Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե եթե այստեղ մի 100.000 աշխատավարձ ստանար, կմնար, իրա ընտանիքի հետ կլիներ»

Մայիս 03,2017 19:34

Հայաստանում աշխատանք չունենալու պատճառով, այսօր շատերն են լքում հարազատ երկիրը: Օտար ափերում աշխատանք գտնելու հույսով, արտերկրի ճանապարհն են բռնում նաեւ լոռեցիները: Լոռու մարզի Դարպաս համայնքի բնակչուհի Անիկ Աբրահամյանի որդին էլ, արդեն մի քանի տարի է, ինչ ընտանիքը պահելու համար մեկնում է արտագնա աշխատանքի:

«Մի 2 շաբաթ կլինի` խոպան է գնացել տղես: Շինարարություն է անում: Միշտ էլ գնում է, բա ի՞նչ անենք, ինչ՞ով ապրենք: Մինչեւ պարտքերը տալիս ենք, նորից պարտք,նորից տոկոս ենք վերցնում: Սկզբից լավ էր գործերը, բայց հերու, օրինակ լավ չէր: Ստից աշխատում, ապրում ենք»:

2 երեխաների հայրն արդեն 4 տարի է, ինչ մեկնում է Ռուսաստան: Այժմ էլ Սոչի քաղաքում է, շինարարությամբ է զբաղվում: Ընտանիքի միակ ապրուսը պետության կողմից տրվող ընտանեկան նպաստն է. «Հարսս աշխատում էր կարի ֆաբրիկայում, բայց հիմա թեւը ցավում է, մի քանի ամիս է` էլ չի աշխատում: Նպաստ ենք ստանում, դրանով էլ ապրում ենք»,- պատմում է տիկին Անիկը:

Նա ասում է, որդին չէր ցանկանում մեկնել Ռուսաստան, բայց այլ տարբերակ չկար: Միջոցներ ու պայմաններ չունենալու պատճառով այս տարի էլ գարնան գալուն պես՝ ստիպված բռնել է «խոպանի» ճանապարհը. «Դե եթե այստեղ մի 100.000 աշխատավարձ ստանար, կմնար, իրա ընտանիքի հետ կլիներ: էնքան որ յոլա գնանք: Ընտանիքը այստեղ, ինքն այնտեղ, բա սա լա՞վ է»:

Տիկին Անիկն էլ ընտանիքին իր չափով է փորձում օգնել: Տնամերձ հողատարածքն է մշակում: Ասում է ոռոգման ջուրը կա, սերմացուն էլ ավելի թանկն է առել, հուսով է բերքը լավ կստացվի. «Կարտոշկա, լոբի, կանաչի, դդում եմ ցանում: Անցած տարի 150 կգ կարտոշկա եմ ցանել, 300 կգ հավաքել եմ: Մեր համար է, չենք ծախում, էդ ինչքան ենք բերք ստանում, որ ծախենք: Մի քանի ամիս հետո էլի ենք առնում, քիչություն է անում: Քաղաքում տուն ունենք, բայց չի ձգում քաղաքը: 3 տղա ունեմ երեքն էլ Ռուսաստան են: Մենք էլ եկել ենք գյուղ: Գյուղում ավելի լավ է: Անասուն չենք պահում, բայց մի 3 հատ հավ ունեմ»:

Տիկին Անիկը հուսով է, որ մի օր հարազատ երկրում աշխատանք կլինի, տղան էլ այլեւս չի բռնի արտերկրի ճանապարհն ու ընտանիքից հեռու չի ապրի:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031