Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչել ու իմանալ ծննդավայրի պատմությունը բոլորիս պարտքն է

Մայիս 05,2017 13:30

Լույս է տեսել զարմիկներ Փաշիկ, Սարգիս եւ Նորայր Պապյանների հեղինակած «Ոսկեպար» հայրենագիտարանը: Ոսկեպար գյուղը (համայնքը) գտնվում է ՀՀ հյուսիս-արեւելքում. Տավուշի մարզում: Այն իր աշխարհագրական դիրքով հանդիսանում է ՀՀ հյուսիս-արեւելյան դարպասներից, եւ պատահական չէ, որ հենց այստեղ են տեղի ունենում մեր ժողովրդին սպառնացող աղետներն ու արհավիրքները:
Ինչո՞վ է ուշագրավ բնության այս գողտրիկ անկյունը, որն այդքան գրավիչ է առավելապես զավթող ու թափառական ցեղերի համար:

Առաջինը դա կախարդական էկո միջավայրն է, որում ներդաշնակորեն միահյուսված են բնության ամենաբազմազան արարչագործությունները՝ թավ անտառածածկ ոսկեփայլ լեռների հետ մի կախարդական ամբողջականություն են կազմում գետերն ու գետահովիտները, ամենաբազմազան տեսակի մրգատու ծառերը, քչքչան ու սառնորակ աղբյուրները: Երկրորդը՝ դա այդ միջավայրում ձեւավորված անհատն է, որն առանձնանում է իր աշխատասիրությամբ, հյուրասիրությամբ, բարիացակամությամբ, պայքարի իր ուրույն ոգով: Առավելապես վերջին հատկանիշի շնորհիվ է, որ Ոսկեպարի պատմությունը ձգվում է դեպի հեթանոսական ժամանակներ։ Ոսկեպարի պատմության լավագույն վկան V-ից VII դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Տարածաշրջանի գյուղերից հուշարձաններով ամենահարուստ գյուղը Ոսկեպարն է, որը լիարժեքորեն նկարագրված է գրքում։ Արխիվային նյութերի համակարգված վերլուծություններով գյուղում բնակվող տոհմերի ծագումնաբանական փաստաթղթերի կանոնակարգված դասավորությունը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել յուրաքանչյուր տոհմի ժառանգական շղթայի մասին, որը ներկա եւ եկող սերունդներին կտեղեկացնի իրենց նախնիների ծագումնաբանության փաստերին:

Բացի փաստագրական արխիվային նյութերից, հեղինակներին հաջողվել է բացահայտել գյուղի պապերի եւ նախապապերի մարտական բնավորության որոշակի առանձնահատուկ գծեր ըստ որի Ոսկեպարի տարածքում գոյատեւող մարդը երբեք չի պարտվել, ունեցել է ամուր կամք եւ հակառակորդի նկատմամբ սարսափ տարածող բնավորություն: Նա միշտ հաստատակամ կանգուն է եղել իր հողի վրա, ներշնչանքի ու պայքարող զինվորի օրինակ եղել: Դրա վառ ապացույցներն են անցած դարի 20-ական թվականների եւ Արցախյան գոյամարտի ժամանակները, երբ ոսկեպարցին ոսոխի դեմ պայքարում չերկմտեց, առաջ գնաց, պաշտպանեց իր հողը եւ ավելին՝ ազատագրեց զգալի զավթված տարածքներ:
Գրքում առանձնակի ուշադրություն է դարձված գյուղում խորհրդային կարգերի հաստատման ժամանակահատվածին, վեր են հանվել առանձին անհատների գործողությունների մանրամասները, որոնք ընթերցողին պատկերավոր տեղափոխում են գյուղի աննախադեպ զարգացման այդ ժամանակահատվածը, երբ հասարակական կյանքը դառնում էր անհատական կյանքից գերակա, երբ մարդիկ համատարած անգրագիտությունից անցում էին կատարում դեպի համատարած գրագիտության, երբ օր օրի վերակառուցվում էր գյուղը:

Առանձնակի հետաքրքրությամբ են ընթերցվում գրքի այն հատվածները, որոնք վերաբերում են Ոսկեպարի տեղանունների բացատրությանը՝ դրանք կապելով թշնամիներից տոհմերի պատսպարման եւ գոյատեւման հետ: Ընդգծված սիրով ու անսահման կարոտով է նկարագրված Ոսկեպարի բնաշխարհը՝ իրեն շրջապատող ոսկեշղթա գագաթներով, անտառներով ու բացատներով, բազմադարյան պատմական հուշարձաններով եւ, իհարկե, հարսնավզին ժանյակի պես պարուրված Ոսկեպար գետակով։ «Ոսկեպար» հայրենագիտարանի ստեղծման գործում մեծ է գրքի խմբագիր Սուրեն Միրզոյանի կատարած աշխատանքը: Եթե չլիներ այս փորձառու եւ հմուտ մատենագրի խորհրդատվությունը գրքի կառուցվածքի, նյութի հավաքագրման, խմբագրման եւ բովանդակության ամբողջականացման գործառույթներում, չէր լինի նման բովանդակալից աշխատանք: Դրա համար իմ խորը երախտիքը եւ շնորհակալությունն եմ ուղղում հարգարժան խմբագրին եւ ցանկանում եմ նրան նորանոր ստեղծագործական հաջողություններ:

«Ոսկեպար» գիրքը կարեւոր մշակութային իրողություն է ոչ միայն ոսկեպարցու, այլ յուրաքանչյուր հայի համար։ Աշխատությունն ընդգրկում է հետազոտական ամենաբազմաբնույթ հարցեր՝ միահյուսված տրամաբանական կապով եւ գիտական վերլուծությամբ ու փաստավավերագրական տվյալներով։ Գյուղի պատմությունը լուսաբանվել է բազմաթիվ արխիվային եւ գրադարանային փաստաթղթերով՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը, առաջաբանից մինչեւ վերջաբան կապակցված է, չկա օտարված բնագավառ։

Գրքի հեղինակները քաղաքից քաղաք, տնից տուն, գյուղից գյուղ անցնելով՝ կատարել են առավել արժեքավոր տոհմագրությունը։ «Ոսկեպար» գիրքը զերծ չէ մասնակի բացթողումներից ու տպագրական վրիպակներից, որոնք, սակայն, չեն ստվերում այս ծանրակշիռ եւ լուրջ աշխատությունը։ Բացթողումների հարցում մեղավորություն ունեն նաեւ համագյուղացիները, ովքեր թերացել են տվյալներ տրամադրել։
Կանցնեն հարյուրամյակներ, «Ոսկեպար» գրքի արժեքն ավելի մեծանալով՝ կմնա եւ կփոխանցվի գալիք սերունդներին՝ որպես տոհմականչ։

 

ԱՐԵՍՏԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ»

04.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031