Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական կողմի դիրքորոշումը «փափկելու» միտումներ չի դրսեւորում»

Մայիս 05,2017 16:30

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝
արտգործնախարարների մոսկովյան հանդիպման մասին

– Տեւական ընդմիջումից հետո անցած շաբաթվա վերջում ՌԴ մայրաքաղաքում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը` ՌԴ արտգործնախարարի հովանու ներքո: Բացի նրանից, որ ՌԴ-ն վերահաստատեց այս կոնֆլիկտում իր դոմինանտ դերը, որեւէ այլ արդյունք տվե՞ց այդ հանդիպումը:

– Անկեղծ ասած, այս հանդիպումից առանձնապես սպասումներ չկային էլ, որովհետեւ մինչ այդ էլ ակնհայտ էր, որ Ադրբեջանն առանձնապես տրամադրված չէ ռացիոնալ դաշտ վերադառնալուն: Հասկանալի է, որ միջնորդները փորձում են Ադրբեջանին վերադարձնել բանակցային սեղան, սակայն դա նրանց դեռեւս չի հաջողվում:
Ավելին՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է հիմնախնդրի կարգավորման հարցում փոխըմբռնումից ավելի ու ավելի հեռանալու հարցում:

– Տպավորություն կա, որ Հայաստանը զիջում է անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո իր կոշտացրած դիրքերը: Եթե մինչ այժմ հայտարարվում էր, որ բանակցությունները չեն կարող վերսկսվել, քանի դեռ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները չեն կատարվել, այժմ ՀՀ-ն գնաց ընդառաջ: Կրկին դառնում ենք ՌԴ-ի իշխանության եւ Ադրբեջանի քմահաճույքների գերի՞ն:

– Արտաքին գործերի նախարարների քննարկման օրակարգում ապրիլյան մարտական գործողություններին հաջորդած Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցն էր:
Իսկ այս պահին կողմերը ոչ միայն հեռացել են գործընթացում առաջընթացի հասնելու հնարավորությունից, այլ նաեւ բանակցությունների վերսկսումից:

Հայկական կողմի դիրքորոշումը «փափկելու» միտումներ չի դրսեւորում. իրավիճակն է այդպես թելադրում: Ինչ վերաբերում է այս կամ այն երկրի քմահաճույքին, ապա չեմ կարծում, թե առկա իրողությունները բխում են միջնորդ երկրների շահերից:

Եվ առհասարակ, քմահաճույքներով շարժվելը ոչ մի լավ բանի չի տանի. սա իմիջիայլոց:

– Մինչ մոսկովյան հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ շատ բան է փոխվել, որ ձեռք բերված համաձայնությունները պետք է կատարվեն, որ խոսքից գործի է պետք անցնել: Սակայն չէր հստակեցրել, թե իր երկրի քաղաքական իշխանությունը ե՞րբ եւ ինչպե՞ս է պատրաստվում խոսքից գործի անցնել: Ինչ-որ բա՞ն է փոխվել Ադրբեջանում կամ տարածաշրջանում, այս հրապարակային ինքնախոստովանությունն ինչո՞վ կավարտվի:

– Ադրբեջանի իշխանությունները փորձում են կառուցողական կողմ լինելու իմիտացիա ստեղծել: Միգուցե դա նրանց օգնում է ներքին լսարանի վրա «աշխատել», սակայն արտաքին աշխարհի համար տեսանելի է, թե ով, ինչպես եւ որ ուղղությամբ է «լողում»: Միաժամանակ պետք է արձանագրել՝ միջնորդ երկրների մեղմ արձագանքը Ադրբեջանի ստանձնած պայմանավորվածությունների չկատարմանը ուղիղ համեմատական է Ադրբեջանում քաղաքական դիրքորոշումների կարծրացմանը:

Ադրբեջանի իշխանական վերնախավի պատկերացումները հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ 2016 թվականի ապրիլյան գործողություններից առաջ եւ հետո չեն փոխվել, ըստ այդմ՝ խոսքից գործի անցնելու մասին ակնկալիքներն Ադրբեջանում օրակարգային չեն:

– Արցախի Հանրապետությունում ի՞նչ ընկալում կամ արձագանք գտավ տեւական դադարից հետո արտգործնախարարների հանդիպումը:

– Արցախում Ադրբեջանի տրամադրությունները շոշափում են ոչ թե նման հանդիպումների արդյունքներով, այլ առաջնագծում ադրբեջանական կողմի գործողություններով. պատկերը պարզ է: Այնպես որ, ի սկզբանե առանձնապես ակնկալիքներ չկային:

– Ադրբեջանում անցկացված մասշտաբային զորավարժությունները ի՞նչ մեսիջ էին պարունակում, եւ արդյո՞ք դա հայկական կողմերին ուղղված մարտահրավեր էր: Համենայնդեպս, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այդպես է մեկնաբանում:

– Ցանկացած նման ռազմաքաղաքական իրադարձություն որոշակի ուղերձներ է պարունակում: Այդ, ինչպես նաեւ՝ դրան հետեւած թուրք-ադրբեջանական զորավարժություններն այս փուլում առաջին հերթին արտահայտում են Արցախի հարցում Ադրբեջանի կոշտացող քաղաքականությունը:

Երկրորդ՝ Ադրբեջանն անընդհատ փորձում է առաջնագիծը թեժ պահել՝ զորավարժությունները դիտարկելով նաեւ որպես ճնշում գործադրելու միջոց:

– Շատ է խոսվում առաջնագիծը տեխնիկական հագեցվածությամբ ապահովելու մասին: Տարբեր պաշտոնյաներ անընդհատ հայտարարում են, որ վերջին մեկ տարվա ընթացքում առաջնագծի վիճակն էականորեն բարելավվել է: Ե՞րբ այդ աշխատանքները կամբողջացվեն:

– Առաջնագիծը տեխնիկապես հագեցնելու գործընթացը սկսվել է դեռեւս 2014 թվականին, սակայն դա հասկանալի պատճառներով առավել ակտիվ փուլ մտավ 2016 թվականի մարտական գործողություններից հետո:

Առաջնագծում տարվող աշխատանքները խիստ ակտիվացնելու երկու պատճառ կար: Առաջին՝ ապրիլյան գործողություններից հետո մարտական հենակետերի, ենթակառուցվածքների հիմնանորոգման մեծ թվով խնդիրներ էին առաջացել, եւ դրանք պետք էր շատ արագ վերականգնել: Երկրորդ` մարտական գործողությունների արդյունքում նկատելի դարձան որոշ խոցելի հարցեր, որոնք արագ շտկվեցին, այդ թվում՝ տեխնիկական հագեցվածության միջոցով:

Ինչ վերաբերում է աշխատանքների ամբողջացմանը, ավարտին հասցնելուն, ապա առաջնագծում աշխատանքները երբեք չեն ավարտվում: Այս աշխատանքն անընդհատ է, առանց դադարների, այլ կերպ չի էլ կարող լինել: Անընդհատ պետք է բարելավել պաշտպանական կառույցները՝ դրանով իսկ առաջին հերթին անվտանգ դարձնելով առաջին գծում մարտական հերթապահություն տանող անձնակազմի ծառայությունը:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

04.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    լավ էդ ամենից հետո ինչ եք անում. սպասում էք մինչեվ մի նոր հարձակում. ինչու չեք վերջ տալիս ռէաքսիոն քաղաքականության.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031