Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր պաշտոնանկություններ` Արցախի ՊԲ-ում

Մայիս 05,2017 17:27

«Իրավիճակն առաջնագծում հիմա հանգիստ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նշենք, որ նախարարի` պաշտոնավարումից հետո նման ձևաչափով առաջին հանդիպումն էր:

ԼՂՀ ՊՆ նախարարը վստահեցրեց, որ կրակի դադարեցման ռեժիմի խախտումները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այժմ կրկնակի քիչ են. «Համեմատական վերլուծությունից դուրս են ապրիլյան իրադարձությունները, որոնք նախորդող ժամանակաշրջանի լարվածության տրամաբանական շարունակությունն էին»:

Լևոն Մնացականյանը վստահեցրեց, որ այսօր Արցախի ՊՆ-ի հնարավորությունները թե՛ տեխնիկական, թե՛ ինժեներական առումով մեծացել են. «Մեր զինվորները նաև խորքային հետախուզության հնարավորություն ունեն: Մեծացել են մեր հնարավորությունները: Այժմ մենք հնարավորություն ունենք բացի ցերեկային պայմաններում մեր անհրաժեշտ խորության վրա իրականացնել հետազոտություն նաև գիշերային ժամերին»:

Լևոն Մնացականյանի փոխանցմամբ` առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման պատճառով զոհերի մեծ մասը դիպուկահարի գնդակից են. «Այսօր արդեն որոշ դիրքեր կահավորված են հատուկ հակադիպուկահարային համակարգերով։ Առաջիկա մեկ տարվա ընթացքում ավելի մեծ արդյունավետության կհասնենք հակադիպուկահարային կահավորանքի հարցում։ Ցավոք, անձնական անփութության և անզգուշության պատճառով պատահում են դեպքեր, երբ զինվորները հայտնվում են հակառակորդի խոցման դաշտում, ու ունենում ենք զոհեր»:

Լևոն Մնացականյանը վստահեցրեց, թե ապրիլյան պատերազմին Պաշտպանության բանակը կատարեց իր առջև դրված խնդիրները. «Հյուսիսային և հարավային հատվածում որոշ դիրքերի կորուստը չի ազդել բանակի պաշտպանության, կայունության, բանակի կողմից հետագա ծառայության տարման վրա: Ըստ մեր գնահատականների՝ այդ հարձակման ընթացքում հակառակորդը տվել է մինչև 1000 զոհ, մոտ 2000 վիրավոր և ստիպված է եղել մեկ անգամ ևս դիմել Ռուսաստանի Դաշնությանը և իրենց միջնորդությամբ հաստատել հրադադարի համաձայնագիր»:

Նախարարը չթաքցրեց, որ բացթողումներ եղել են, տեղեկացրեց, որ երկու քննություն է անցկացվել հարավում և հյուսիսում տեղակայված երկու զորամասերում. «Ծառայողական քննություն է անցկացվել, կան պաշտոնատար անձինք, որոնք ազատվել են զբաղեցրած պաշտոնից, կան սպաներ, որոնք ևս ազատվել են զբաղեցրած պաշտոնից: Հարուցվել են քրեական գործեր: Եթե նպատակահարմար լինի, որ այլ մարդիկ ևս պատժվեն, կպատժվեն»:

Հարցին, թե առաջնագիծն ինչքանո՞վ է ապահովված դիտարկման սարքավորումներով, Լևոն Մնացականյանը պատասխանեց. «Այն ապահովված է ամբողջությամբ, և թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է մեր վերահսկողության տակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031