Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հայաստանում ընտրական գործընթացը չափից ավելի խճճված էր

Ապրիլ 29,2017 16:00

Հայաստան դիտորդական առաքելության մեկնած եվրոպացի պատգամավորը զարմացած է, թե ինչու ձայների հաշվման ընթացքում էլեկտրականությունն անջատվեց:

Հայաստանում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակներն առանձնապես տպավորված չեն Հայաստանում անցկացված ընտրություններով:

Ստրասբուրգում «Առավոտի» հետ զրույցում պատվիրակության անդամներից ոմանք խոսեցին իրենց արձանագրած խախտումների մասին:

Իտալացի պատվիրակ Ադել Գամբարոն նշեց, որ բազմաթիվ խախտումներ է արձանագրել, որոնց չի հանդիպել այլ երկրներում: Նա պատմեց. «Մի ընտրատեղամասում քվեատուփը լավ փակված չէր: Առաջին հայացքից թվում էր, թե փակված է, սակայն իրականում բաց էր: Միանգամից ահազանգեցինք այդ մասին, եւ ընտրատեղամասի ղեկավարի գլխավորությամբ տուփը փակվեց»:

Տիկին Գամբարոն հայտնեց, որ Երեւանից բացի՝ եղել են նաեւ ՀՀ շրջաններում, զրուցել այնտեղ բնակվողների հետ. «Կար քաղաք, անունն այս պահին հստակ չեմ հիշում, որտեղ քաղաքապետը խառնվում էր ընտրական գործընթացներին: Սա անընդունելի է մեզ համար»:

Իտալացի պատվիրակի կարծիքով` Հայաստանում ընտրական գործընթացը խճճված է եղել. «Մինչեւ բուն քվեարկությունը մարդիկ մի շարք փուլեր էին անցնում: Այս մեթոդն իրեն չի արդարացնում, այն ժամեր է տեւում, նման բան ոչ մի երկրում չեմ տեսել: Ամեն ինչ այնքան խճճված էր, որ մինչեւ երեկոյան 23.00-ն արդեն հոգնել էինք»:
ԵԽԽՎ պատվիրակը նշեց, որ ձայներ հաշվելու փուլում էլեկտրականությունն անջատվել է շուրջ 15 րոպեով: Այնուհետեւ ծիծաղով հարցրեց. «Չգիտեմ` հաճա՞խ է Ձեզ մոտ նման բան լինում»:

Տիկին Գամբարոյի համար դրական էր այն, որ բավականին մեծ թվով կանայք էին մասնակցել քվեարկությանը. «Հասարակ քաղաքացիները բավականին լուրջ էին տրամադրված ընտրություններին: Բավականին շատ կանայք էին քվեարկում»:
Ադել Գամբարոյին հիշեցրինք, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելության պաշտոնական հայտարարության առաջին հատվածում ամրագրված էր, որ «Հայաստանում ընտրություններն անցկացվել են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պահպանմամբ»: Այնուհետեւ հարցրինք` ինչո՞ւ է ստացվել այնպես, որ զեկույցում տեղ գտած կարծիքն ու դիտորդների ներկայացրած իրականությունը չեն համընկնում: Տիկին Գամբարոն պատասխանեց, որ զեկույցում էլ են արձանագրված թերություններ:

Նորվեգացի պատվիրակ Ինգեբյորգ Գոդսկեսենը (լուսանկարում) մեզ հետ զրույցում պատմեց, որ հանդիպումներ են ունեցել հասարակ քաղաքացիների, լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նա նշեց, որ հիմնականում դիտարկումներ են ունեցել նախընտրական փուլում. «Հիմնականում բոլոր քաղաքական ուժերը փորձում էին տպավորություն ստեղծել, որ ցանկանում են մի լավ բան անել Հայաստանի համար, լուծել Հայաստանում գոյություն ունեցող խնդիրները: Սակայն մեր զրույցները հասարակ քաղաքացիների հետ ցույց տվեցին, որ նրանք ոչ բոլոր դեպքերում էր, որ հավատում էին քաղաքական ուժերին»:

Տիկին Գոդսկեսենը նշեց նաեւ, որ ահազանգեր են ունեցել նաեւ ճնշումների վերաբերյալ. «Ճնշումներ են եղել քաղաքացիների, լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վրա»:

Փոխարենը տիկին Գոդսկեսենն ընդհանուր առմամբ լավ է տրամադրված ՀՀ բնակչության նկատմամբ: Նրա փոխանցմամբ` ի տարբերություն շատ այլ երկրների, հայերը բարյացակամ էին եւ հոժարակամ խոսում էին իրենց հետ կատարվածի մասին:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ-Երեւան

«Առավոտ»

28,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930