Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ամեն տեղ էլ ծանոթներ ունեմ». Զարուհի Փոստանջյանի քարոզարշավը՝ Տարոն Մարգարյանի թաղերում

Մայիս 04,2017 14:58

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը իր թիմակիցների հետ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն իրականացրեց Ավան համայնքում: Նա մտնում էր խանութներ, սուպերմարկետներ, հացի արտադրամասեր, դեղատներ:

Խանութներից մեկում, երբ Փոստանջյանը ներս մտավ, աշխատակիցները բոլորը խուսափեցին երեւալ եւ թաքնվեցին: Փոստանջյանը հրավիրեց զրուցելու. «Մարդ չկա՞ այստեղ, ինչո՞ւ եք փախչում, ինչի՞ եք ձեր ապրանքները սենց անտեր թողել»:

Դուրս գալիս՝ նա խանութի աշխատակիցներին ասաց. «Մի՛ վախեցեք, ազատագրելու ենք, ձեզ էլ ենք ազատագրելու:

Ավանում բավականին մեծ թվով մարդիկ, պարզվեց, Փոստանջյանի ծանոթներն էին, ողջունում էին, գրկախառնվում: Լրագրողների հարցին՝ ՀՀԿ-ի ձեր մրցակցի թաղում շա՞տ ծանոթներ ունեք՝ Փոստանջյանը պատասխանեց. «Ես ամեն տեղ էլ ծանոթներ ունեմ»:

Նա ասաց, որ բազմաբնակարան շենքերի ամրացման ուղղությամբ Ավանում բավականին մեծ աշխատանք կա անելու. «Պետք է ամեն ինչ փոփոխության ենթարկվի, եւ եթե Տարոն Մարգարյանը ժամանակին այդ փոփոխությունների հարուցողը լիներ, իր պաշտոնավարման տարիներին դա կարող էր հանգիստ լուծել»:

Հարցին՝ վերելակների հետ կապված դուք ի՞նչ եք պատրաստվում անել՝ նա պատասխանեց, որ վերելակների հետ կապված ներդրումային հստակ ծրագիր կա. «Այդ ծրագրերը չեն կարողացել իրականացնել, որովհետեւ այսօր ՀՀ-ում մենաշնորհային քաղաքականություն է, իսկ մենաշնորհների համար ձեռնտու չէ, որ այլ ընկերություններ գան եւ ունենան շահույթներ»:

Հարցին՝ որո՞նք են առաջին 3 քայլերը, որ ընտրվելու դեպքում պատրաստվում եք անել՝ նա պատասխանեց. «Առաջինը պետք է դադարեցվի գողությունը՝ կոռուպցիան: Գնումների մասին օրենքի համաձայն պետք է իրականացվեն բոլոր գնումները: Այդտեղ հսկայածավալ կոռուպցիոն մեխանիզմներ են աշխատում, եթե չես գողանում, այդ գումարները կարող ես օգտագործել ըստ իրենց նպատակի: Իսկ այս պայմաններում Երեւանի բյուջեն, կարելի է ասել, յուրացվել է»:

Ավանում «Երկիր Ծիրանիի» թիմակիցները հրավիրում էին բնակիչներին Զարուհի Փոստանջյանի եւ Ռուբեն Հախվերդյանի համերգ-հանրահավաքին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031