Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՀԿ գրասենյակի փակումը դիվանագիտական մեկուսացում է». Արա Պապյան

Մայիս 05,2017 13:40

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը վստահ է, որ սահմանին չի կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի ապրիլին և 2014-ի օգոստոսին:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժություններն ու դրանց ազդեցությունը տարածաշրջանում» թեմայով քննարկմանը հնչած այն հիշեցմանը, թե անցյալ տարվա մարտին անցկացված նման զորավարժություններից հետո սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, այժմ էլ խոսվում է այն մասին, որ հայկական զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստականության, Հայկ Խանումյանն արձագանքեց. «Վիճակն անցյալ տարվա ապրիլի հետ համեմատած տարբերվում է, քանի որ ապրիլից հետո որոշակի աշխատանքներ են կատարվել առաջնագծում. տեխնիկական զինումը, ինչը հնարավորություն է տալիս հետաքննական սարքերի և տեսագրումների միջոցով հետևել թշնամու շարժին և գրեթե զրոյացնում է դիվերսիոն ներթափանցումների հնարավորությունը: Իսկ թուրք-ադրբեջանական համագործակցության մի զգալի ուղղություն վերաբերում է հենց դիվերսիոն խմբերի պատրաստմանը»:

Ըստ Հայկ Խանումյանի՝ մեծածավալ պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց այն ձևով, ինչ տեղի ունեցավ ապրիլին, 2014-ի օգոստոսին, կրկնման վտանգ չկա. «Փետրվարին Ադրբեջանը փորձեց մի քանի տեղ սահման հատել, բայց շնորհիվ տեխնիկական հագեցվածության, դա նրան չհաջողվեց»:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ հայ ժողովրդի համար ամենավտանգավոր ալյանսը ռուս-թուրքականն է՝ ռուս-թուրքական մերձեցումը:

«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանի կարծիքով՝ զորավարժություններն ուղղված են նրան, որ ստեղծեն արդյունավետ, գործուն բանակ. «Նպատակ չկա Թուրքիայի կողմից ուղղակիորեն ներգրավվելու հայ-ադրբեջանական հակամարտությանը: Այդ համատեքստում էլ պետք է դիտարկել Նախիջևանում հավանական ռազմաբազայի տեղակայման հարցը: Թուրքիան դասական առումով ռազմաբազայի կարիք չունի: Նա ուղղակի Նախիջևանում կստեղծի մի հիմք, որը հնարավորություն կտա պարբերաբար վիճակի լարման դեպքում հատուկ զորամիավորումներ տեղակայել, ինչն արվել է 1991-ից ի վեր և օգտագործվել Հայաստանի դեմ»:

Անդրադառնալով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը՝ Ստեփան Գրիգորյանը փաստեց, որ Ադրբեջանը մի շարք ուղղություններով համալիր աշխատանք է տանում. «Կտրում են մեզ դիվանագիտական այդ կառույցից, նույնն անում են Ղարաբաղի հետ. Լապշինին պահում են հենց դրա համար, որ մյուսները չգան: Դիվանագիտական ոլորտում կտրում են մեզ աշխարհից, լրագրողներին են խոչընդոտում, սև ցուցակ են կազմում, հետապնդում մարդկանց, որ չգնան Ղարաբաղ, պարբերաբար կրակում են: Իսկ մենք միայն պատասխանում ենք այդ ամենին, մինչդեռ պետք է նախահարձակ լինել»:

Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ ԵԱՀԿ գրասենյակի փակումը նաև ֆինանսական կորուստ էր. մի շարք հայեր կորցրին աշխատատեղ. «Այդ գրասենյակն իր ծրագրերով նպաստում էր պետական ինստիտուտների կայացմանը: Մեկ բան է, երբ դու ունես գրասենյակ Երևանում, այլ բան, որ չունես: Դժբախտաբար այդ գրասենյակի փակումը թուլացնում մեր կապը ԵԱՀԿ-ի՝ որպես կառույցի և տարբեր պետությունների հետ»:

Արա Պապյանի համոզմամբ՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը վկայում է այն մասին, որ աշխարհը սկսում է մեզ ավելի ու ավելի պակաս ինքնիշխան պետություն ընկալել. «Մտածում են՝ ի՞նչ կարիք կա Հայաստանի հետ այդ աշխատանքը կատարել, միևնույն է, Մոսկվայի հետ կանենք»:

Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ մենք պիտի ինտենսիվ աշխատեինք, որ դա տեղի չունենար. «Սա մեր հերթական դիվանագիտական պարտությունն է: Գրասենյակի փակումը դիվանագիտական մեկուսացում է»:

Ամփոփելով Ստեփան Գրիգորյանը հավաստիացրեց, որ ԼՂՀ-ի համար հանգիստ է, քանի որ այնտեղ լավ են աշխատում, բայց մեր հիմնական խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն է, պետական ինստիտուտների բարելավումը: Ըստ նրա՝ որ երկրում դեսպանը լավ է աշխատում, այդտեղ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. «Ցավոք, այս ԱԺ-ում չկա մի մարդ, որը Ղարաբաղից հասկանում է: Հիմա ո՞նց են պայքարելու, չգիտեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    երբ մի երկրում ամբողջ քաղաքական կառույցը ամիսներ է զբաղված է իր շահերի դասավորումով ՝ ընտրությունների անվան տակ եվ մի ավագանու ընտրության բեմադրությամբ էլ ի՛նչ դրական արդյունք եք սպասում.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031