Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյան. Որևէ գործառույթ առանց էլեկտրոնային համակարգի չպետք է իրականացվի

Ապրիլ 29,2017 14:29

«Մենք առաջին անգամ գործարկեցինք հնարավորություն, որը բնականաբար, շարունակություն է ունենալու, որ քաղաքացին օգտվի իր սոցիալական իրավունքից՝ առանց տնից դուրս գալու, առանց ավելորդ շփումների, առանց որևէ խնդրի»,- ապրիլի 29-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա կարևորում է այս գործընթացը կոռուպցիայի դեմ պայքարի տեսակետից. «Համակարգային փոփոխությունների առաջին լուրջ քայլն ենք իրականացրել, քանի որ տվյալ դեպքում մեկ ծրագրից հնարավորություն ենք տվել տարվա կտրվածքով շուրջ 35 հազար քաղաքացու ուղղակի չայցելել տարածքային կենտրոն, ուղղակի առանց դիմումի իրացնել իրենց իրավունքը: Սա վերաբերելու է բոլոր տիպի դրամական վճարումների ծրագրերին: Այսինքն՝ սա ուղղակի առաջին քայլն է»:

Նախարարը նշեց, որ ապրիլի 10-ի դրությամբ ստացել են ծննդյան միանվագ նպաստի համար շուրջ 7400 դիմում, որից 3000-ը՝ առցանց. «Սա շատ էական եմ համարում, քանի որ շատ դեպքերում մենք ստեղծում ենք հնարավորություն, բայց քաղաքացիների ոչ իրազեկված լինելու կամ գործիքներից օգտվելու հնարավորություն չունենալու պատճառով դրանք չեն կիրառվում և չեն ունենում այն արդյունքը, որը մենք ի սկզբանե նախատեսել էինք: Տվյալ դեպքում՝ կարող եմ ասել, եթե այս ժամանակահատվածում դիմումների շուրջ 50 տոկոսը տրվել է առցանց եղանակով, ուրեմն՝ այդ ծրագիրը իսկապես իր նպատակին ծառայել է, և իսկապես այսօր կարող ենք ասել, որ մեր քաղաքացիների կյանքը թեթևացրել է»:

Արտեմ Ասատրյանի խոսքերով՝ նախատեսվում է ստեղծել մեկ միասնական մարմին՝ դրամական վճարումները կատարելու համար, որը հիմնված է լինելու էլեկտրոնային համակարգի վրա. «Քաղաքացին նույնիսկ առանց տարածքային կենտրոն դիմելու՝ առցանց եղանակով դիմելով պետք է իր իրավունքը իրացնի: Սա է մեր տեսլականը և պատկերացումը: Առաջիկա ժամանակահատվածում նախատեսում ենք ունենալ ամբողջական էլեկտրոնային սոցիալական ծառայությունների համակարգի տեխնիկական առաջադրանքը, որպեսզի որևէ գործառույթ առանց էլեկտրոնային համակարգի չիրականացվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930