Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-ում մարդկանց հանցագործներ եք անվանում, չի՛ կարելի». Գագիկ Հարությունյանը՝ Զուրաբյանին

Ապրիլ 25,2017 12:23

Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը շարունակվում է: Լեւոն Զուրաբյանն իր ելույթում անդրադարձավ քվեարկության գաղտնիության, իր խոսքերով՝ համատարած խախտումներին: Նա ասաց, որ անցած ընտրությունների գլխավոր հատկանիշը այդ խախտումն է: Ըստ նրա, 1500 տեսախցիկների նկարահանած ապացույցներն ավելի քան խոսուն են: Դրանք կազմվել են այն 120 տեղամասերի տեսանյութերի վերլուծության արդյունքում, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հասցրել է մասնակիորեն ուսումնասիրել: Նա ասաց, որ յուրաքանչյուր տեղամասին մինչեւ 10 րոպե ժամանակ են հասցրել տրամադրել. «Իրականում ինչքան նայում ես, այնքան հայտնաբերում ես գաղտնիության խախտումները»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք միջնորդում են ՍԴ-ին ստեղծելու հատուկ հանձնախումբ, որը 3 օրվա ընթացքում կուսումնասիրի բոլոր 1500 տեսանյութերը եւ ՍԴ կներկայացնի տեղեկանք՝ արձանագրված խախտումների մասին. «Մենք այդ գործն արել ենք մեր ուժերի ներածին չափով: Այդ նյութը հարստություն է, որը գտնվում է հիմա մեր տրամադրության տակ: Կարծում եմ, ոչ մի բան չի խանգարում ՍԴ-ին, օգտագործելով իր իրավասությունները, ստեղծել հատուկ խմբեր, որ կուսումնասիրեն այդ նյութերը: Դրանից ավելի լավ ապացույցներ չեք գտնի»:

Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ ընտրողների թվին նաեւ, որոնք ժողովրդագրական տվյալների հետ անհամատեղելի են: 1989-ից մինչեւ 2017-ին բոլոր կարեւորագույն ժողովրդագրական ցուցանիշները ՀՀ-ում անկում են ապրել: Մինչդեռ կա մի ցուցանիշ, որն այս ընթացքում միայն աճել է: Դա ընտրողների մասնակցության պաշտոնական թիվն է:ՀՀ-ում մշտապես առկա բնակչությունը, մարդահամարի տվյալների համաձայն, նվազում է: 2008-ից մինչեւ 2012-ը ՀՀ-ից, պաշտոնական տվյալներով, արտագաղթել է 150 հազար մարդ: 2012-ից մինչեւ 2017-ը արտագաղթել է 235 հազար մարդ՝ պաշտոնական տվյալներով: Իսկ ընտրողների թվի առումով ունենք անհասկանալի դինամիկա:

Ըստ Զուրաբյանի, 2012-ին ֆանտաստիկայի ժանրից թվեր են ներկայացրել ընտրողների վերաբերյալ, թե մասնակցել է ընտրողների 87 տոկոսը: Հյուսիսային Կորեայում 2014-ի ընտրություններին եղել է 100 տոկոս մասնակցություն, Թուրքմենստանում՝ 97 տոկոս, Իրաքում՝ 95 տոկոս էր 2000-ին, հիմա 60 տոկոս է: Բռնապետական կամ ամբողջատիրական երկրին բնորոշ հատկություն է սա: ՀՀ-ում ներկայացնում են, թե 96 տոկոս է կազմել մասնակցությունը: 2017-ին ռեկորդ են խփել, թե ընտրություններին մասնակցել է 1 մլն 576 հազար մարդ:

Զուրաբյանն ասաց, որ 2017-ի ԱԺ ընտրություններին մարդկանց գրկած բերել են քվեարկելու, մարդիկ տեղաշարժվել էլ չէին կարողանում: Ըստ նրա, գործել է ուրիշի փոխարեն քվեարկելու մեխանիզմը. «Ստորագրված ցուցակների ստուգումը բավականին աշխատատար գործ է, մենք ուսումնասիրում ենք այդ գործը, աշխատանքը տարողունակ է, բայց մենք խոստանում ենք մոտ ապագայում հանրությանը հայտնել այդ ուսումնասիրությունների արդյունքները: Այս պահին ասենք, որ մասնակցության թիվը չի տեղավորվումը որեւէ տրամաբանական, ժողովրդագրական տվյալների մեջ»:

Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ ԿԸՀ-ի 7 անդամներին, ասաց, որ նրանք չեն փոխվում, հանցագործություն են պարտակում եւ այլն: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը միջամտեց եւ դիտողություն արեց Զուրաբյանին. «ՍԴ-ում մարդկանց հանցագործներ եք անվանում, չի՛ կարելի, կա մարդու անմեղության կանխավարկած»:

«Ճշմարտությունն եմ ներկայացնում»,- արձագանքեց Զուրաբյանը: Գագիկ Հարությունյանն ասաց, որ դա ձեր ճշմարտությունն է:

Լեւոն Զուրաբյանը խոստացավ գրավոր ապացույցներ ներկայացնել դատարանին:

Իր ելույթը վերջում Լեւոն Զուրաբյանն այսպես ամփոփեց. «Մենք այն քաղաքական ուժն ենք, որ գտնում ենք, որ անթույլատրելի է զինված ապստամբություն, տեռորիզմ, մի բան, որն արգելում է սահմանադրական եւ պետական կառույցները: Մենք շարունակում ենք մնալ այդ տեսակետին, բայց եթե այս համակարգային խախտումները,մ աղճատված ընտրակարգը շարունակի իր կյանքը ՀՀ-ում, վստահ եղեք, որ ոչ մեկի հորդորները չեն կարողանա կանգնեցնել ժողովրդին նման ակտերից, եթե նրանք չեն տեսնում ընտրություններով իշխանություն փոխելու որեւէ տարբերակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930