Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարոն Մարգարյանը «Գազել» է բերում, բայց մարդ կա՝ «Ռաֆ»-ի բալեշչիկ է»

Մայիս 04,2017 15:00

Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի պատասխանը
«շեֆի տրամադրությունը չփչացնող» ՀՀԿ-ականներին

Էրեբունի համայնքում «Ելք» դաշինքի անդամների քարոզարշավի ժամանակ Տարոն Մարգարյանի համակիր մի քանի կանայք Նիկոլ Փաշինյանին ասում էին, թե՝ «էս մեր թաղն ա, դուք իրավունք չունեք սկի մեր թաղը մտնեք», Նուբարաշենում էլ մի կին ասում էր, որ ամբողջ հայ ազգը պիտի Տարոն Մարգարյանի ոտքերը լվա, ջուրը խմի: «Առավոտը» «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ ի՞նչն է ստիպում մարդկանց այսպես Տարոն Մարգարյանի համար կռիվ տալ եւ նրան պաշտպանել, այդպես սիրո՞ւմ են իրենց քաղաքապետին: Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մարդիկ պաշտպանում են նրանց, դա թաղային մակարդակում ՀՀԿ-ին ծառայություն մատուցող մարդիկ են, որոնք ժամանակ առ ժամանակ ինչ-որ շահի բերումով, ասենք, ինչ-որ մեկը մի ավտոտնակի տեղ է վերցրել, մեկը իր խանութի տարածքն է մեծացրել, այսինքն՝ ադմինիստրատիվ լծակը կիրառելով՝ մարդկանց դարձնում են իրենց պարտական, այդ մարդիկ էլ ուզում են ինչ-որ կերպ շնորհակալ եւ վարձահատույց լինել ու այսպիսի բաներ են անում՝ չհասկանալով, որ իրենց այդ պոռթկումները վնասում են իրենց սիրելի թեկնածուին, քան թե օգուտ են տալիս»:

Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակով թեկնածու, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն ասում է, որ ընդդիմությունը ճանճ է ման գալիս, որ փիղ դարձնի, սեւ ակնոցներով է տեսնում ամեն ինչ, հնարավո՞ր է, որ իրականում ամեն ինչ այդքան վատ չէ, եւ դուք միայն վատն եք տեսնում, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մենք մարգինալ ընդդիմադիր թեւն ենք ներկայացնում: Մենք շատ ադեկվատ՝ լավին լավ ասելով, վատին վատ ասելով շարժվում ենք առաջ: Հիմա եթե վերելակներն ընկնում են, մարդիկ մահանում են, կարո՞ղ է սուտ ենք ասում: Եթե մարդիկ գազելներում իրենց մարդկային արժանապատվությունը նվաստացնում են, կզած, պպզած երթեւեկում են, կարո՞ղ է սուտ ենք ասում: Եթե ամեն տարի նույն փողոցը ասֆալտապատվում է, 5 սմ-ի փոխարեն 3 սմ է արվում, ու թալանում են, կարո՞ղ է սուտ ենք ասում: Կարող եմ այսպես թվարկել, որեւէ բան չենք ուռճացրել: Կա ռեսուրս, այդ ռեսուրսը մսխվում է, դրա փոխարեն մարդկանց մատուցվում են ցածրորակ ծառայություններ: Մենք գալիս ենք այդ ծառայությունների որակը բարձրացնելու եւ ռեսուրսը մեր պետության, մեր քաղաքացիների վրա ծախսելու համար»:

Մեր հարցին՝ լավ, այսքան տարի Տարոն Մարգարյանը քաղաքապետ է, մի լավ բան չի՞ արել, ոչ մի լավ բան չե՞ք տեսել իրենից, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Լավ բան արել է՝ «Ռաֆ»-երը հանել է, տեղը «Գազել»-ներ է մտցրել: Բայց մարդ կա՝ «Ռաֆ»-ի բալեշչիկ է, ուզում է «Ռաֆ»-ով շրջի, այնպես որ՝ դա էլ է հարաբերական՝ լավ բա՞ն է արել, թե՞ չէ»:

Էդմոն Մարուքյանը բոլոր նրանց, ովքեր գովում են Տարոն Մարգարյանին, հիշեցրեց Մաշտոցի պուրակը. «Մոռացե՞լ են: Կանաչ գոտիները ՀՀ-ում հետեւողական կերպով ոչնչացվում են: Դա միայն երեւանյան հիվանդություն չէ: Այդ նույն բանը Վանաձորում է եղել, Գյումրիում, բոլոր քաղաքներում: Կանաչ գոտիների վրա այստեղ պրակտիկա կա, որ կաֆեներ սարքեն ու վերացնեն այդ գոտիները, որ մի հատ նստարան չլինի, որ մարդը անվճար նստի այդտեղ, պետք է անպայման փող տաս, մի բան վերցնես, մի բան խմես, որ նստես: Հստակ վիճակագրական թվերով մենք ցույց ենք տալիս, թե ոնց են կանաչ գոտիները նվազել ՀՀ-ում: Դրանք պաշտոնական թվեր են, մեզանից չենք հնարել: Հետեւաբար մաեստրոյին ես կոչ կանեի միայն վարդագույն ակնոցներով չնայել, այլ նայել, թե վիճակագրությունն ինչ է ասում վիճակի մասին»:

«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն էլ չհամաձայնեց Մարտին Վարդազարյանի հետ, որ իրենք սեւ ակնոցներով են նայում ամեն ինչին եւ վատն են տեսնում. «Շատ հարգում եմ Մարտին Վարդազարյանին եւ իր երաժշտությունն էլ շատ լավատեսական է, ինչը շատ ողջունելի է արվեստի բնագավառում, բայց քաղաքականության բնագավառում ճիշտը թերությունները ցույց տալն է: Թող այնպես չլինի, որ խորհուրդ եմ տալիս, Մարտին Վարդազարյանին ինչ-որ բան սովորեցնելու ոչ իրավունք ունեմ, ոչ էլ իր վաստակն ունեմ, բայց քաղաքականության մեջ այսպես է՝ վատություն են անում Տարոն Մարգարյանին այն մարդիկ, որոնք միայն գովում են իրեն, ասում են՝ ամեն ինչ լավ է, ինչ հնարավոր է՝ դու արել ես, քեզանից բացի, ով էլ գար՝ չէր կարող անել: Նույն իրավիճակն է նաեւ Սերժ Սարգսյանի դեպքում, ու այդ մարդիկ նրանց համար մեկ վատություն անողն են: Որ շեֆի տրամադրությունը չփչանա, ասում են՝ դու էիր այն միակն ու անկրկնելին, որ կարող էր դա անել, որ այդ տարածքը գազոն ցաներ ու խուզեր, ա՛յ, էդ մենակ դուք կարող էիք անել: Այդպես չի: Պետք է մարդիկ ցույց տան թերությունները»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

03.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031