Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան թաղային ընտրակեղծարար կա, բոլորին տարել, պաշտոն են տվել». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 27,2017 17:53

«Տարոն Մարգարյանն անարդյունավետ ու խայտառակ վատ, կոռուպցիոն ռիսկերով զուգադրվող կառավարման մեծ փորձ ունի, եւ ես, այո՛, կոռուպցիայի փորձ չունեմ, իմ պետական պաշտոնյա լինելու ընթացքում մի քանի միլիոն դոլարի ունեցվածք չեմ վաստակել»,- այսօր Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողներին ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետության ընթացքում Երեւանում կապիտալ ներդրումների համար եկամուտներ չեն ձեւավորվել. «Երեւանի քաղաքապետարանը տարեկան մեկ միլիոն դոլար է ծախսում ծառայողական ավտոմեքենաների վրա, այսօր ինչու պետք է քաղաքապետարանը 89 հատ ծառայողական մեքենա ունենա, այսպիսի բազմաթիվ ծախսեր կան, քաղաքապետարանի համակարգը ուռճացված է, ինչքան թաղային ընտրակեղծարար կա, բոլորին տարել, պաշտոն են տվել՝ կամ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, կամ՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում:

Որ ասում են՝ ավելի լավ Երեւան, ես բերեմ մի օրինակ՝ Երեւանում կա երթուղայինի 810 կանգառ, որոնցից կեսից շատը կանգառասրահ չունի, մի մասը՝ նույնիսկ կանգառի ցուցանակ չունի, այդ ինչ արդյունավետ կառավարում է, որ 2010 թվականից քաղաքապետ է, նույնիսկ հնարավորություն չի ստեղծել, որ ավտոբուսին սպասելիս երեւանցիներն անձրեւի տակ չսպասեն»:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց նաեւ ՀՀԿ-ականների պնդումներին, թե Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետության օրոք Երեւանը կանաչապատ է դարձել. «Մեկ շնչին հասնող կանաչ տարածքների թիվը մեզ մոտ միջազգային ստանդարտներին կրկնակի զիջում է»:

«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն խոստացավ՝ եթե քաղաքապետ ընտրվի, քաղաքապետարանի ծառայողական մեքենաների թիվը 70 տոկոսով կկրճատի, ամիսը մի քանի անգամ էլ իրեն կտեսնենք հասարակական տրանսպորտով երթեւեկելիս. «Եթե քաղաքապետը տրանսպորտ չի նստում, ինչպե՞ս է տեղեկանում՝ ինչ վիճակում է հասարակական տրանսպորտը, իր օգնականները ծառայողական մեքենաներով գալիս են, վերելակով բարձրանում են ու զեկուցո՞ւմ են՝ ժողովուրդը ոնց է երթեւեկում տրանսպորտով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930