Հաց բերող Արթուր Սարգսյանը

Հաց բերող Արթուր Սարգսյանը

Լուսահոգի Արթուր Սարգսյանն  իր կյանքը վտանգելով՝ հաց էր տարել «Սասնա ծռերի» տղաներին, բայց ժողովուրդը նրան անվանակոչեց ոչ թե՝ «հաց տանող», այլ ընդհակառակը՝ «հաց բերող»: Հաց բերող Արթուրի մասին շատերն են գնահատանքի խոսքեր ասել ու գրել և դեռ շատերը կասեն ու կգրեն, բայց սա մեր ավանդական «գնա մեռի՝ արի սիրեմ» տարբերակը չի. Արթուրը, լինելով բոլորիցս չափազանց տարբեր, բոլորիս կողմից սիրվեց դեռևս իր կենդանության օրոք, և, լինելով բոլորիցս չափազանց տարբեր, դեռևս իր կյանքի օրոք բոլորիս կողմից ոչ միայն սիրվեց, այլև հասկացվեց, և, լինելով բոլորիցս չափազանց տարբեր, իր ու մեր տարբերությունը երբևէ չշեշտեց ու զգացնել չտվեց, ավելին. մշտապես հղում էր մեզ իր չափազանց մեղմ, չափազանց ներողամիտ ու չափազանց խոսուն ժպիտը, որն իր մշտական ուղեկիցն էր իր կյանքի նույնիսկ ամենածանր պահերին:

Բոլորը, գրեթե բոլորը սիրեցին նրան, որովհետև, լինելով մեզանից չափազանց տարբեր, չափազանց նման էր մեզ: Ավելի ճիշտ՝ ոչ թե մեզ էր նման, այլ՝ մեր մասին ունեցած մեր պատկերացումներին: Մեր պատկերացումների մեջ մենք բոլորս էլ Արթուր Սարգսյան ենք, և իր ու մեր տարբերությունն այն է, որ ինքն իրականում ու իրականության մեջ էր Արթուր Սարգսյան:

Իր բոլոր լուսանկարներում միևնույն հագուստով էր. հակված եմ կարծել, որ վերջին շրջանում ինքն ընդամենն էդ մի անգամն էր լուսանկարվել: Այսինքն , ինքն իրեն ցուցադրել ու գովազդել չէր սիրում: Բայց այնպես ստացվեց, որ ինքն իր կամքից անկախ՝ բոլորից շատ ցուցադրվեց ու գովազդվեց: Իր կյանքի օրոք և հետմահու: Նույն շորով և նույն ժպիտով:

Հիմա, երբ գրում եմ իր մասին, մտածում եմ՝ միթե ես նա եմ, ով արժանի է գրել իր մասին և գնահատական տալ իրեն: Բայց մյուս կողմից էլ մտածում եմ, որ պարտավոր ենք գրել իր մասին և մշտապես հիշել իրեն: Դա ոչ թե իրեն է հարկավոր, այլ՝ մեզ:

Մենք մտավորականներին փնտրում ենք գրողների, երգիչների, նկարիչների ու արվեստագետների մեջ, մշտապես մոռանալով ու չհիշելով, որ մտավորականն առաջին հերթին մարդ է և մտավորականին պետք է փնտրել մարդկանց մեջ:

Մտավորականն Արթուր Սարգսյանն էր, ավելի ճիշտ՝ է: Քանի դեռ փորձում ենք հասկանալ իրեն, նա ողջ է: Եվ նա անմահ է, քանի որ մշտապես փորձելու ենք հասկանալ իրեն, իր արածն ու իր ապրած կյանքը: Ինչքան էլ ճգնենք հասկանալ իրեն, թերի է ստացվելու, որովհետև ինքը չափազանց էր տարբեր մեզանից ու մեր ճանաչած բոլորից: Եվ քանի որ չափազանց էր տարբեր մեզանից, իր մասին մեր ասածներն այսպես ու այսքան վերամբարձ են  ստացվում: Որովհետև իր մասին ավելի պարզ ու հասկանալի արտահայտվելու համար պիտի գոնե մի քիչ նման լինեինք իրեն: Ինչքան էլ մեզնից ոմանք ցույց տան թե՝ իրենք շատ չեն տարբերվում հաց բերող Արթուր Սարգսյանից, համոզիչ չի լինելու, որովհետև եթե մեր շարքերում իր նմանները լինեին, ինքն իր առաքելության մեջ այդքան մենմենակ ու միայնակ չէր լինի:

Առաքելություն ասելով՝ առաջին հերթին իր հաց տանելը, ավելի ճիշտ՝ իր հաց բերելը նկատի ունեմ: Եվ եթե մենք էապես ենք տարբերվում իրեն մահվան դուռը հասցնողներից, դա դեռ չի նշանակում թե՝ առանձնապես նման ենք իրեն:

Ինքը նաև Արցախի զինվորներին է հաց տարել: Եվ շատ տրամաբանական էր, որ շատերը պահանջում էին իրեն հուղարկավորել Արցախի հերոսների Եռաբլուր պանթեոնում:

Արթուր Սարգսյանը մեր ժամանակի հերոսն էր: Նա հերոս էր, որովհետև իր կյանքը վտանգելով՝ հաց էր տանում մարդկանց: Նա հերոս էր, և իր կյանքը ծայրեծայր անձնազոհություն էր: Նրան Եռաբլուրում հուղարկավորելու պահանջ ներկայացնողներն այդ թեման շատ շուտ փակեցին, երևի հասկանալով, որ որտեղ հուղարկավորվի Արթուր Սարգսյանը, հենց այդ տեղն էլ կդառնա պանթեոն: Համոզված եմ, որ իր  շիրիմը կդառնա ուխտատեղի: Եթե, իսկապես, արժանի ենք իրեն: Եվ եթե իսկապես արժանի ենք իրեն, այսուհետ ևս ու մշտապես կփորձենք հասկանալ իրեն ու իր կյանքը: Եվ եթե հասկանանք իրեն ու իր ապրած կյանքը, իր մասին ավելի պարզ ու ավելի հասկանալի կարտահայտվենք, քան այս վերամբարձ խոսքս է:

Մենք շատ ենք ասում ու կրկնում, որ այս նորագույն ժամանակներում մարդ արարածը վերջնականապես կուլ է գնացել նյութին ու փողին: Արթուր Սարգսյանը հակառակն ապացուցեց: Նա փառահեղորեն ցույց տվեց, որ մարդը հավերժական գոյություն ու արժեք է: Նա ցույց տվեց, ու շատերը տեսան:

Շատերը տեսան ու համոզվեցին, որ հնարավոր է մարդ լինել:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

29.04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Մարմնապէս հիւանդ եւ հոգեպէս խոցելի,
    բարի ու խոնարհ մարդ մըն էր,
    որ արդէն շատ բան չունէր կորսնցնելիք,
    եւ որ, կարգ մը ծափահարութիւններից խանդավառուելով, խրախուսուելով,
    ինքնաքայքայման ճանապարհը բռնեց, մինչեւ ծայր:

    Իշխանութիւնը իր պատասխանատւութեան բաժինը ունի իր մահուան մէջ, սակայն նաեւ անոնք որոնք այսպէս չափազանցեալ կերպով «հերոսացուցին» զինք:

    Եթէ պատկերաւոր կերպով ըսուելու է թէ Պետութիւնը զինք սպանեց,
    ապա նոյն ոճով աւելի կարելի է ըսել թէ վերեւի յօդուածի նման խօսքեր եւ գրութիւններ է որ զինք սպանեցին, թէ այդ ձեր միւս «հերոսները» իր մահուան պատճառ հանդիսացան:

    Եւ դեռ շարունակում էք… Երեւի որպէսզի ուրիշներ ալ խանդավառուին, եւ նոյնանման ուղի հետեւին…

    Վաստ ինչի՞:

    Ցաւալի վիճակ:

  2. Հ.Շ. says:

    Այդ երիտասարդները որոնք պարբերաբար – ընդհանրապէս շաբաթավերջին – փողոց են իջնում, մի քանի խնդուքների միջեւ դատարկ լոզունքներ պոռալ-կանչելու համար, թող այս խեղճ մարդուն մասին մտածեն երբ որ մնացեալ ժամանակը, հագուած-շքուած շպարուած, իրենց փրփրոտ քափուչինոն կամ սորպէն վայելում են Երեւանի սիրուն քաֆեներուն մէջ, կամ հայելիին առջեւ իրենց «հմայիչ» սելֆին փոխում են իրենց ֆէյսպուքի էջին վերեւը, յետոյ սրտատրոփ հաշուելու համար թէ քանի հատ լայք են ստանալու, քանի հատ սրտիկ, քանի հատ ուա՜ո…

    Փաստօրէն, ֆոլքլորը կարող է մահացու լինել: Ինչպէս նաեւ նարկիզականութիւնը:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք