Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը հերքում է, որ Բագրատաշենի մաքսակետում քաոսային վիճակ է

Մայիս 05,2017 13:24

Մամուլում հրապարակում էր եղել, որ ադրբեջանական խնձորի ներկրման պատմությունից հետո հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում քաոսային վիճակ է, խստացված ստուգում իրականացնելու պայմաններում ֆիզիկական անձինք չեն կարողանում իրենց հետ օրենքով սահմանված 50 կգ քաշ ունեցող գյուղմթերք անցկացնել:

Մայիսի 4-ին գրավոր հարցում ենք ուղարկել ՊԵԿ, որպեսզի իմանանք, թե արդյոք Բագրատաշենի մաքսակետում քաոսային վիճա՞կ է, ադրբեջանական խնձորի ապօրինի ներկրման պատճառով Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցներից աշխատանքից ազատվողներ եղե՞լ են կամ նշանակվե՞լ է այդ առթիվ ծառայողական քննություն, ինչպե՞ս է փորձաքննության ենթարկվում Վրաստանից Հայաստան ներկրվող սննդամթերքը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից նույն օրը պատասխանել են. «Բագրատաշենի մաքսակետում քաոսային իրավիճակ չկա. ՀՀ ներմուծվող ակնհայտ առևտրային չափաքանակով մրգերի և բանջարեղենի առանց մաքսային ձևակերպումների ներկրումը բացառելու նպատակով ՊԵԿ աշխատակիցների կողմից սահմանային անցումային կետերում իրականացվում են համապատասխան միջոցառումներ, իսկ ոչ առևտրային չափաքանակների նկատմամբ իրականացվում է խիստ հսկողություն: Ինչպես արդեն նշվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ, ՊԵԿ աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի՝ կաշառք ստանալու հատկանիշներով: Քրեական գործի ավարտից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Սննդամթերքի փորձաքննության հարցի վերաբերյալ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից առաջարկել են դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031