Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Էլ չենք լացելու

Ապրիլ 25,2017 10:22

Անցած ապրիլի 24-ի հետ կապված` ես Հայաստանում նկատում եմ դրական փոփոխություններ: Թե պաշտոնական քարոզչության մեջ, թե Եղեռնի հուշարձանի մոտ խոսող մեր քաղաքացիների մեջ եւ թե ընդհանրապես հասարակության մեջ էապես պակասել են լալկան, խղճահարություն առաջացնող հնչերանգները: Քչացել են հեռուստատեսությամբ ցուցադրվող գանգերը, դիակները, վայրագությունների նկարագրությունները: Օրվա «պաշտոնական» եզրափակումը՝ Համահայկական նվագախմբի համերգով, եւ այդ համերգի ավարտը Տիգրան Մանսուրյանի «Հաղթանակի պոեմով», ինձ թվում է, նույնպես շատ տրամաբանական էր:

Պահանջատեր լինելը շատ լավ է: Եթե դու իսկապես պահանջատեր ես, ոչ թե «խնդրանքատեր» կամ «աղաչանքատեր»: Որովհետեւ՝ եթե դու խնդրողի դերում ես, ապա անպայման պետք է հանդես գաս նաեւ խեղճի, ծեծվածի դերում, որին անցյալում ամեն ինչից զրկել են, եւ հիմա, որպես բացառություն, դու արդարություն ես պաղատում, որ քեզ քո կորցրածի մի փոքրիկ կռճոնը տան: 1965 թվականին մարդիկ դուրս էին եկել փողոց եւ վանկարկում էին՝ «հո-ղեր»: Ո՞վ պետք է մեզ տար մեր հողերը: Բնականաբար, Մոսկվան: Ենթադրենք, «տվեց». վերցրեց Թուրքիայից Արեւմտյան Հայաստանը եւ «տվեց» մեզ: Ո՞ւմը կլինեն այդ հողերը: Բնականաբար, Մոսկվայինը, ոչ՝ մերը: Ո՞րն է ապա ներկայիս վիճակի հետ տարբերությունը:

1988 թվականին սկզբնական շրջանում ումի՞ց էինք ուզում Արցախը: Բնականաբար, «Լենին-պարտիա-Գորբաչովից»: Դարձյալ ենթադրենք՝ Գորբաչովը դուրս բերեց Արցախը Խորհրդային Ադրբեջանի կազմից եւ միացրեց Խորհրդային Հայաստանին: Բայց այդ հողը նույնպես մերը չէր լինի… Եվ ահա մի պահ մեր գլխում ինչ-որ բան «չխկաց». ախր, մեզ ոչ ոք ոչինչ չի տա, եթե մենք ինքներս չվերցնենք: Եվ դա վերաբերում է ոչ միայն հողերին:

Հայաստանում մենք դա սկսել ենք հասկանալ, եւ այս տարվա ապրիլի 24-ը, կրկնեմ, դրա ապացույցն է: Հավանաբար, պիտի դրանում համոզենք նաեւ Սփյուռքում ապրող մեր եղբայրներին: Մենք չենք կարող ասել նրանց՝ մի՛ պայքարեք Ցեղասպանության ճանաչման, դրա հետեւանքների վերացման համար, որովհետեւ այդ մարդկանց պապերն օտար ափերում են հայտնվել հենց Ցեղասպանության պատճառով: Բայց, հարազատներս, այս կամ այն քաղաքի, նահանգի կամ նույնիսկ երկրի կողմից Ցեղասպանության ճանաչումն իր նշանակությամբ պակաս կարեւոր է, քան որեւէ ազդեցիկ անձի (էլ չեմ ասում՝ քաղաքի, նահանգի եւ այլն) կողմից Արցախին քաղաքական աջակցություն ցույց տալը: Դրա համար գուցե արժե այն հսկայական քաղաքական, կազմակերպչական եւ նյութական ներուժը, որն օգտագործվում է հույզերի եւ «բարոյական հաղթանակների» վրա, գոնե կիսով չափ ուղղվի իրականում գոյություն ունեցող Արցախի անվտանգությանն ու ճանաչմանը՝ այդ բառի ամենալայն իմաստով: Ավելի կարեւոր Հայ Դատ այսօր գոյություն չունի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Երբ մարդն ու ժողովուրդը հաղթեն իրենց ներսի թշնամիներին՝ իրենց ներսից թուլացնողներին ու քայքայողներին ու հաղթողներին, նրանց դրսից անհնար է թուլացնել ու հաղթել: Մեզ Հայ դատ է պետք առաջին հերթին ներքին թշնամիներին դատելու ու վնասազերծելու համար, իսկ Հայ դատի համար Հայ օրենքներ են պետք, իսկ Հայ օրենքները պաշտպանելու համար Հայ մարդիկ են պետք:
    Մնում է ձեւակերպել՝ ո՞վ է Հայ մարդը:

  2. Հ.Շ. says:

    Շատ ճիշդ է Խմբագրի վերլուծումն ու պատգամը:

    Տեսականօրէն, գաղափարականօրէն, Արցախի հարցը մաս կը կազմէ Հայ Դատին: Սակայն նա պէտք է որ դառնայ, գործնական գետնի վրայ, աշխատանքային առաջնահերթութիւն: Նամանաւանդ որ Ցեղասպանութեան ճանաչման հանգրուանը կարելի է համարել – յաջողութեամբ – աւարտած, իսկ արդէն Արցախը այդ ճանաչման յաջորդող պահանջատիրական հանգրուանին մաս կը կազմէ:

    Ցեղասպանութեան նիւթը կը շարունակէ ունենալ իր կարեւորութիւնը, հիմնականօրէն ներքին մակարդակի վրայ, դաստիարակելու համար նոր սերունդները, որպէս հայապահպանման միջոց՝ Սփիւռքում, եւ ազգային ինքնութեան ամրապնդման ազդակ՝ Հայաստանում – եւ նաեւ Արցախում. այո, տարօրինակօրէն, այդտեղ ալ անոր կարիքը կայ, որպէսզի այդտեղի մեր ազգակիցներն ալ բոլորը խորապէս գիտակցին թէ, իրենց անմիջական տունէն, տեղէն, սեփականութենէն անդին, ճիշդ ինչի համար են կռվում, տառապում, պայքարում, համայն Հայութեան մասնակցութեամբ – :

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930