Լրահոս
Օրվա լրահոսը

Ապշելու կարողությունը

Ապրիլ 29,2017 13:30

ԵՍ ապշում եմ, երբ մտածում եմ Կոմիտասի կատարած գործի մասին: Գտնել մեր ազգի հոգեւոր-մշակութային գենը կամ կոդը (ընդունեք՝ ինչպես ձեզ հարմար է), երբ մենք 8-րդ դարի սկզբից մինչեւ 1988 թվականը եղել ենք մահմեդականների լծի տակ, եւ իրենք մխրճվել են մեր էության մեջ, ձուլել մեր մշակույթը իրենց մշակույթին, դա անկատարելի է, անհավանական: Դա նման է նրան, որ հսկայական օվկիանոսի հատակում գտնես տարիներ առաջ կորցրած թանկարժեք մատանիդ, այն դեպքում, երբ նույնիսկ չգիտես, թե օվկիանոսի որ մասում ես կորցրել: Առանց Աստծո հրաշքի այդ ամենն անհնար է: Եվ ուրեմն ես ապշում եմ Աստծո՝ մեր հանդեպ ունեցած հոգատարության եւ ուշադրության վրա. նա թույլ չի տալիս, որ մեր մշակույթը կորչի, վերանա, դառնա մոռացված պատմություն:

Ես ապշում եմ, երբ հիշում եմ՝ ինչպես Ներսես Աշտարակեցին, որ բացի հոգեւորական լինելուց, նաեւ հայ ազատագրական զորքերի հրամանատարն էր 19-րդ դարի քսանական թվականների ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, կարողացավ պատերազմների վերջում կայացած Թուրքմենչայի եւ Ադրիանապոլսի պայմանագրերի մեջ մտցնել կետ, ըստ որի՝ Պարսկաստանի հայ համայնքներից եւ Թուրքահայաստանից Արեւելյան Հայաստան գաղթեցին բազմաթիվ հայ ընտանիքներ: Արդյունքում փոխվեց այդտեղի դեմոգրաֆիական պատկերը. եթե մինչ այդ Արեւելյան Հայաստանի մոտ 10 տոկոսն էր մնացել հայ, մնացածը մահմեդական քոչվոր ցեղեր էին, այժմ արդեն մեծ մասը կրկին հայեր էին: Ըստ էության՝ մեր ազգը փրկվեց հերթական ձուլումից, ոչնչացումից: Դարձյալ Աստծո միջամտություն. նա լուծեց մեր հարցն այն ժամանակ, երբ մենք փրկության ոչ մի ակնկալիք չունեինք:

Ես ապշում եմ, երբ հիշում եմ 1988 թվականը: Ազերիներին եւ խորհրդային իշխանություններին հաջողվել էր տարիների ընթացքում Հայաստանում տարածել ադրբեջանական բնակավայրերի հզոր ցանց: Ադրբեջանական գյուղերը Հայաստանի տարածքում գտնվում էին հայկական գյուղերի հարեւանությամբ, իսկ հայկական գյուղերում ադրբեջանական տունը եւ հայ տունը կողք կողքի էին: Մաքրել Հայաստանը ադրբեջանցիներից նույնն էր, ինչ բուժել քաղցկեղով ամբողջովին վարակված մահամերձի օրգանիզմը: Դա անհավանական էր, դա հեքիաթ էր, եւ այդ հեքիաթը լուծվեց երկու ամսվա ընթացքում. Հայաստանում չմնաց ոչ մի ազերիի ընտանիք: Աստծո հրաշք, որը հիշելով՝ չեմ դադարում ապշել եւ ապշել: Գուցե ասեմ՝ զարմանա՞լ: Բայց ոչ՝ այն, ինչ ես զգում եմ, պարզապես զարմանք չէ, սա իսկապես ապշանք է, անհավանական բաներից առաջացած պատասխան ռեֆլեքս:

Հերթական անգամ ապշեցի, երբ անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ Աստված մեզ պահեց անպատմելի, աննկարագրելի հրաշքներով: Չունենալով ո՛չ տեխնիկական պատրաստվածություն, ո՛չ դաշնակից, թվով քիչ լինելով, «Սասունցի Դավիթ» էպոսին կամ Հեսու Նավեի առաջնորդությամբ քանանացիների հետ պատերազմող հրեաներին վայել սխրագործություններով մենք, չգիտես ինչու եւ ինչպես, ջարդեցինք մեր թշնամուն եւ կանգնեցրինք:

Իհարկե, ես գիտեմ՝ ինչու եւ ինչպես մենք այս անգամ էլ փրկվեցինք: Դարերի ընթացքում մենք բազում անգամներ փրկվել ենք Աստծո շնորհիվ՝ մազից կախված լինելով: Զարմանալի է եւ ապշեցուցիչ, որ շատերը դրան ուշադրություն չեն դարձնում, պատմությունը մեր չգիտեն, չեն նկատում, չեն մտածում այդ մասին: Ապշեցուցիչ կուրություն:

Ապրիլի 1-ին Ս.Գրիգոր Լուսավորչի Վիրապ մտնելու օրն էր: Նորքի Ս.Աստվածածին եկեղեցու հավատացյալների հետ պետք է մեկնեի ուխտագնացության Խորվիրապ՝ Ս. Գրիգոր Լուսավորչի եկեղեցի: Գիշերը երազ եմ տեսնում: Երազումս կնոջս հետ պետք է գնանք ինչ-որ Ս. Աստվածածին եկեղեցի, որ իբր գտնվում էր Արցախի փողոցի կողքին: Երկար փնտրելուց հետո եկեղեցին երեւաց շենքերի արանքներից: Դեղնին սեւ խառնած տուֆից բարձրագմբեթ եկեղեցի էր: Մոտեցանք մի սուպերմարկետի, որ գտնվում էր փողոցի կողքին: Այնտեղ եռում էր եռուզեռը, առքն ու վաճառքը: Սուպերմարկետի կողքով մտանք նեղ փողոց, որի շենքերից մեկի բակում էլ հենց այդ եկեղեցին էր: Պարզվեց, որ միայն գմբեթը կար, իսկ մնացածը՝ այսինքն բազիլիկ եկեղեցու մնացած մասը դեռեւս չէր կառուցվել: Մի մարդ, ձեռքին սկուտեղ, դրամ էր հավաքում եկեղեցու շինարարության համար: Սկուտեղի վրա ընդամենը մի քանի հազար դրամ էր, այդ մարդուն շրջապատող ժողովուրդն էլ մի տասը հոգի էր: Ես հասկացա՝ սկուտեղի վրայի դրամի չափը մեր ժողովրդի հավատի եւ Աստծու հանդեպ նվիրվածության չափն է, իսկ այդ տասը հոգին՝ նրանք, ովքեր Աստծուն են հավատում, այսինքն, ըստ էության, հավատ չկա:
Եվ այդպես այդ անհավատ, առք ու վաճառքի մեջ, վազքի մեջ խրված, հոգսերից կքված օրերից մեկի առավոտ դուրս եկա տնից, որ գնամ եկեղեցի: Արեւոտ օր էր, եւ իմ առջեւ իջավ մի տատրակ, եւ սկսեց վազել առաջ՝ կարծես ինձ առաջնորդելով: Ես քայլում եմ արագ, նա վազում է ինձնից էլ արագ իր մանրիկ տոտիկներով: Ես նորից ապշում եմ, ես ասում եմ.

– Բարե՛ւ, տատրա՛կ: Բարեւ՛, Աստծո հրեշտա՛կ: Ի՞նչ բարի լուր ես բերել: Ի՞նչ ես պատրաստել մեզ՝ անհավատներիս, կույրերիս, գետնից հայացքը վեր չհանողներիս, բացի սուպերմարկետներից եւ համացանցի էջերից ոչինչ չնկատողներիս, մի կտոր հացի համար մեր սուրբ երկիրը լքողներիս, սեփական եսի ներքին խորխորատներում մաքառողներիս, ունայնամիտներիս, մինչեւ մեր գանգի կափարիչը միտք եւ հանճար ունեցողներիս համար:
Եվ նա կպատասխանի: Ե՞րբ կլինի այդ՝ ես չգիտեմ: Բայց կլինի, որովհետեւ դարերի ընթացքում Աստված մեզ չի լքել: Մենք լքել ենք, մոռացել ենք, հեռացել… Իսկ նա պարբերաբար հանում է մեզ փոսից եւ դնում ճանապարհի վրա՝ ասելով. «Քայլի՛ր, ես քեզ հետ եմ, ես քո կողքին եմ, ես քեզ չեմ լքի, ես կօգնեմ այն ժամանակ, երբ այլեւս հույս չես ունենա ինքդ քեզ վստահելու եւ ինձ կնկատես»:

Զարմանալի է այն, որ իմ ապշանքին ոչ ոք հաղորդակից չի լինում: Իսկ ձեզ համար զարմանալի չէ՞:

ԹՈՎՄԱ քահանա
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Առավոտ»

28,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հայր Սուրբ ջան

    Ձեր նախկին նյութն անսահման լավն էր: Նյութի հրապարակումից 8 ամիս է անցել, բայց պարբերաբար բացում ու կարդում եմ: https://www.aravot.am/2016/08/04/723421/

    Ամեն անգամ նոր բան են գտնում: Իսկ այս նյութը մի տեսակ այն չէ:

    Աստված ձեզ պահապան:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930