Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագնի թաղամասում բացվեց Հակոբ Հակոբյանի «Փյունիկ» քանդակը

Մայիս 01,2017 13:05

Վերջերս Վահագնի թաղամասում հայտնվեց նոր բնակիչ. ավելի քան 3 մետր բարձրությամբ մետաղյա «փյունիկ»:

Հայ մեծ նկարիչ, քանդակագործ Հակոբ Հակոբյանի մանրաքանդակի օրինակով ստեղծված «Փյունիկ» քանդակի պաշտոնական բացումը տեղի ունեցավ ս.թ. ապրիլի 30-ին թաղամասի կենտրոնական պուրակում: Քանդակի վերակերտումը հայտնի արվեստագետ Համլետ Մատինյանի աշխատանքն է: Այն կյանքի է կոչվել Վահագնի թաղամասի բնակիչ Կարո Շահբազյանի պատվերով, ապա նվիրաբերվել թաղամասին:

Քանդակի բացման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ն.Գ. Ռիչարդ Միլսը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, Վահագնի թաղամասի տնօրեն Նինա Հովնանյանը, քանդակի նվիրատու Կարո Շահբազյանը, թաղամասի բնակիչները և այլ հյուրեր:

Քանդակը պատկերում է առասպելական փյունիկ թռչունը շարժման մեջ՝ որպես կյանքի, փոխակերպման ու վերածննդի խորհրդանիշ: Հակոբ Հակոբյանի այս գլուխգործոցն արտացոլում է անհատի հաղթական ոգին, ապրելու ու ստեղծագործելու ազատությունը, ներքին ձգտումներն ու դրանք իրագործելու ուղին:

«Հակոբ Հակոբյանն իր քանդակները կենդանի էակներ էր համարում: Ինչպես նա էր ասում կյանքի օրոք՝ քանդակներն ապրում են ինչպես մարդիկ: Վստահ եմ՝ արվեստի այս գլուխգործոցը՝ ինչպես կենդանի էակ, ավելի ջերմ ու դրական հույզեր կփոխանցի մեր թաղամասի բնակիչներին ու հյուրերին: Վահագնի բնակելի թաղամասի բնակիչների և անձամբ իմ անունից խորին շնորհակալություն եմ հայտնում պրն. Շահբազյանին այս հրաշալի նվերի համար»,- արձանի բացմանն ասաց տիկին Հովնանյանը՝ նվիրատուին հանձնելով շնորհակալական ցուցանակը:

Վահագնի թաղամասի կենտրոնական այգին զարդարող «Փյունիկ» քանդակը մեկ այլ հրաշալի հնարավորություն է հիանալու ու նորովի բացահայտելու Հակոբ Հակոբյանի ինքնատիպ ձեռագիրն ու անսպառ տաղանդը: Քանդակի նախնական անունն է «Հավք», սակայն թաղամասի տնօրեն տիկին Հովնանյանն այն վերանվանել է «Փյունիկ»։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031