Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետ․«Լիքը թերություններ կան, լրագրողները չպիտի սազն առնեն ու մեզ գովեն»

Մայիս 03,2017 23:59

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, շնորհավորելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով, իր նկատառումները ներկայացրեց ժամանակակից հայ լրագրության մասին։

«Պատահական չէ, որ մենք ասում ենք 4-րդ իշխանություն, իշխանություն բառը վերաբերում է նաև ձեզ, մեզանից բացի դուք եք նաև իշխանություն։ Իսկ իշխանությունը հետաքրքիր բան է՝ ունի և՛ իր դրական, և՛ իր բացասական կողմերը, եթե ճիշտ չես օգտագործում այն և՛ պետական պաշտոնյան կարող է չհաջողել իր աշխատանքի մեջ, եթե չի պատկերացնում իր իրավունքներն ու պարտականությունները, և՛ նույն ձևով ինձ թվում է ցանկացած իշխանավոր՝ լինի 1-ին, 2-րդ, 3-րդ, թե 4-րդ իշխանության ներկայացուցիչ։ Ես, իհարկե, կողմ եմ թափանցիկ աշխատանքին, դա հնարավորություն է տալիս պաշտոնյային միշտ լինել զգաստ, զուսպ, մտածող, և եթե չկա հակակշիռը, եթե չկա վերահսկողությունը հասարակության կողմից, մարդ էակն էդպիսին է, ինքը թուլանում է։ Երևի եղել են դեպքեր, երբ որ դուք լուսաբանել եք ու որպես լրագրող մտածել եք՝ լավ, ոչ մի տրամաբանության մեջ չի մտնում էս մարդու արարքը, ինչի՞ է էս ձևով եղել, ինձ թվում է հասարակության կողմից վերահսկողության պակասն է։ Ես կողմ եմ քննադատությանը, ևս մեկ անգամ ուզում եմ շեշտեմ, որ պետական պաշտոնյային պահում են իր շրջանակների մեջ, որ ինքը չկարողանա դուրս գալ էդ շրջանակներից։ Իհարկե՝ ի նպաստ իրեն ու իր ճակատագրին հետագայում, բայց դեմ եմ հայհոյանքներին։ Ցավոք սրտի, կան լրատվամիջոցներ, որոնք այդ նշաձողն են պահել, կան նաև  լուրջ լրատվամիջոցներ, որոնք որակյալ նյութ  են մատուցում հասարակությանը։ Իմ շփումներից երբեմն զգացել եմ, որ որոշ մամուլի ներկայացուցիչներ պատկերացրել են, որ իրենք պարտականություն, պատասխանատվություն չունեն, օժտված են միայն իրավունքներով։ Չկա էդպիսի բան աշխարհի վրա, եթե կա իրավունք, անպայման կան նաև պարտավորություն և պատասխանատվություն։ Մի ասացվածք կա՝ ասում է սրի կտրածը կլավանա, բայց լեզվինը՝ ոչ։ Ես կարծում եմ, որ գրչի կտրածը մարդու համար կարող է ճակատագրական լինել, որովհետև մարդիկ իրենց կյանքը նվիրում են իրենց հայրենիքին, աշխատանքին ու ոչ ճիշտ վերաբերմունքի դեպքում կարող է մարդու քառասուն տարվա անբիծ կենսագրությունը մի վայրկյանում փոշիանա։ Մենք մտածում ենք՝ ի՞նչ արեցինք, մարդուն սպանեցինք, ֆիզիկական ոչնչացումը կարող է մարդու համար այդքան ցավ չլինի, ինչքան ասենք բարոյական ոչնչացումը։ Բայց  ես միանշանակ կողմ եմ լուրջ քննադատությանը՝ հայհոյանքին դեմ լինելով»։

Հովսեփ Սիմոնյանը Շիրակ մարզում լրատվամիջոցների մեծ քանակը բացատրում է մարզի ինքնատիպությամբ։

«Շիրակը աչքի ընկնում է լրատվամիջոցների առատությամբ,  դա գալիս է մեր մարզի ինքատիպությունից, որ մենք պետք է ամեն ինչը ճոխ ունենանք։ Ինձ մեկ-մեկ ասում են՝ ինչո՞ւ են ձեր մասին շատ գրում, ասում եմ՝ ոչ թե ես եմ շատ բաներ անում, այլ դուք չունեք լրագրողներ։ Միշտ, երբ որ մարզը լուսաբանվում է, հաճելի է, ու ես գտնում եմ, որ մենք ունենք մեկ ընդհանուր բան․ պետություն կառուցելն է։ Ամեն մի իշխանություն իր փոքրիկ լուման պիտի ունենա երկրի կառուցման գործընթացի մեջ։ Մենք ունենք շատ լուրջ անելիք մեր քաղաքացուն դաստիարակելու, դարձնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որ մարդը հասկանա ինքը պարտականություն ու պատասխանատվություն ունի, որ առավոտ չհայհոյի, ցերեկը, գիշերը չհայհոյի, այլ մտածի՝ ի՞նչ է իրենից կախված, որ թերությունները վերացնենք։ Հայհոյելով երկիր չենք կառուցի, այլ կկործանենք։ Իմ կարծիքով ցանկացած նյութ իր մեջ պիտի ունենա գերնպատակ․ ինչո՞ւ ենք հրապարակում, հրապարակում ենք, որ կարողանանք դաստիարակել քաղաքացի, որ հասկանան լավն ու վատը, ո՞րն է կարելի, որը չի կարելի, ձևավորվենք վաղվա քաղաքացուն»։

Շիրակի մարզպետը շատ գոհ է լրագրողների հետ համատեղ աշխատանքից, հաճույքով է շփվում, թեև, ըստ նրա, կան որոշակի հրապարակումներ, որոնցից երբեմն նեղվում է։

«Թող բոլոր նյութերը լինեն օբյեկտիվ՝ անկախ նրանից դրանք հաճելի կլինեն էս մարդուն կամ ինձ, դրանք երկրորդական հարցեր են, առաջնայինը օբյեկտիվությունն է։ Դուք հարվածի չափը, ուժգնությունը չեք պատկերացնում, թե ինչ հարված եք տալիս մարդուն, ստացողը գիտի, խփողը չգիտի։ Ես ուզում եմ, որ հարվածը լինի տեղին, ժամանակին և էդ հարվածով մենք կարողանանք կառուցող մեխը իր տեղը խփել, ոչ թե զուր տեղը խփելով, փչացնելով, ջադրելով զբաղվեք․․․ Լրատվամիջոցը չպիտի զբաղվի այս մարդուն ասելով՝ ինքը պուպուշ է, եթե տվյալ մարդու մոտ դա հաճելի իրավիճակ է, իմ պատկերացմամբ էնքան էլ լավ չէ, որ մարդուն մշտական պիտի գովաբանեն, հնարավոր չէ, առավել ևս մենք լիքը անելիքներ ունենք, մեր խնդիրները լուծված չեն, որ առավոտից իրիկուն լրատվամիջոցները սազը առնեն ու սկսեն մեզ գովալ։ Մենք ունենք թերի տեղեր ու չեք պատկերացնի ինչքան գոհ եմ, որ կոնկրետ մեր մարզում լրատվամիջոցները շատ են, դա նաև մրցակցություն ու օբյեկտիվ լրատվություն է ապահովում։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ լրագրողների զենքը, որ ձեր ձեռքում է, լինի արդար ու ճիշտ ձևով, ճիշտ ժամանակին օգտագործեք ու դրանից շահի մեր ժողովուրդը, մեր պետությունը, բոլորս իրար հետ»,-ասաց մարզպետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mrut says:

    Նունե ջան,ինչի ես սրան այսքան գովազդում?????????????

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031