Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողին սպառնացել էին, որ հրացանը չբերելու դեպքում ծառից կկախեն ու կբռնաբարեն

Ապրիլ 27,2017 14:30

Տուժողը մի քանի անգամ փոխել է ցուցմունքները, իր մի ցուցմունքում էլ ասել էր.
«Տեսա, որ Մարզպետը ձախ ձեռքով դանակով հարվածեց որովայնիս, հարվածելուց հետո տեսա, որ հագուստիս վրա ինչ-որ բան կախվեց»

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Մարզպետ Մեժլումյանի արդարացման դատավճիռը հրապարակելիս, գնահատելով երեք հատորանոց գործում դրված ապացույցները, արձանագրել էր, որ դատաքննությամբ ձեռք չի բերվել որեւէ ուղղակի ապացույց, որով կարող է հիմնավորվել, որ տուժող Աշոտ Խաչատրյանին ծանր մարմնական վնասվածք է պատճառել ամբաստանյալ Մ. Մեժլումյանը:

«Թե տուժողը եւ թե վկաները նշում են, որ իր իսկ դանակով ինքն իրեն հարվածել եւ վնասվածք է պատճառել տուժող Աշոտ Խաչատրյանը: Տուժողը նախաքննության ընթացքում մի քանի անգամ փոխել է ցուցմունքները` ներկայացնելով իրար հակասող տվյալներ: Ընդ որում` ինքն իրեն վնասելու մասին տուժողը հայտնել է դեռեւս դեպքի օրը` հիվանդանոցում: Սակայն որեւէ անգամ Մարզպետ Մեժլումյանին չի մատնանշել` որպես իրեն մարմնական վնասվածք պատճառողի: Ավելին` հայտնել է, որ իրեն դանակով հարվածել է Սամվել Առուստամյանը: Սակայն հետագայում հերքել է իր ասածը եւ դատաքննությամբ հայտնել, որ ինքն է իրեն մարմնական վնասվածք պատճառել, որպեսզի Սամվելն ու իր ընկերները, կատարված գողության պատճառով, չիրագործեն իրեն անարգելու վերաբերյալ իրենց սպառնալիքը»,- արձանագրել էր դատարանը:
Վկաներից շատերը դատարանում նշել էին, որ Մ. Մեժլումյանի ձեռքին դեպքից հետո եղել է դանակ, որը նա նետել է ձորը: Մի քանիսի ցուցմունքով, Մարզպետը դանակը վերցրել էր գետնից: Ի դեպ, վկաներից շատերը դեպքի վայրում գտնվելու մասին, ըստ դատարանի, տվել էին իրարամերժ ցուցմունքներ:

Գործով տուժող Աշոտ Խաչատրյանը «Արդամ» կոչվող հանդամասում ունի ֆերմա եւ անասնապահությամբ է զբաղվում: 2015թ. նոյեմբերի 17-ին, ժամը 10-ի կողմերը, իր հարեւան Սամվել Առուստամյանը հայտնել է, որ իր բնակատեղիից կորել է կացինը, մուրճն ու հրացանը: Ըստ տուժողի ցուցմունքի, դեպքից առաջ նա մի քանի անգամ տեսել է իր համագյուղացի Ծատուրյան Արմանին, որը մտել է Սամվելի ֆերմա, հրացանով կրակել Սամվելի աքլորին ու տարել: «Արմանին հարցրեցի, թե ինչո՞ւ է նման բան անում, նա պատասխանեց, որ Սամվելն իր ընկերն է, ինչ կուզի` կանի: Դրա համար էլ, երբ Սամվելը հարցրեց կորած հրացանի մասին, ասացի՝ հնարավոր է, որ Արմանը նորից եկած լինի ֆերմա ու հրացանը տարած լինի, բայց չի ասել, որ նա գողացել է»,- ասել է տուժողը:

Տուժողն ընդհանրապես այդ պահին ամբաստանյալ Մարզպետ Մեժլումյանի անունը չի տվել եւ չի ասել, թե նա է տարել: Օրեր հետո, երբ տուժողը հանդիպել է համագյուղացի Սերգեյին եւ Մարզպետ Մեժլումյանին, Սերգեյը ասել է, թե գիտի ում մոտ է հրացանը: 2015թ. նոյեմբերի 21-ին Սամվելը եւ «Շեկո» կեղծանունով Մանվելը մոտեցել են տուժողին, եւ «Շեկոն» սպառնալից տոնով հայտնել է, որ երեկոյան բոլորին հավաքելու է կորած հրացանի խնդրով: Հավաքվել են Սամվելի ֆերմայում եւ տուժողին մեղադրել, թե «Անուշի Սամվելի» անունը նույնպես ինքն է տվել: Ըստ Ա. Խաչատրյանի, «Անուշի Սամվելին» նա չի ճանաչել, չի տեսել: «Շեկոն» միջամտել է խոսակցությանը, որից վեճ է սկսվել: Երբ բոլորը սկսել են մեղադրել իրեն, ըստ տուժողի էլ. «Վախի պատճառով ինքն իրեն վնասել է»:

Նա անգամ նկարագրել է, թե ինչպես է ինքնավնասումը տեղի ունեցել. «Դանակը գրպանից հանեցի, բացեցի եւ վնասեցի: Եվ քանի որ ես ձախլիկ եմ, ձախ ձեռքով երեք անգամ հարվածեցի»: Ամբաստանյալի համար էլ ասաց, թե. «Մարզպետն իրեն չի վնասել, այդ մասին ոստիկանությունում նույնպես հայտնել է: Ոստիկանությունում չեն հավատացել, թե ինքն է իրեն վնասել: Որեւէ մեկից պարտք ու պահանջ չունի եւ ցանկություն չունի, որ ինչ-որ մեկը պատժվի»:

Ըստ էության, Մարզպետը քաշքշուկին մասնակցել է, սակայն տուժողին չի դանակահարել. «Դեպքի ժամանակ Մարզպետը ներսում է գտնվել: Երբ ինքը կացարանից դուրս է եկել, իր հետեւից դուրս են եկել Սամվելը, Մանվելը, Սերգեյը եւ Գեւորգը: Մանվելը եւ Սամվելն իրեն սպառնացել են, որ հրացանը չբերելու դեպքում ծառից կկախեն ու կբռնաբարեն»: Վիճաբանության ժամանակ հավաքվածները տուժողին մեղադրում են գողության համար: Տուժողն ասել է. «Այնպես էր իրավիճակը, որ կամ պետք է ինձ վնասեին, կամ ես պետք է ինձ վնասեի: Հանուն իմ երեխաների` վնասել եմ ինձ: Ես որեւէ մեկին չեմ վնասել»:
Նկատենք, որ տուժողը նախաքննության փուլում մի քանի անգամ փոխել է իր ցուցմունքները, մի դեպքում ասել էր, թե երբ կացարանի մուտքի դռան առջեւ ինքն ու Մարզպետը սկսեցին միմյանց հրել, հավաքվածները մեջ ընկան, խառը քաշքշուկի ժամանակ փորի շրջանում, պորտի մոտ ուժեղ ծակոց զգաց, ցավից գոռացել է, «Էս ինչ արիք» ասել ու գիտակցությունը կորցրել:

Մեկ այլ դեպքում էլ ասել էր. «…Ինձ հարվածել են կացարանից դուրս, այդ ժամանակ այդտեղ են եղել Մարզպետ Մեժլումյանը, նրա ընկերը, ում չեմ ճանաչում, «Շեկո» մականունով Մանվելը, Արման Ծատուրյանը եւ Սամվելը…Չեմ կարող որեւէ բան ասել, իմ կարծիքով՝ քաշքշուկի ժամանակ է առաջացել, ամեն ինչ շատ արագ է կատարվել, իմ կարծիքով՝ ով առաջին անգամ դանակով հարվածել է, նույն անձը երկրորդ անգամ էլ է հարվածել: Նորից եմ նշում, ես կոնկրետ չեմ իմանում, թե ով է ինձ հարվածել, խառնաշփոթ էր, ես եւ Մարզպետը քաշքշում էինք միմյանց, այդ ժամանակ փորձում էին բաժանել եւ ես ոչինչ չեմ նկատել»:

Վկա Սամվել Առուստամյանի ցուցմունքի համաձայն, նկատել է, որ իր կացարանի դուռը ջարդել են եւ իր որսորդական հրացանը գողացել: Կատարված գողության մեջ կասկածել է Աշոտ Խաչատրյանին, ով զբաղվում է անասնապահությամբ. «Նույն օրը կանչել է Աշոտին եւ հարցրել հրացանի անհետացման մասին: Վերջինս հայտնել է, որ ինքը ոչնչից տեղյակ չէ, բայց Բերդի բնակիչ Աշոտ Ծատուրյանին է տարածքում տեսել եւ հնարավոր է, որ հրացանը նա է գողացել: Դրանից հետո հայտնել է, որ հնարավոր է, որ Մարզպետ Մեժլումյանը, կամ «Շեկո» մականունով Մանվելը գողացած լինեն»: Նա նաեւ կացարանի ներսից լսել է, որ Աշոտն ասում է` «Էս եք ուզում», դուրս է եկել եւ տեսել, որ Աշոտը երկու ձեռքով փորի հատվածում խփում է: Տեսնելով, որ Աշոտն իրեն վնասել է, բերել են ներս, առաջին բուժօգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել են հիվանդանոց: Հարվածելու պահին Աշոտի ձեռքին դանակ չի տեսել, քանի որ մութ էր:

Դատավոր Զ. Զաքինյանի դատավճռի համաձայն, ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Մարզպետ Միքայելի Մեժլումյանն արդարացվեց՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով: Դադարեցվել է քրեական հետապնդումը, եւ նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Վերաքննիչ բողոք բերած դատախազը պահանջում է բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ արդարացվածի նկատմամբ նշանակել համարժեք պատիժ:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

26,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930