Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՍՈՒՆ ԳՐԱՄ

Մայիս 05,2017 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ ութսուներեքերորդ

ՀԻՍՈՒՆ ԳՐԱՄ

Եվ հայրս Ֆելոյին ասաց՝ «Ֆրունզը լայաղ ա անում հետներս շփվում ա, իսկ մենք իրան վիրավորում ենք», եւ Ֆելոն զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա իրան վիրավորել», եւ հայրս բավական երկար մտածեց ու ասաց՝ «չգիտեմ» եւ մի  քիչ էլ մտածեց ու Ֆելոյին ասաց՝ «գնա ու առանց իրա չվերադառնաս», եւ Ֆելոն ձգվեց, պատվի առավ ու ժպտալով ասաց՝ «յե՛ստ, տավարիշչ գեներալ», եւ Վոլոդյան ժպտալով ասաց՝ «մարշալ», եւ Ֆելոն կտրուկ շրջվեց ու զինվորական քայլվածքով արհեստանոցից դուրս եկավ, եւ երբ Ֆելոն արհեստանոցից դուրս եկավ, Վոլոդյան հորս ասաց՝ «նապրասնը պարնյա աբիժայեշ», եւ մինչ հայրս կմտածեր՝ ինչ ասեր, արհեստանոցի դուռը բացվեց, եւ հայտնվեցին Ֆրունզիկն ու Ֆելոն՝ երկուսն էլ ժպտադեմ, եւ Ֆրունզիկի ձեռքին ինչ-որ նախշավոր տոպրակ կար, եւ հայրս Ֆրունզիկի ձեռքի տոպրակին նայելով՝ ժպտաց ու հարցրեց՝ «էս կարող ա՞ դու էլ ես արաղ բերել», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «արաղից էլ լավ բան եմ բերել», եւ Ֆելոն ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «արաղից լավ բան էլ կա՞», եւ Ֆրունզիկը ձեռքի տոպրակը ցույց տալով ասաց՝ «սրա միջինն արաղից հազար անգամ լավ բան ա», եւ հայրս տոպրակին նայելով հարցրեց՝ «բայց ի՞նչ ա», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «մինչեւ մի բաժակ չխմենք, ցույց չեմ տա», եւ հայրս զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «դու էլ ե՞ս խմելու», եւ Ֆրունզիկը զարմացած հարցրեց՝ «ես ձեզնից ինչո՞վ եմ պակաս, որ չխմեմ», եւ հայրս հարցրեց՝ «բա ներկայացման չե՞ս», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «հիսուն գրամը չի խանգարի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Հրաչյա Ներսիսյանը ո՞նց ա խմած բեմ դուրս գալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «խմած բեմ ա դուրս գալիս ու բոլորիցս էլ լավ ա խաղում», եւ հայրս զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «ո՞վ ասեց, որ խմած ա բեմ դուրս գալիս», եւ Ֆրունզիկը փռթկացնելով հորս ասաց՝ «մի քիչ առաջ քո աշակերտ Ֆելոն էր ասում», եւ Ֆելոն զարմացած նայեց Ֆրունզիկին ու ասաց՝ «ես ըտենց բան չեմ ասել», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «բա ո՞վ ա ասել», եւ Ֆելոն առանց երկար մտածելու պատասխանեց ու ասաց՝ «ժողովուրդը», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ժողովուրդը որ ասում ա, ուրեմն՝ մի բան գիտի», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «մի քիչ առաջ լրիվ ուրիշ բան էիք ասում», եւ Ֆրունզիկը հարցրեց՝ «ի՞նչ էի ասում», եւ Ֆելոն ասաց՝ «ասում էիք, որ Հրաչյա ներսիսյանի մասին էդ բոլոր խոսակցությունները բամբասանքներ են», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բամբասանքը բամբասանք են, բայց բամբասանքների մեջ միշտ էլ որոշ ճշմարտություն լինում ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «առանց կրակի ծուխ չի լինում», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու հարցրեց՝ «ո՞ւմ ես սպասում», եւ Ֆելոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ ում սպասում», եւ հայրս խիստ տոնով Ֆելոյին հարցրեց՝ «էս բաժակներն ո՞վ պիտի լցնի», եւ Ֆելոն օղու շշի գլխիկը հանելով եւ բաժակները լցնելով՝ ժպտաց ու ասաց՝ «մի քիչ առաջ խմելուն դեմ էիր, Ուստա Հակոբ», եւ  հայրս մի քիչ  մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս կյանքում ամեն ինչ փոփոխական ա» եւ լրջանալով Ֆելոյին հարցրեց՝ «էդ դուռն ո՞վ պիտի փակի», եւ Ֆելոն վեր կացավ, ներսից բանալիով դուռը փակեց, եւ հայրս Ֆելոյին ասաց՝ «էդ զանավեսկեն էլ քաշի, որ դրսից չերեւանք», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «աշակերտի կյանքն էլ կյանք չի, Ֆելո ջան», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես իմ ուստից շատ գոհ եմ, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «մնում ա, որ ուստեդ էլ քեզնից գոհ լինի», եւ Ֆելոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուստես էլ ինձնից ա գոհ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ուղղակի՝ ցույց չի տալիս, որ գոհ ա» եւ մի  քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «մտածում ա՝ կարող ա էրես առնեմ»:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031