Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն 2013-ին խոստացել էր, որ մինչեւ 2017-ը Երեւանում աղբի վերամշակման գործարան էր լինելու, բայց չկա»

Ապրիլ 28,2017 17:22

Այսօր «Մեդիա կենտրոնում» բանավեճ էր Երեւանի ավագանու թեկնածուների եւ փորձագետների միջեւ՝ մայրաքաղաքում բնապահպանական խնդիրների շուրջ:

Երեւանի քաղաքապետարանի բյուջեից տարեկան մոտ 12 միլիարդ դրամ է հատկացվում բնապահպանական եւ շրջակա միջավայրի խնդիրների լուծման համար: Թե ինչ գործողություններ են կատարվում նշված խնդիրները լուծելու ուղղությամբ,

Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Դիանա Գրիգորյանը թվարկեց այն քայլերը, որոնք քաղաքապետարանը կատարել է: Մասնավորապես, ըստ Գրիգորյանի, կանաչ տարածքներն են վերականգնում եւ փորձում են այն հասցնել եվրոպական չափանիշներին՝ 1 շնչին՝ 17քմ կանաչ տարածք, իսկ ներկայումս 8 քմ է. «Վերջին 10 տարիներին կանաչ տարածքները 1 շնչին ընկնող 5,2 քմ-ից հասցրել ենք 8-ի: 14 նոր այգիներ են ստեղծվել վարչական շրջաններում: Շարունակելու ենք սկսած աշխատանքները՝ նոր կանաչ տարածքներ, ոռոգման ցանցի ապահովում, կանաչապատման նոր օպերատոր կարող է մտնել քաղաք, փոքր տարածքներում կանաչ մակերեսը մեծացնելու նպատակով ուղղաձիգ կանաչապատում իրականացնել, ինչպես նաեւ կանաչ տանիքների ծրագիրը կա»:

Քննարկման մասնակից «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանն էլ վստահեցրեց, որ իրենց ծրագրով նախատեսում են կանաչ տարածքները ոչ թե 17 քմ, այլ 25 քմ դարձնել. «ՀՀԿ-ի կառավարման ժամանակ Մոնումենտի այգիները վնասվեցին, Ծիծեռնակաբերդի անտառը, այսինքն` ճանապարհի մի կողմում ծառեր չկան: Խնդիրները շատ են, օրինակ՝ երբ անձրեւ է գալիս՝ ցեխաջուր է լինում, այգիները բետոնապատ են, կանաչապատ չեն: Մի քանի տարի առաջ ճապոնացիները աղբի վերամշակմամբ պիտի զբաղվեին, նրանց թույլ չեն տվել այդ աղբից արտադրել էլեկտրաէներգիա ու վաճառել բնակչությանը, ու փաստացի աշխատատեղեր ենք կորցրել եւ 300 հազար դոլարի եկամուտ»:

«ԵԼՔ» դաշինքի թեկնածու Անի Սամսոնյանն էլ ասաց, որ ինքը ուսումնասիրել է Երեւանի քաղաքապետարանի կայքէջում բնապահպանական վարչության բաժինը, եւ նկատել՝ «Առաջին հերթին խոսում են վարդակակաչների սոխուկներից, կներեք, բայց սոխուկների մասին հաշվետվությունը բնապահպանական խնդիրների լուծում չէ:

Հայաստանի բնակչության 70%-ը կենտրոնացած է մայրաքաղաքում, ժամանցի վայրերը, ԲՈՒՀ-երը, քաղաքը գերծանրաբեռնված է երթեւեկությամբ, եւ այս առումներով խիստ խաթարված է էկոհամակարգը: Փորձագետները ահազանգում են, որ Երեւանի օդի աղտոտվածությունը, փոշու զանգվածը մեծ է Հյուսիսում, իսկ Հարավում՝ քիմիական աղտոտվածության մակարդակն է բարձր: Երեւանում բաց հանքեր են շահագործվում, ինչը անթույլատրելի է»:

Սամսոնյանի խոսքերով՝ Երեւանի ավագանու ՀՀԿ-ի ծրագրով դեռ նախորդ ընտրություններից խոստացել էին, որ 2013 -2017-ին Երեւանում մինչեւ 2017 թվականը կունենանք աղբի վերամշակման ձեռնարկություն, բայց չունենք, 1 բնակչին ընկնող կանաչ տարածքը ՀՀԿ-ն խոստացել էր հասցնել 23 քմ-ի, մինչդեռ այսօր ընդամենը 8 քմ է:

«Ելքն» իր նախընտրական ծրագրով, ինչպես թեկնածուն վստահեցրեց, խոստանում է,

Երեւանում 500 հազար ծառ տնկել, քաղաքային անտառ տնկել:

«Էկոլուր» հասարակական կազմակերպության փորձագետ Վիկտորիա Բուռնազյանն էլ նշեց, որ երեք ուժերի նախընտրական ծրագրերն ուսումնասիրել է եւ չի հանդիպել, որ հանքերի հետ կապված փոշու մթնոլորտային աղտոտվածության վերաբերյալ կետ լինի. «Ապրիլի 1-ի դրությամբ Երեւանում 23 հանքերի շահագործման թույլտվություն կա: Փոշու աղբյուր են ծխագազերը, սա լուրջ խնդիր է սակավականաչ պայմաններում, ինչի արդյունքում քաղաքացիներն ալերգիկ խնդիրներ են ունենում»:

Բուռնազյանի ներկայացմամբ՝ Երեւանի արդյունաբերական համայնքների բնակիչները դժգոհում են, որ գիշերներն արտանետումներն ավելի շատ են լինում, մինչդեռ դժգոհություններին բնապահպանության նախարարությունը պատասխանում է՝ դրանք նորմայի սահմաններում են»:

Քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց, որ հանքերի շահագործման թույլտվությունը բնապահպանության նախարարությունն է տալիս: Բուռնազյանն էլ արձագանքեց՝ Երեւանը ազդակիր համայնք է, եւ պետք է իր համաձայնությունն ու կարծիքն էլ ներկայացնի:

Քաղաքապետարանի մասնագետն էլ նշեց՝ «Երեւանում բարձր է բնական փոշու ֆոնը: Մենք գտնվում ենք կիսաանապատային գոտում, դրան ավելանում է տրանսպորտը եւ քաղաքաշինությունը, սրանք անխուսափելի են, քաղաքը զարգանում է: Մենք մշակել ենք կանաչ Երեւան կոնցեպցիան եւ նոր ավագանու նիստերում քննարկվելու է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930