Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ նախագան ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման կապակցությամբ

Մայիս 05,2017 00:10

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը (Ավստրիա) և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) ափսոսանք են հայտնել այսօրվա հայտարարության կապակցությամբ առ այն, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատը երկարաձգելու հարցում։ Նախատեսվում է, որ գրասենյակը կփակվի առաջիկա ամիսներին։

«Ես ափսոսում եմ այն փաստի համար, որ չնայած երկարատև և ծավալուն ջանքերին, մշտական խորհուրդը չկարողացավ համաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի կարևոր աշխատանքին նպաստելու հարցում,- ասել է Մուտոնենը։- ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս նշել է, որ ԵԱՀԿ դաշտային գրասենյակներին պետք է տրվի ամուր մանդատ և բոլոր ռեսուրսները։ Սակայն, ցավոք, ևս մեկ դաշտային գրասենյակ է փակվում»։

Վիգենինն իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կշարունակի ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանում։

«Վերջին տարիներին Վրաստանում և Ադրբեջանում ԵԱՀԿ դաշտային գրասենյակների փակվելուց հետո Երևանի գրասենյակը ուներ և՛ խորհրդանշական, և՛ գործնական նշանակություն, որը չպետք է անտեսվեր։ Ես անձամբ օգուտ եմ քաղել գրասենյակից դիվանագիտական այցերի ընթացքում և հույս ունեմ, որ նախքան վերջնական փակումը միջանկյալ այդ ժամանակահատվածը կօգտագործվի կոմպրոմիսային լուծում գտնելու հարցում, որպեսզի երկիրը շարունակի շահել դրա աջակցությունից»,- ասել է Վիգենինը։

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը փակվում է, քանի որ դրա մանդատի երկարաձգման հարցում Ադրբեջանը համաձայնություն չի տալիս։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031