Հայերի ցեղասպանության ճանաչման պարտադրված գործընթացն ավարտված է. Արմեն Տեր-Սարգսյան

Հայերի ցեղասպանության ճանաչման պարտադրված գործընթացն ավարտված է. Արմեն Տեր-Սարգսյան

«Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարության մասին». հայտարարութունը

Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման խնդիրներում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը կառուցված է հետեւյալ հարցադրումներին տրված ճշգրիտ պատասխանների վրա.

–Հայերի ցեղասպանությունը դատարապարտվել է 1896, 1909, 1915, 1919 թթ., որտե՞ղից ծագեց Հայերի ցեղասպանության ճանաչման խնդիրը եւ Հայերի ցեղասպանությունը մեկ անգամ եւս կրկին դատապարտելու խնդիրը:

–Ե՞րբ է իրականացվել Հայերի ցեղասպանությունը, ո՞ր տարիներին, ո՞ւմ կողմից եւ ո՞րն է Հայերի ցեղասպանության ժամանակագրությունը, 1915–1923, թե՞ 1894–1923 թթ.:

–Ո՞րն է Հայերի ցեղասպանության հետեւանքով հայությանն ու Հայաստանին հասցված վնասը եւ իրականացվել է, արդյո՞ք այդ վնասի գնահատումը, հաշվարկը, այլ կերպ ասած, գոյություն ունի, արդյո՞ք վնասի հատուցման հաշվարկի ամբողջական փաթեթը:

Հայերի ցեղասպանությունը իրականացվել է 1894–1923 թթ. ընթացքում թուրքական երեք իրար հաջորդած կառավարությունների կողմից՝ սուլթանական, երիտթուրքական քեմալական:

Հայերի ցեղասպանությունը դատարապարտվել է 1896, 1909, 1915, 1919 թթ.:

1894–96 թթ. Սուլթան Աբդուլ Համիդ 2–րդի կազմակերպած կոտորածներին զոհ գնաց շուրջ 300 հազար, բռնի կրոնափոխության ենթարկվեց 200 հազար, տարագրվեց 100 հազար հայ: Հայկական կոտորածները իրականացրին թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերը, ոստիկանությունը եւ մահմեդական խուժանը։

Համիդյան կոտորածների ժամանակ տեղի ունեցած հայերի բռնի կրոնափոխությունը հիմք հանդիսացավ իսլամացման ու թուրքացման քաղաքականության սկզնավորման եւ էլ ավելի բիրտ եղանակներով շարունակության համար:

1894–96 թթ. Համիդյան կոտորածները դատապարտել են ժամանակի առաջադեմ գործիչներ Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը, Լինչը եւ ուրիշներ:

1909 թ. Ադանայի ջարդերի ձեռագիրը նույնն էր, այն կազմակերպեց թուրքական իշխանությունը, իրականացրեց ազգայնամոլ խուժանը, մասնակցեց թուրքական բանակը: Ադանայի ջարդերին զոհ գնաց շուրջ 30 հազար հայ: Ցեղասպանության փաստի առընչությամբ երիտթուրքերը դատավարություն կազմակերպեցին, որը սակայն ձեւական բնույթ կրեց: Ավելին, արհեստական կազմակերպված հրդեհի միջոցով դատավարության նյութերը փորձեցին կրակի մատնել ու ոչնչացնել, թեեւ շատ նյութեր փրկվեցին եւ պահպանվում են առ այսօր:

1915 թ. մայիսի 24–ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը հանդես եկան երիտթուրքական կառավարության սանձազերծած հայերի կոտորածներն ու ցեղասպանությունը դատապարտող հատուկ հայտարարությամբ, որտեղ 1915 թ. ապրիլյան կոտորածները որակեցին, որպես Թուրքիո նոր ոճիրը մարդկության եւ քաղաքակրթության դեմ: Տեքստում մասնավորապես ասված էր. «Գրեթե մեկ ամիսէ ի վեր, Հայաստանի թյուրք եւ քյուրտ բնակիչները օսմանյան հեղինակությունների թույլտվությամբ ու հաճախ անոնց նեցուկը ունենալով ջարդեր կը գործադրեն Հայերի դէմ: Նման ջարդեր տեղի ունեցան ապրիլի կեսին Էրզրումի մեջ (Կարին), Թերճան, Եղինէ, Պիթլիս, Մուշ, Սասուն, Զէյթուն եւ ամբողջ Կիլիկիո մեջ: Վանի շրջակա գրեթե հարյուր գյուղերի հայերը բոլորն ալ սպաննվեցան եւ Վանի հայկական թաղամասը շրջապատված էր քյուրտերի կողմէ: Միեւնույն ժամանակ Օսմանյան կառավարությունը չարչրկեցին Կոստանդնուպոլսո անպաշտպան հայ բնակչությունը: Մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված Թուրքիո այս նոր ոճիրներու հանդեպ դաշնակից կառավարությունները հանրորէն կը տեղեկացնեն Մեծ Դռանը, որ թուրք կառավարության բոլոր անդամները անհատապես պատասխանատու պիտի համարվին, ինչպես նաեւ բոլոր այն պաշտոնյաները, որոնք մասնակից դարձան այս ջարդերուն»:

1919 թ. Կոստանդնուպոլսի Ռազմական հատուկ ատյանը իրականացրեց երիտթուրք պարագլուխների դատավարությունը նրանց ներկայացնելով երկու մեղադրանք. Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու եւ կայսրության հպատակ հայերի կոտորածները, ցեղասպանությունը ու բռնագաղթը իրականացնելու, ինչի հիման վրա երիտթուրք պարագլուխներից Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Նազիմը, Քեմալ բեյը, Ջեմալ Ազմին եւ Նայիմ բեյը, Բեհաեդդին Շաքիրը հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, որն հետագայում ի կատար ածեցին Նեմեսիսի հայ վրիժառուները:

1919–ին կատարվեց Արեւմտյան Հայաստանին հասցված վնասի գնահատումը:

1920 թ. ստորագրվեց Սեւրի Խաղաղության պայմանագիրը, որի 88–93–րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին եւ 1920 թ. նոյեմբերի 22–ին ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնը վավերացրեց Իրավարար վճիռը Թուրքիայի եւ Հայաստանի սահմանի վերաբերյալ:

Վերոնշյալ փաստերը ցույց են տալիս, որ Հայերի ցեղասպանության հետեւանքով հայությանն ու Հայաստանի հասցված վնասի հատուցումը, որն իրականացվելու էր Սեւրի Խաղաղության դաշնագրի եւ Վիլսոնի Իրավարար վճռի դրույթների գործադրմամբ, ինչպես նաեւ պատճառված նյութական վնասի հատուցմամբ՝ որոշվել էր, ստորագրվել էր, վավերացվել էր, սակայն չէր իրականացվել:

Ավելին, 1923 թ. հետո այդ ամենը միտումնավոր կերպով մոռացության է մատնվել:

Հայերի ցեղասպանության դատապարտման ժամանակը

Միջազգային ընկերակցությունը Լոզանի կոնֆերանսից հետո` 1923–1965 թթ., Հայերի ցեղասպանության խնդիրը վարպետորեն շրջանցեց եւ մոռացության մատնեց:

Մոռացության պատը հնարավոր եղավ քանդել 1965 թ. Մեծ եղեռնի 50–ամյա տարելիցի օրերին Խորհրդային Հայաստանում բռնկված պահանջատիրության ցույցերով, շարժումով եւ, մանավանդ, 1973–1975 թթ. Արտերկրում ձեւավորված ազգային ազատագրական պայքարի` Գուրգեն Յանիկյանի, Գեւորգ Աճեմյանի, Սիմոն Սիմոնյանի, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի, Հայերի Ցեղասպանության Արդարության Մարտիկների եւ այլ կազմակերպությունների ու անհատների մեծ ջանքերի ու զոհողությունների գնով:

1965–1985 թվականները Հայերի ցեղասպանության ճանաչման տարիներն են: Այդ ժամանակ է, որ ազատագրական պայքարի ծավալմանը զուգընթաց` համաշխարհային լրատվամիջոցները բառացիորեն ողողվեցին հայության եւ Հայաստանի, ինչպես նաեւ Հայերի ցեղասպանության վերաբերյալ բազմահատոր տեղեկություններով, հարցազրույցներով, հոդվածներով, գրքերով, հաղորդաշարերով ու ֆիլմերով…

1985–ը` Գորբաչովյան պերեստրոյկայի եւ 1987–ը Եվրոպական պառլամենտի «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւի ընդունման տարեթվերն են, որոնց անմիջապես հաջորդել են Սումգայիթում, Բաքվում, Գանձակում եւ այլ վայրերում բնակվող հայազգի քաղաքացիների կոտորածը, բռնագաղթը եւ ԼՂՀ–ի ու ՀՀ–ի դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան:

Նոր ժամանակների հայ ազգային ազատագրական պայքարի երկրորդ փուլը Արցախյան ազատամարտն է` 1988–1994 թթ., որի հաղթական ավարտից հետո, իսկապես, որ պետք է գար Հայերի ցեղասպանության դատապարտման եւ հատուցման ժամանակը՝ մանավանդ որ, ազգովին դիմակայել էինք հայերի նոր ցեղասպանություն կազմակերպելու դավադրությանը:

Ու թեեւ թանկարժեք ժամանակը կորսված է, սակայն ամեն ինչ չէ, որ կորած է:

Պարզապես, պետք է ընդունել, որ Հայերի ցեղասպանության ճանաչման պարտադրված գործընթացն ավարտված է եւ պետք է անցում կատարել Հայերի ցեղասպանության միջազգային դատապարտման եւ հատուցման գործընթացին:

Հայերի ցեղասպանության ժամանակագրության հարցը` 1915–1923 թթ., թե՞ 1894–1923 թթ.:

Այս հարցում, իրավական դիրքորոշման տեսակետից, կարեւոր է, թե ի՞նչ ժամանակահատվածում եւ ո՞ւմ կողմից է իրականացվել Հայերի ցեղասպանությունը: Այդ իմաստով մերժելի է 1915–1923 թթ. ձեւակերպումը: Ճիշտ է եւ պատմականորեն փաստարկված՝ 1894–1923 թթ. ձեւակերպումն ու ժամանակագրությունը, որովհետեւ երեք եւ ավելի իրար հաջորդող թուրքական կառավարություններ՝ օսմանյան, երիտթուրքական, քեմալական, նույնատիպ բնաջնջման գործողություններ են իրականացրել հայության նկատմամբ: Համեմատելու համար կարող եք նայել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի 2011 թվականի ապրիլի 24–ի դիմումը` ուղղված Թուրքայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին:

Անպայման պետք է հիշատակել նաեւ 1894–96 թթ. Աբդուլ Համիդ 2–ի կազմակերպած Համիդյան կոտորածները, 1909 թ. Երիտթուրքերի կազմակերպած Ադանայի հայության կոտորածը, որոնք նույնպես Հայերի ցեղասպանության դրվագներից են: Մենք ոչ իրավական, ոչ քաղաքական, եւ ոչ էլ բարոյական իրավունք ունենք դրանք անտեսելու եւ մոռացության մատնելու, առավել եւս, որ դրանք Հայերի պահանջատիրության ապագա քայլերի իմաստով խիստ կարեւոր նշանակություն ունեն ընդհանուր շղթայի մեջ:

Հայերի ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի հատուցման ամբողջական փաթեթը:

Որպեսզի պատկերացում կազմենք Հայերի ցեղասպանության հետեւանքով հայերին հասցված վնասի հատուցման ամբողջական փաթեթի վերաբերյալ, հարկավոր է պարզապես հիշել թուրքական իրար հաջորդող կառավարությունների՝ սուլթանական, երիտթուրքական, քեմալական, հանրապետական կողմից իրականացված բոլոր հանցագործությունները մարդկության եւ հայության նկատմամբ:

Պարզապես թվարկենք դրանք.

–Այլատյացության, ազգային գերազանցության ու սնապարծության, ռասիզմի գաղափարախոսության` Պանթուրքիզմի ձեւավորում, տարածում եւ քարոզչություն թուրքական շրջանակներում:

–Հայերի տարհանման եւ Հայերի ցեղասպանության ծրագրերի ու գաղափարների մշակում, տարածում, քարոզչություն:

–1894–23 թթ. ընթացքում հայության բնօրրանում` Հայկական լեռնաշխարհում, եւ Օսմանյան կայսրության տարածքում` Հայերի ցեղասպանության ծրագրում, քարոզչություն, նախապատրաստում, հրահրում եւ իրականացում, նրա ունեցվածքի հափշտակում եւ յուրացում: Երկու միլիոնից ավելի հայերի ոչնչացում, կես միլիոնից ավելի հայերի բռնագաղթի կազմակերպում նրանց Բնօրրան Հայրենիքից:

–1915–ին եւ դրան հաջորդող տարիներին, հայերից զատ` ասորիների, հույների, արաբների (հետագայում` 1920–ական թթ. կեսերից սկսած, նաեւ քրդերի) կոտորածների ու ցեղասպանության իրականացում, նրանց ունեցվածքի հափշտակում եւ յուրացում:

–1918 թ., ագրեսիայի ձեռնարկում Արեւելյան Հայաստանի հայության նկատմամբ, ապօրինի պայմանագրի պարտադրում նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը:

–1918 թ. Բաքվի հայերի ցեղասպանության իրականացում:

–1920 թ., ագրեսիայի ձեռնարկում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այնուհետեւ անօրինական եւ ապօրինի պայմանագրերի (1920 թ., Ալեքսանդրապոլի եւ 1921 թ., Մոսկվայի) պարտադրում ագրեսիայի ենթարկված կողմին:

–1937 թ. Դերսիմի հայության կոտորածների ու ցեղասպանության իրականացում:

–1894–1923, 1923–2014 թթ. Հայոց քաղաքակրթական արժեքների, այդ թվում` պատմա–ճարտարապետական հուշարձանների եւ եկեղեցիների ու խաչքարերի ավերում, ոչնչացում:

–Հայոց եւ տարածաշրջանի այլ ժողովուրդների պատմության, մշակույթի եւ քաղաքակրթական այլ արժեքների կեղծարարություն:

–Հայերի ցեղասպանության պատմական փաստի եւ իրողության ժխտում, ուրացում, մերժում՝ ցեղասպանության ժխտողականություն: Այս հարցով Ժամանակ շահելու եւ հատուցումը հետաձգելու անիրատեսական ակնկալիքով` պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկներ:

–Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ի Իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի 97–ամյա բռնազավթում, օկուպացիա:

–1993–ից Հայաստանի Հանրապետության անօրինական շրջափակում:

Սա է ոչ ամբողջական ցանկը մարդկության եւ հայության դեմ թուրքական իրարհաջորդ կառավարությունների իրականացրած հանցագործությունների: Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները Թուրքիայի ձեռագրի ու ծրագրի պատճենահանված տարբերակներն են: Սակայն, դրանց մասին կխոսենք այլ առիթով, այլ տեղում:

Առ այսօր չի իրականացվել Արեւելյան Հայաստանին հասցված վնասի չափը եւ 1923–ին հաջորդող ժամանակահատվածում այլ հանցագործությունների միջոցով հայությանն ու Հայաստանին հասցված ողջ վնասի չափը: Սակայն այստեղ թվարկված հանցագործությունները՝ ուղիղ մատնանշում են վնասները, որոնք կարելի է եւ պետք է հաշվարկել եւ այդպես պատրաստել Հայերի ցեղասպանության հետեւանքով հայությանն ու Հայաստանին հասված վնասի իրական չափը, վնասների հատուցման ամբողջական փաթեթը:

Կարող ենք փաստել, որ Հայերի ցեղասպանությունը մինչեւ այսօր շարունակվում է եւ շարունակվելու է, քանի դեռ չի իրականացվել հանցագործության դատապարտումը եւ պատճառված վնասի ամբողջական հատուցումը: Եվ քանի դեռ հայությունը չի վերագտել՝ ապրելու, զարգանալու եւ առաջընթացի իրավական – քաղաքական, ազգային – պետական ամուր եւ անսասան հիմքերը:

Արմեն ՏերՍարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք