Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց այսքան պատերազմներ ու կռիվներ

Ապրիլ 28,2017 14:00

Եվ ինչ պետք է անի ամեն մարդ՝ դրանք կանխելու համար

Հակոբոս առաքյալը հստակ գրում է, որ պատերազմներն ու կռիվները ծնվում են մեր ներսի չար ցանկություններից: Ահա տեսեք, թե ինչ է ասում առաքյալը: «Ցանկանում էք, բայց չունէք, ուստի եւ՝ սպանում էք», գրում է նա իր նամակի 4-րդ գլխում եւ ավելացնում. «նախանձում եւ չէք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում էք, կռւում եւ ձեռք չէք բերում, որովհետեւ չէք խնդրում։ Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին։ Շնացողնե՛ր, չգիտէ՞ք, որ սէրը այս աշխարհի հանդէպ՝ թշնամութիւն է Աստծու դէմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կ՚անի» (Յկ 4:2-4):

Ուրեմն պատերազմներն ու կռիվները նախ ծնվում են մարդկանց ներսում՝ ցանկությունների ու չարամիտ բաներ ձեռք բերելու պատճառով: Խոսքն այստեղ նաեւ վերաբերում է եւ ընտանեկան կռիվներին, եւ կռիվներին ընկերների միջեւ, եւ այն բոլոր վեճերին, որ տեղի են ունենում բարեկամների եւ հարեւանների միջեւ:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ սովորեցրեց, որ մարդը մեղքի մեջ ապրելով գերի է իր չար ցանկություններին ու կրքերին: Սա իսկական գերություն է, կատարյալ ստրկություն: Ստրուկն ունի տեր: Եվ այդ տերն է որոշում, թե նա ինչ պիտի անի: Իսկ Աստված մեզ ասում է, որ մենք կարող ենք ազատվել այս կրքերի գերությունից, եթե մեր սեփական կամքով վճռականորեն որոշենք դա անել: Այդ ժամանակ նա օգնում է մեզ, շնորհ տալիս, որպեսզի հաղթենք ստրկությունից ազատվելու այս պայքարի մեջ: Դրա համար նա ուղարկեց իր Միածին Որդուն, առանց որի մենք ոչինչ անել չենք կարող:

Տեսեք. եկեղեցու նշանավոր հայրերից մեկը՝ Բարսեղ Կեսարացին, գրում է, որ «եթե մենք այս աշխարհից միայն վերցնենք այն, ինչ անհրաժեշտ է բավարարելու մեր կարիքներն ու մնացածը տայինք նրանց, ովքեր չունեն, ապա ոչ հարուստներ կլինեին, ոչ էլ աղքատներ»: Ինչ լավ բան է, չէ՞: Բոլորս երեւի համաձայն ենք, որ լավ բան է, որ չկան աղքատներ, այլ ամեն մարդ ունի այնքան, ինչքան որ իրեն պետք է եւ օգտակար:

Ինչո՞ւ սա չի պատահում մեր կյանքում: Ինչո՞ւ սրա փոխարեն մենք ունենք կռիվներ, պատերազմներ, վեճեր, տառապանք: Որովհետեւ, երբ որ մարդը գերի է իր սեփական չար ցանկություններին ու կրքերին, նա անում է բաներ՝ առանց խիղճը տանջելու: Օրինակ: Դու գիտես, որ ստել չի կարելի, բայց ստում ես՝ ինչ-որ բան ձեռք բերելու համար: Կամ՝ սեղանի վրա դու արդեն կշտացել ես, բայց այնքան համեղ կերակուրներ կան, որ դու կրկին ուզում ես ուտել, թեեւ փորդ արդեն ցավում է: Ու դու անում ես այն, ինչ վատ է քեզ համար, ինչ վերք է հասցնում քեզ, ինչ կործանում է քեզ ու կսպանի քեզ, եթե սրանից վճռականորեն չուզենաս ազատվել:

Եկեղեցու հայրերը գրում են, որ մարդու հոգեւորությունը չափվում է նրանով, թե դու որքանով ես պայքարում քո սեփական չար ցանկությունների դեմ: Հետեւաբար, մարդու ազատությունը չափվում է նրանով, թե նա որքանով է ազատ իր կրքերից, որքանով է ազատ իր չար ցանկություններից:

Երբ որ մենք վազում ենք մեր չարամիտ ու անպիտան ցանկությունների ետեւից, սրանից ծնվում են եւ պատերազմներ, եւ կռիվներ, եւ անհաշտություն, եւ այս ամենը տանում է մահվան, եթե մարդը չուզենա Քրիստոսի օգնությամբ ազատվել այս կրքերից ու իրական ազատություն վայելել հավիտյան:

Մենք պետք է վայրկյան առաջ աշխատենք ազատվել մեր այս կրքերից: Այս գործը պետք է ամեն մարդ սկսի, քանի դեռ ժամանակ ունի այս կյանքում: Որովհետեւ այս չար կրքերով մենք չենք կարող Աստծուն մոտենալ, չենք կարող հավիտենական կյանք ունենալ նրա հետ, որովհետեւ այս չար կրքերը խավար են, իսկ Աստված՝ միայն լույս:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

https://www.facebook.com/armen.hareyan

 

«Առավոտ»

27,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930