Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ կավարտվի Նոյեմբերյանում ժողովրդական նկարիչ Հենրիկ Մամյանի նախաձեռնած գործը

Ապրիլ 28,2017 21:07

Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1848 թվականին, 1903թ. այն վերանորոգվել է: Եկեղեցու տանիքի ծածկի համար օգտագործվել են Իտալիայում պատրաստված գեղեցիկ կղմինդրեր: Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին օգտագործվել է որպես Նոյեմբերյանի սովխոզի պահեստ:

Հայաստանի անկախացումից հետո Սուրբ Սարգիս եկեղեցին կրկին դարձավ աղոթատեղի: 1997թ. հուլիսի 18-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից եկեղեցին բավականաչափ տուժեց: Դրանից հետո եկեղեցու դահլիճում հոգեւոր արարողություններ չէին կատարվում, դրանք կայանում էին եկեղեցու տարածքում գտնվող հովվատանը: Փոքրիկ հովվատունը չէր կարող տեղավորել բոլոր հավատացյալներին, ովքեր այնտեղ շնչահեղձ էին լինում խնկի եւ վառվող մոմերի հոտից:

2005-2006թթ.. Սուրբ Սարգիս եկեղեցին հիմնանորոգվեց: ՀՀ ժողովրդական նկարիչ, ծագումով Նոյեմբերյանի քաղաքից Հենրիկ Մամյանը ցանկանում էր հարազատ քաղաքին նվեր մատուցել, որմնանկարներով զարդարել Սուրբ Սարգիս եկեղեցու պատերը: Նա 2010 թվականին սկսեց եկեղեցում աշխատել, որմնանկարների էսքիզներ նկարել:

Մայրաքաղաքում բնակվող, բազմազբաղ Հենրիկ Մամյանը քիչ ժամանակ էր ունենում հեռավոր Նոյեմբերյան մեկնելու, այդ գործը կատարելու համար: Ցավոք, 2014 թվականին, 70 տարեկան հասակում Հենրիկ Մամյանը կյանքից հեռացավ: Նրա աղջիկները՝ Լուսինն ու Զառան ցանկություն հայտնեցին ավարտել իրենց հոր գործը:

Խոշորացված Նոյեմբերյան համայնքի հոգեւոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը հայտնեց, որ 2016թ. սեպտեմբերին Հենրիկ Մամյանի աղջիկները եկեղեցու պատերից մեկի վրա նկարել են իրենց հոր արած էսքիզի ուրվանկարը: Դրանից հետո գործը կանգ է առել:  Հենրիկ Մամյանի երեւանաբնակ դուստրերը ե՞րբ են վերսկսելու հոր կիսատ մնացած գործը: 7 տարի հոգեւոր օջախում շինարարական տախտակամած է, մինչեւ ե՞րբ է այն հառնելու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930