Լրահոս
Օրվա լրահոսը

Սյուզան Խարդալյան. «Ուզում եմ ցեղասպանությունից փրկված եզդի աղջիկների խոսնակը լինել»

Մայիս 04,2017 15:50

Այս օրերին Հայաստանում է շվեդահայ ճանաչված կինովավերագրող, 3 տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ Սյուզան Խարդալյանը: Իսրայելապաղեստինյան հակամարտության մասին պատմող նրա`The Other Jerusalem ֆիլմն արդեն պատրաստ է: Այժմ ռեժիսորը ցեղասպանությունից փրկված եզդի կանանց մասին է ֆիլմ նկարում: Գերմանիայում որոշակի աշխատանք կատարել է, այժմ էլ հայաստանյան եզդիաբնակ Դդմասար գյուղ էր այցելել:

«Մեկ տարի է Գերմանիայում նկարահանումներ եմ կատարել, միաժամանակ ուզում էի տեսնել, թե ինչպես են եզդի համայնքների ներսում վերաբերվում այս խնդրին, որովհետեւ ցավոք փրկված աղջիկներին նայում են զուտ որպես սրբեր: Իմիջիայլոց, 1100 եզդի աղջիկ փրկվել է ցեղասպանությունից ու տեղափոխվել Գերմանիա, որտեղ պետության հովանու ներքո նրանց հետ վերականգնողական աշխատանք է տարվում: Երկու տարի անց աղջիկները որոշում կկայացնեն` արդյոք ուզում են մնալ Գերմանիայո՞ւմ, թե՞ վերադառնալ իրենց երկիրը: Հոգեբանական ծանր վիճակի մեջ հայտնված այս աղջիկները, որոնցից ամենաավագը 19 տարեկան է, աներեւակայելի բռնությունների են ենթարկվել: Նրանցից մեկը, որ իմ ֆիլմի կարեւոր խարակտերներից մեկը պետք է դառնա, 9 ամիս 9 մարդու կողմից բռնաբարվել է, մեկը մյուսին է վաճառել աղջկան: Այդ թեման ինձ հետաքրքրում է, որովհետեւ իմ «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի շարունակությունն է այսօրվա համատեքստում, 100 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, բայց նույնն այսօր էլ կատարվում է»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց կինովավերագրողը:

Նա հավելեց, որ ուզում է այդ աղջիկների խոսնակը լինել, որոնց փոխանակ գուրգուրանքով շրջապատեն ու օգնեն, որ վերադառնան հասարակություն, «սրբացրել ու պատին են կախել»:

«Ինչպես այս աղջիկները, իմ մեծ մայրն էլ չէր ուզենա, որ իրեն սրբացնեին, քանի որ ինքը սովորական գուրգուրանքի, խնամքի հոգատարության եւ իր հետ զրուցելու կարիք ուներ: Իսկ երբ դա չի արվում, մարդն օրվա մեջ ասես 100 անգամ նորից է «մահանում»: Հիմա այդ եզդի աղջիկները, մի կերպ փրկվել են, իրենց կրոնը չեն փոխել, վերադարձել են կյանք, բայց միջավայրն ասում է` լավ ես արել, բայց ինչ արել, քեզ համար ես արել»,- ասում է Սյուզան Խարդալյանը:

The Other Jerusalem ֆիլմի մասին կարդացեք մայիսի 5-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031