Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պարտվել ենք մի խաղ, էն էլ կարգին չենք էլ պարտվել, խաղը հավասար չի, դատավորը ծախված է». Լեւոն Զուրաբյան (Տեսանյութ)

Մայիս 05,2017 13:58

«Կարող եք հարցնել՝ ինչու եք ասուլիս անցկացնում, էլ ԱԺ-ում չեք»,-այսօր ԱԺ ճեպազրույցում այսպիսի հարց ուղղեց եւ ինքն էլ պատասխանեց 5-րդ գումարման ԱԺ-ի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա ասաց. «Մենք պարտվել ենք մի խաղ, մի ճակատամարտ, էն էլ կարգին չենք էլ պարտվել, խաղը հավասար չի, դատավորը ծախված է, կողքից մանդատներ են փախցրել ու ստիպում են խաղալ: Նման խաղում պարտվելը ոչ ամոթ է, ոչ նվաստացուցիչ, ես կասեի՝ պատվաբեր: Մենք այդ անհավասարության պայմաններում մեր կռիվը տվեցինք եւ շարունակելու ենք տալ»:

Նա ամփոփեց, թե ինչ են արել իրենք այս 5 տարիների ընթացքում: Ըստ Զուրաբյանի, ՀԱԿ-ի մուտքը ԱԺ փոխել է քաղաքական մթնոլորտը:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ կարողացան գոնե աստիճանաբար հասնել նրան, որ այսպես կոչված՝ ոչ իշխանական ուժերը հայտնվեցին հրաշալի քառյակի մեջ. «Ինչքան էլ հիմա քննադատենք, ասենք, որ սահմանափակ խնդիրներ կարողացավ լուծել, այնուամենայնիվ, այդ քառյակը լուրջ գործընթացներ տարավ: Մենք պարտադրեցինք կառավարության հրաժարականը, հետո ձեւավորեցինք ու բարձրացրեցինք 12 կետերը, այդ կետերից որոշները պարտադրվեցին իշխանություններին եւ ստիպված էին բավարարել: Իշխանությունները կարողացան բավականին լուրջ հակազդեցության դեղեր ներառել, առաջինը տարան ՀՅԴ-ին՝ Սահմանադրության փոփոխությունների ծածկույթով, հետո ջարդեցին ԲՀԿ-ին ու հասան նրան, որ այս գործընթացները չհասան այն ավարտին, որ մենք նախատեսում էինք: Մենք մնացինք մենակ, մնացինք մշտապես պայքարող, կռիվ տվող»:

Զուրաբյանն ասաց, որ ներդրում ՀՀ-ում չի եղել ու չի էլ լինի, դրանք բոլորը հեքիաթներ են ու հաշվի առնելով կոռումպացված համակարգը ՀՀ-ի, փտած համակարգը, միակ օրակարգը հետեւյալն է՝ իշխանափոխություն, այս փտած համակարգի ապամոնտաժում, հարեւանների հետ հարաբերությունների կարգավորում:

Մենք հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս, ինչ ճանապարհով եք հասնելու իշխանափոխության, փողոցայի՞ն պայքարի տարբերակով: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Դա մեր օրակարգը չի միայն, դա մեր հասարակության օրակարգն է»:

Նա ասաց, մենք ոչ մի խնդիր չենք լուծել: Իսրայելի օրինակն ենք բերում, բայց Իսրայելը ոչ միայն հաղթանակներ է տարել ռազմական դաշտում, այլ նաեւ իր գոյությունն ապահովում է երկրի զարգացմամբ: Հայաստանը գնալով դառնում է անհեռանկարային, փտած, չզարգացող մի երկիր. «Կամ մենք իշխանափոխությունով կզբաղվենք, կամ իշխանափոխություն եթե չի լինի՝ մենք էլ չենք լինի, պետություն էլ չի լինի»:

Թե կոնկրետ ինչ ճանապարհներով են հասնելու իշխանափոխության՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ զինված ապստամբության վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ եղան: Երբ որ փակվում է ընտրություններով իշխանություններին փոխելու ճանապարհը, զինված ապստամբության միջոցով են մարդիկ փորձում դրան հասնել: Տասնյակ մարդիկ բանտում նստած են՝ նրա համար, որ հակաօրինական մեթոդներով փորձել են իշխանություն փոխել: Գնալով այդ թիվն աճելու է եւ մի օր էլ պայթելու է. «Այնուամենայնիվ, միշտ մեր հավատամքն է եղել, ինչքան էլ հասկանում ենք, որ մեր դեմը կանգնած են հանցագործներ, մենք այդ բարոյական արգելակներն ունենք: Բայց հարցը միայն դա չի, իշխանության հեռացումը չպիտի հավասարազոր դառնա պետության քանդմանը: Սա պահանջում է համբերություն, սկզբունքայնություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031