Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշվետվություն առաջին հերթին ինքս ինձ»

Ապրիլ 26,2017 13:30

Գեղանկարիչ Գայանե Խաչատրյանը
պատրաստվում է հոբելյանական ցուցադրության

Վերջերս թերթելով արվեստաբան, շուրջ 20 մասնագիտական գրքի հեղինակ Արմեն Սաթյանի «Մեր ժամանակի գեղանկարիչները» պատկերագիրքը, հանդիպեցինք նաեւ Գայանե Խաչատրյանի (լուսանկարում) կտավներին: Հիշեցինք Երեւանում 2011թ. արվեստագետի անհատական ցուցահանդեսի առիթով արվեստագիտության թեկնածու Թամար Հովհաննիսյանի խոսքը «Առավոտին». «Բնանկարի, դիմանկարի եւ կոմպոզիցիայի ժանրում ստեղծագործողի գեղանկարչությունը նաեւ պոեզիա է եւ երաժշտություն: Նրա արվեստը, որն արտահայտված է գույնի ու գծի ինքնօրինակ ոճով, ինքնատիպ գեղեցիկ եւ ոգեղեն համադրություն է բնաշխարհի ու մարդկային հոգու նրբին տեսողության…»:
Գայանե Խաչատրյանի ստեղծագործությունների մասին խոսելիս նրա գործընկերներից ու արվեստի երկրպագուներից շատերը կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ եթե գեղանկարիչը գոնե վերջին տարիներին հանդես չգար անհատական կամ խմբակային ցուցահանդեսներով, նրա անունը, միեւնույն է, կշրջանառվեր: Նկատի ունեն նկարչի մասնակցությամբ ֆիլմերն ու տեսահոլովակները:


Տարին հոբելյանական է արվեստագետի համար: Նրա աշխատանքներից շատերը գտնվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի մասնավոր հավաքածուներում, իսկ ի սկզբանե գեղանկարիչը հիմնականում ներկայացնում է շարքեր, հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է բաժանվում նկարաշարի որեւէ կտավից, հետո էլ՝ հոբելյանի առիթով չի՞ պատրաստվում որոշ աշխատանքներ ժամանակավոր վերցնել հավաքածուներից:

«Թեմաներս չեն տեղավորվում մեկ կտավի սահմանում: Որեւէ նկարաշարից չունեմ գոնե մեկ գործ, որ գտնվի այս կամ այն հավաքածուում: Հոբելյանական ցուցահանդեսիս, որը ծրագրել եմ անցկացնել աշնանը, կներկայանամ նոր աշխատանքներով եւ դա կլինի յուրատեսակ հաշվետվություն, առաջին հերթին՝ ինքս ինձ: Սկսվել են նաեւ ալբոմիս հրատարակման աշխատանքները»,- հայտնեց տիկին Խաչատրյանը:


Հյուրընկալվելով գեղանկարչի արվեստանոցում, տպավորվեցինք վերջին տարիներին նրա ստեղծած գործերով, օրինակ՝ 7 կտավից բաղկացած «Դրախտի պտուղը» շարքը, որի թեման մեր երկրի խորհրդանիշներից ծիրանն է: Այս շարքում աչքի է զարնում «Ջրհեղեղից հետո» մեծածավալ կտավը, որն ըստ էության խորիմաստ մի պատում է, հեղինակի ձեւակերպմամբ՝ յուրօրինակ ուղերձ-պատմություն աշխարհասփյուռ հայությանը:
Անտարբեր չես անցնի նաեւ ստեղծագործողի կոմպոզիցիաների կողքով, որոնք ըստ արվեստաբան Թամար Հովհաննիսյանի՝ խոհափիլիսոփայական հորինվածքներ են: Ժամանակին մասնագետը մեզ հետ զրույցում առանձնացրել էր «Գարուն կգա», «Դարերի միջով», «Դեպի տուն» եւ այլ գործերը: Իսկ արվեստաբան Արմեն Սաթյանին գրավել է գեղանկարչի բնանկարների շարքից «Հրաշք Շորժան» նկարաշարը (այդ թվում՝ «Լուսաբաց», «Երփներանգ երեկո Շորժայում», «Կրակոտ մայրություն», «Մասրենի»): Նկատեցինք, որ Գայանե Խաչատրյանի կտավին հանձնած դիմանկարներինց ոչ մեկում նշված չէ տվյալ ստեղծագործության «տիրոջ» անունը: Այս կապակցությամբ արվեստագետի պատասխանը հետեւյալն է. «Դրանք ավելի շատ արտահայտում են հոգեկերտվածք: Կարճ ասած՝ դիտողին թողնում են մտորելու կամ կտավիս միջոցով գուցե իրեն ճանաչելու մեծ դաշտ»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

25,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930