Աննային է սիրում: Կոստանդնուպոլսում նա հանդիպում է բարի թուրքի, որը նրան մի քանի անգամ աջակցում է` սկսած պատերազմի ժամանակ թուրքական բանակի զորակոչից ազատվելուց մինչեւ ավելի բարդ իրավիճակներ, ինչի համար էլ ի վերջո գնդակահարվում է: «Խոստումի» բարի ու անձնազոհ թուրքի կերպարը հիշեցնում է «հայ-թուրքական հաշտեցման նկատառումներով» Տավիանի եղբայրների նկարահանած «Արտույտների ագարակը» ֆիլմից հայտնի թուրք հերոսին:

Պարզունակ հակադրություններ կան` Միքայելը ավելի խելացի ու գեղեցիկ է, քան իր թուրք համակուրսեցին: Հայ ուսանողն, օրինակ, վիրաբուժության պրակտիկ դասի ժամանակ հեշտության կարողանում է գտնել մահացածի փայծաղը, իսկ թուրքը վախից ուշաթափվում է հենց դիակի վրա եւ հայտնվում ծիծաղելի իրավիճակում:

Միքայելը մի քիչ էգոիստ է ստացվել` սիրում է Աննային, սակայն փրկվելու համար ամուսնանում է Մարալի հետ:

Պարզ մարդկային ապրումներ ներկայացնող կտորները հետաքրքիր են մատուցված: Պատերազմի ֆոնին ներկայացվող սերը «բեռնաթափում» է թեմայի «ծանրությունը»:

Գուցե ոմանց կարծիքով, «Խոստումը» հայկական չափանիշներով Ցեղասպանության մասին ոչ այնքան հաջող ֆիլմ է, բայց արյունն ու ավերը հայավարի մատուցելը հաստատ օտարերկրացիների համար անընկալելի ու անհետաքրքիր կլիներ:

Հոլիվուդում նկարահանված ֆիլմում մի քանի ուղերձ կա` ամերիկացիները, բնականաբար, արդարամիտ են, մարդասեր, խաղաղասեր, իսկ «Ասոշիեյթեդ պրեսի» թղթակից Քրիս Մայերսը պատրաստ է անգամ կյանքը զոհաբերել հայերին փրկելու համար, թեեւ սիրած կինը` Աննան ամեն քայլափոխի ի ցույց է դնում իր սերը այլ տղամարդու հանդեպ: Քրիսն ասես ցեղասպանության ականատես լուսանկարիչ Արմին Վեգների երկվորյակ եղբայրը լինի, փաստագրում է հայերի հանդեպ կատարված ամեն վայրագություն ու այդ մասին իրազեկում ամբողջ աշխարհին`չընկրկելով վտանգների առաջ: Ֆիլմում Մուսա լեռան ինքնապաշտպանությունից էլ դրվագներ կան` ի վերջո հայերի արյունաքամ բեկորները փրկվում են ֆրանսիական նավերով:

Ամենակարեւորը հետեւյալ ուղերձն է` ով գլուխ է խոնարհում բռնության առաջ, չի պաշտպանում իր պատիվն ու ինքնությունը, մորթվում է, իսկ ով զենք է վերցնում, փրկվում է: Փրկվածների մեջ են Միքայելն ու զարմուհին` Եվան: Երկուսն էլ հայտնվում են ԱՄՆ-ում: Եվ վրեժ են լուծում ապրելով` ինչպես պատգամել էր Աննան:

Ամեն դեպքում, «Խոստում» ֆիլմի ծնունդը իրադարձություն է, եւ հայկական հարցի մասին բարձրաձայնելու լավագույն եղանակը, որովհետեւ ավելի մեծ քարոզչություն ու քաղաքականություն, քան կինոն է, դժվար է պատկերացնել:

Ի միջիայլոց, տարբեր հարցազրույցներում «Խոստումի» աշխարհահռչակ ռեժիսոր Թերրի Ջորջը խոստովանել է, որ համաշխարհային կինոյում նախապատվությունը քիչ է տրվում նման թեմաներին, որովհետեւ կան ավելի շահութաբեր նախագծեր: Ու բնական է, որ ֆիլմը չէր լինի, եթե Քըրք Քըրքորյանի երազանքը, միջոցներն ու կապերը չլինեին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930