Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ում ապաստան խնդրած ՀՀ քաղաքացիների թիվը 2016–ին`2015-ի համեմատ, եռապատկվել է (Տեսանյութ)

Մայիս 04,2017 12:22

Վիզաների դյուրացման պայմանագրով քաղաքացիների որոշ կատեգորիաների համար նախատեսված անվճար վիզաներ տրամադրելու դրույթը Հայաստանում թերի է գործում: Այս եզրակացությանը հանգել են «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնում»:

Կենտրոնը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ իրականացնում է «ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ վիզաների տրամադրման պարզեցման մասին» համաձայնագրերի մոնիտորինգ:

Երրորդ մոնիտորինգի արդյունքները հրապարակվեցին այսօր: Ըստ այդմ, մեզանում մշակված և ներդրված չեն կոնկրետ ընթացակարգեր կենսաչափական տվյալների շրջանառման, պահպանման, տրամադրման և օգտագործման համար: ԵՄ-ի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ԵՄ-ում ապաստան խնդրած ՀՀ քաղաքացիների թիվը 2016 թվականին 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ եռապատկվել է. 2015թ. 3-րդ եռամսյակում՝ 1070 մարդ, 2016թ. 3-րդ եռամսյակում՝ 3035 մարդ:

2015թ. ընթացքում ՀՀ-ում Շենգեն գոտու դեսպանությունները, ընդհանուր առմամբ, ստացել են վիզայի 57787 դիմում-հայտ, որից մերժվել է 7105 դիմում, այսինքն`12.3 %: Համեմատելով 2012-2015 թթ. վիզաների ընդհանուր թվի տվյալները՝պարզ է դառնում, որ 2012 թվականից սկսած՝ անշեղորեն աճել է տարվա ընթացքում վիզայի դիմումների ընդհանուր թիվը (38896-ից հասնելով 57787-ի): Դիմումների թվի աճը 2012-2015թթ. կազմել է 32.69 %: Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո առաջին տարում (2014թ.) նախորդ տարվա՝ 2013թ-ի հետ համեմատած, դիմումների թիվը աճել է 12.8 %-ով, իսկ 2015-2014 թվականների համեմատ՝ մոտ 10 %-ով: Հետաքրքիր է, որ դրան զուգահեռ՝ 2012-2015թթ. աճել են նաև մերժումները (3105-ից 7105-ի)՝ 2012 թ-ի համեմատ մերժումները մոտ 8%-ից 2015թ-ին հասել են 12.3 %-ի:

Ֆրանսիայի ու Գերմանիայի դեպքում մերժումները պակասել են, մինչդեռ Շենգեն գոտու մյուս երկրների դեպքում մերժումները աճել են:

Հայաստանում 2015թ. տրված 50590 վիզաներից 10226-ը կազմում են բազմակի մուտքի վիզաները, որը կազմում է 20.2 %, 2012 թվականից ի վեր ամեն տարի թիվը ավելացել է: Չնայած 2012-2015թթ. տրված վիզաների թվում բազմակի մուտքի իրավունքով վիզաների մասնաբաժնի աճին, պետք է նշել, որ աճը կազմել է մոտ 3 %, ինչը չի կարող բավարար համարվել:

Ոչ լիարժեք են օգտագործվում փաստաթղթերի միասնական ցանկի և ընթացակարգերի ընձեռած հնարավորությունները՝քաղաքացիներին հավասար իրավունքների ապահովելու հարցում:

Այլ մանրամասները` տեսանյութում

Մոնիտորինգի արդյունքում կազմակերպությունը նաեւ առաջարկներ է ներկայացրել: Օրինակ, հյուպատոսությունները պետք է խուսափեն միանգամյա կամ 1-6 ամիս վավերականության վիզաներ տրամադրել Շենգեն վիզայի դրական պատմություն ունեցող անձանց, հյուպատոսական ծառայություններն ավելի թափանցիկ պետք է աշխատեն, Հայաստանում գործող վիզա կենտրոնները պետք է խստորեն պահպանեն ՀՀ եւ ԵՄ-ի օրենքները, հատկապես անձնական տվյալների պահպանմանը, փաստաթղթերի անվտանգության եւ տեղափոխման մասով, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը պետք է վերահսկի հյուպատոսությունների `այս առումով կատարվող աշխատանքը եւ այլն:

Առաջարկներ կան նաեւ ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչությանն ուղղված`փաստաթղթերի տրամադրման դյուրացման, թափանցիկություն հետ կապված:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031