Ռուսական խանդ. դաշնակից Հայաստանը կշահի, իսկ ՌԴ ազդեցությունը կթուլանա

Ռուսական խանդ. դաշնակից Հայաստանը կշահի, իսկ ՌԴ ազդեցությունը կթուլանա

Սկիզբը` այստեղ

Թեհրանը պատրաստ է Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապել Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքով

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի՝ Թեհրան այցի ժամանակ Պարսից ծոց-Սեւ ծով տարանցիկ միջանցքի հարցը կլինի Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի բանակցությունների կենտրոնում՝ հայտնում էր Mehr գործակալությունը Կվիրիկաշվիլիի այցի նախօրեին:

«Բանակցությունների գլխավոր առանցքը կլինեն Հյուսիս-Հարավ եւ Պարսից ծոց-Սեւ ծով տարանցիկ միջանցքները՝ Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի կամ Իրանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքներով»,- ընդգծել էր Ջահանգիրին: Նրա խոսքով՝ եւս մեկ կարեւոր հարց վերաբերում է էներգետիկ միջանցքի ստեղծմանը՝ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի միջեւ ձմեռային եւ ամառային ժամանակաշրջաններում էլեկտրաէներգիայի փոխանցման համար:

Ապրիլի 22-23-ը երկօրյա պաշտոնական այցով Իրանում էր Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը բանակցություններ վարեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի եւ Մեջլիսի իսլամական խորհրդատվական խորհրդի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Վրացական պատվիրակության կազմում էին էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, էկոնոմիկայի նախարար Գեորգի Գախարիան եւ այլ պաշտոնյաներ:
Ռոհանին ողջունել է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում: Հանդիպմանը Ռոհանին եւ Կվիրիկաշվիլին հատուկ ուշադրություն են դարձրել տրանսպորտին եւ Պարսից ծոց-Սեւ ծով փոխադրամիջանցքին: «Այդ ոլորտում Թեհրանի եւ Թբիլիսիի հարաբերությունների խորացումը կարող է օժանդակել տարածաշրջանի էական զարգացմանը»,֊ ասել է Ռոհանին:

Պարսից ծոց-Սեւ ծով փոխադրամիջանցքի հարցը քննարկվել է նաեւ Կվիրիկաշվիլիի եւ Էսհաղ Ջահանգիրիի հանդիպմանը: «Հսկայական նշանակություն ունի Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքի հարցը եւ Պարսից ծոցի ու Սեւ ծովի միջեւ Իրան֊Հայաստան֊Վրաստան կամ Իրան-Ադրբեջան֊Վրաստան ուղեգծով կապի հաստատումը»,֊ Tehran Times-ի փոխանցմամբ՝ ասել է Ջահանգիրին: Իրանի փոխնախագահի խոսքով՝ Թեհրանն արդեն պատրաստակամություն է հայտնել, որ Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապվի Հյուսիս-Հարավ փոխադրամիջանցքով, որն այդ ուղեգծերով միմյանց հետ կկապի Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը եւ Իրանը:

Տրանսպորտային միջանցք, որը շրջանցում է Ռուսաստանն ու Թուրքիան

Վրաց-իրանական վերջին շաբաթների բավական ակտիվ բանակցությունները ռուսաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում էին: Մոսկվան ակնհայտորեն որոշակի մտավախություններ ուներ եւ խանդ ցուցաբերեց իրանական կողմի հնչեցրած թեկուզ միայն առաջարկներին:

Այլ հարց է, թե Արեւմուտքին ինտեգրվող Վրաստանի եւ ԱՄՆ-ի հետ դեռեւս որոշակի խնդիրներ ունեցող Իրանի մասնակցությամբ ծրագրերը քաղաքական հարթությունում որքանով կարող են կենսունակ լինել Վրաստանի տեսանկյունից: Իրանի հետ հարաբերությունների ակտիվացումը հեռանկարային է, գրավիչ տարածաշրջանային երկրների համար, բխում է այդ երկրների ռազմավարական շահերից` անկախ նրանից, թե տարածաշրջանի երկրների գործընկերներն ինչ վերապահումներ կարող են ունենալ:
Այսպես, ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան», անդրադառնալով Իրանի եւ Վրաստանի ինտենսիվ շփումներին, նախ` Իրանի արտգործնախարարի այցին Վրաստան, ապա Վրաստանի վարչապետի այցին Թեհրան եւ դրանց արդյունքներով՝ Թեհրանում մի շարք փաստաթղթերի ստորագրմանը, հայտնում էր, որ կողմերը պայմանավորվել են Պարսից ծոցի ուղղությամբ տրանսպորտային միջանցքի զարգացման եւ էներգետիկ համագործակցության մասին, եւ որ իրանական կողմը հետաքրքրվածություն է հայտնել գազի արտահանման, ինչպես նաեւ Պարսից ծոց-Սեւ ծով տարանցիկ միջանցքի զարգացման հարցում:

Ռուսաստանյան մեկ այլ պարբերական` «Վզգլյադ»-ը, ավելի կտրուկ էր: «Իրանական տրանսպորտային ծրագիրը սպառնում է Ռուսաստանի ծրագրերին» վերտառությամբ հոդվածում հայտնում էր, որ Իրանը պայմանավորվել է տրանսպորտային միջանցքի վերաբերյալ, որը շրջանցում է Թուրքիան ու Ռուսաստանը:

«Ռուսաստանի ազդեցությունը Սեւ ծովում կթուլանա: Ռուսաստանը կարող է ընդհանրապես կորցնել իր` խոշոր տարանցիկ երկրի կարգավիճակն այդ տարածաշրջանում»,- գրում էր պարբերականն ու հավելում, թե ենթադրվում է, որ իրանական ծրագրերով կարող է շահել Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը` Հայաստանը, մինչդեռ Ռուսաստանը կմնա պարտված:

Պարսից ծոց-Սեւ ծով տարանցիկ միջանցքով, նկատենք, Թեհրանը ցանկանում է այլընտրանքային ուղով բեռները Եվրոպա հասցնել, միջանցքը կարող է անցնել Վրաստանով եւ Հայաստանով, այնուհետեւ դեպի Բուլղարիա, այնուհետեւ հասնել մինչեւ Հունաստան եւ այլ եվրոպական երկրներ:

Ռուսաստանյան պարբերականը եզրակացնում էր, որ առավել կարեւոր են քաղաքական գործոնները. «Իրանին, ըստ ամենայնի, ավելի հեշտ է պայմանավորվել Հայաստանի ու Վրաստանի հետ, ավելի անկախ լինել Թուրքիայից, որը նրա մրցակիցն է տարածաշրջանում, եւ որի հետ հարաբերությունները մի շարք կարեւոր հարցերում չի կարելի անամպ անվանել: Իրանը Հայաստանի հետ չունի քաղաքական ոչ մի տարաձայնություն»:

Ինժեներների ռուսաստանյան միության առաջին փոխնախագահ Իվան Անդրիեւսկին «Վզգլյադ»-ին ասում է` եթե նոր միջանցքը արագ տեմպերով կառուցվի եւ դառնա արագ եւ մատչելի տարբերակ բեռների տեղափոխման համար, այդ դեպքում Ռուսաստանի ազդեցությունը Սեւ ծովում կթուլանա: Եվ ամենակարեւոր եզրահանգումը` «վտանգ կա Հայաստանի նկատմամբ ռուսական ազդեցության նվազման»,- գրում է «Վզգլյադը»:
Այսպիսով, Վրաստանն ունի հնարավորություն մասնակցելու Իրան-Հայաստան եւ Իրան-Ադրբեջան ծրագրերին: Հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական ուղղությամբ միջանցքը իրականություն կդառնա` ցույց կտա ժամանակը:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ». 28.04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք