Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Անահիտ Պողոսյանից

Մայիս 03,2017 22:16

Որդիս՝ Գագիկ Վարդանի Միքայելյանը, ծնվել է 15.11.1984 թ. Երևանում, ամուսնացած է, խնամքին ունի երկու անձ (կինը և երկու տարեկան դուստրը), նախկինում չի դատապարտվել, աշխատում էր Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ, 2016 թ. հուլիսի 25-ին ձերբակալվել է Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով: Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ձերբակալման հենց սկզբից խախտվել են որդուս բոլոր իրավունքները:

Նրան համոզել են, որ հրաժարվի պաշտպան ունենալու իր իրավունքից՝ նշելով, որ «պաշտպանն ավելորդ գլխացավանք է, ոչինչ չի փոխելու, ավելի լավ է՝ գրես, որ քարեր ես նետել ոստիկանների ուղղությամբ, և 72 ժամ կմնաս ՁՊՎ-ում ու կգնաս տուն»: Որդիս, մտածելով, որ ոստիկանն իրեն չի խաբում, հրաժարվել է պաշտպան ունենալու իր իրավունքից և գրել. «Այո՛, ես քարեր եմ նետել»:

2016 թ. հուլիսի 27-ին դատարանն ապօրինաբար Գագիկի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառում կալանավորումը, և նրան տեղափոխում են «Նուբարաշեն» ՔԿՀ: Սկսվում է մի շինծու դատավարություն, որի ժամանակ նորից հայտնվում է ոստիկանի նման մի «բարի» մարդ և խորհուրդ է տալիս, որ Գագիկն արագացված դատաքննություն անի. դատարանը մեղմ կվերաբերվի նրան, կազատի դատարանի դահլիճից կամ կվճռի, որ ազատազրկումը պայմանականորեն չկիրառվի, քանի որ նա տան միակ կերակրողն է և չունի քրեական անցյալ, հատկապես երբ քար նետելը քրեորեն պատժելի հանցանք չէ, և նրա նետած քարից ոչ ոք չի տուժել և չէր կարող տուժել: Սակայն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Գագիկին ազատազրկեց երեք տարի ժամկետով:

Դատարանն այդ վճիռը կայացրել է՝ առանց հաշվի առնելով մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ: Նախ՝ այն, որ քար նետելը հանցագործություն չէ, Գագիկի գործողություններում բացակայում է հանցակազմը, Գագիկ Միքայելյանն ունի ընտանիք, և իր խնամակալության տակ են գտնվում կինը և երկու տարեկան դուստրը: Նախկինում աշխատել է ԳԱԱ պատմության ինստիտուտում, որի տնօրեն Ա. Մելքոնյանի կողմից դատարան էր ներկայացվել դրական բնութագիր: Գագիկն ապրիլյան քառօրյա պատերազմին, թողնելով իր ընտանիքը բախտի քմահաճույքին, կամավոր մեկնել է Արցախ։ Դատարանը հաշվի չառավ նաև կամավորական ջոկատի հրամանատարի կողմից տրված դրական բնութագիրը, ինչպես նաև դպրոցի տնօրենի կոլեկտիվի և Խաչիկ գյուղի գյուղապետի դրական բնութագիրը:

Ուզում եմ ավելացնել, որ որդիս ունի երիկամների լուրջ խնդիր, և նրա՝ ազատազրկման մեջ մնալը միայն բացասական ազդեցություն է ունենում առողջության վրա:

Մի քանի անգամ Ձեզ և տարբեր կառույցների դիմել ենք այս խնդրով, բայց ամեն անգամ բացասական պատասխան ենք ստացել:

Հույս ունենք, որ գոնե այս նամակը Դուք կկարդաք և կմիջնորդեք, որ Գագիկ Միքայելյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանը մեղմ վերաբերվի, և նա իրեն տրված պատիժը պայմանականորեն կրի ազատության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031