Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանցի տատիկները Տարոն Մարգարյանին գովեցին` ձեռքի հետ էլ խնդրանքներ ներկայացրեցին (Տեսանյութ)

Մայիս 05,2017 00:05

Ավանցիները այսօր հատուկ «զուգվել, զարդարվել» էին Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ-ի ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանի հետ հանդիպման համար: Բնակիչները, իրենց ասելով, որպես «իրենց տղա» են ընդունում քաղաքապետին: Գոհ են նրա աշխատանքից, սիրում են նրան, եւ նրանց մեջ դժվար էր գտնել մեկ հոգու, որը Տարոն Մարգարյանից դժգոհ լինի: Այստեղ քաղաքապետին մաղթանքները եւ համբույրներն էլ էին ավելի առատ, ջերմ` «Աստված հետդ», «Մեռնեմ ջանիդ», «Հաջողություն, քո արեւին մեռնեմ» եւ այլն:

Մի խումբ տատիկներ, որոնք անհամբերությամբ էին սպասում Տարոն Մարգարյանի գալուն, Aravot.am-ի հետ զրույցում արտահայտեցին իրենց ցանկությունները, որոնց ուզում էին քաղաքապետը ուշադրություն դարձնի: «Մեծ կին եմ, օրերով դուրս չեմ իջնում, շատ եմ դժվարանում վերելակից օգտվելուց: Մեր վերելակները 40 տարվա են, մի օր կմնանք մեջը, մի քանի հոգի կմեռնեն, նոր կգան կսարքեն: Վերելակների դռները կոտրած, կախված, օրերով չեն աշխատում, մուտքից շան հոտ ա գալիս, էնքան անմաքրել են թողնում: Սպասում էին Տարոն Մարգարյանին, որ այդ հարցով դիմենք, քանի որ հույսներս միայն նա է: Եկել եմ որպես  «մեր տղա» դիմեմ նրան, տեսնեմ կընդառաջի՞, թե` չէ»,-ասաց 78- ամյա Ջուլետա Դավթյանը: Նա նաեւ նշեց.«Էն ինչ Ավանը չէր տեսել, փառք Աստծո, իրա օրոք տեսավ»` օրինակ բերելով համայնքի կանաչապատումը, նստարանների տեղադրումը:

Մեկ այլ բնակիչ էլ` Նատալիա Խաչիբաբյանը, լրատվական միջոցով, Տարոն Մարգարյանից Իսահակյան թաղամասի այգու համար ցայտաղբյուր ուզեց. «2 տարի է` դիմել եմ էդ հարցով, ասել է` հարց չկա, բայց մինչեւ հիմա չի դրվել, ես մի հատ «պուլպուլակ» եմ ուզում, ուրիշ ոչ մի բան: Մեծ կնիկ ենք, նստած զրուցում ենք, ծարավելուց պիտի գնանք հասնենք 8-րդ հարկ, որ ջուր խմենք: Վերելակն էլ աշխատում ա, թե` չէ, այդպես ծարավ նստում ենք, մինչեւ տուն գնալներս»:

Իսահակյան թաղամասից տատիկները եւս մեկ դժգոհություն ունեին` երկաթյա նստարանները. «Երկաթյա նստարաններ են, նստում, սառում ենք, գոնե փայտից նստարաններ դրվեն, էս մեծ կնանիքով նստենք, թե չէ իրանից մենք շատ շնորհակալ ենք, թե մի ձեռով պիտի ընտրեմ` 10 ձեռով կընտրեմ»,- ասաց Սիրանույշ Վիրաբյանը:

Տատիկները մեզ հետ զրույցում ասացին, որ էստեղի բնակիչներ են, նույնիսկ Տարոն Մարգարյանի ընտանիքին շատ լավ գիտեն.  «Շատ լավ մայր ունի, լավ պապայա ունեցել: Ախ մենք իրեն չենք ընտրում, է, իրա արած գործն ենք ընտրում: Ինքը չտեսնված մարդ ա, իրա պապայից եկած, ժառանգական գնումա ըտենց: Հիվանդ տեղիցս հելել, շորերս հագել, եկել եմ էստեղ»:

Տատիկներից մեկն էլ փորձեց իրեն անհանգստացնող հարցը բարձրաձայնել` խնդրում եմ թող թոշակները բարձրացնի էլի, որին ի պատասխան ընկերուհին սաստեց` չէ,  էդ իրան չի պատկանում, ու խնդրող տատիկը վերջում բարեմաղթեց. «Լավ, դե ուրեմն` Աստված իրա հետ»:

Տարոն Մարգարյանին բնակիչները հիմնականում դիմում էին կենցաղային խնդիրների լուծման համար` վերելակներ, տանիքների փոխում:

Մանրամասները` տեսանյութում:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031