Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները ընդդեմ ՌԴ-ի գանգատ են պատրաստվում ուղարկել ՄԻԵԴ

Մայիս 05,2017 17:57

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին դաժանաբար սպանած Վալերի Պերմյակովի արտահանձնման որոշում չկա:

Այս մասին Aravot.am-ին ասաց գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը:

«Ինչ վերաբերում է կոնկրետ անձին՝ նա չի հանձնվում ՌԴ-ին մի պարզ պատճառով, որ նա երբեք ՀՀ իրավազորության տակ չի էլ գտնվել, որ ՀՀ-ն կարողանա այդ հարցը որոշել:

Այստեղ խնդիրը ծագել է առաջին իսկ օրը, այսինքն՝ ոճրագործության հաջորդ օրը, երբ Պերմյակովը ձերբակալվեց ռուս սահմանապահների կողմից ու հայտնվեց Ռուսաստանի իրավազորության ներքո, առաջացավ այս խնդիրը, իսկ այս խնդիրը չստեղծելու համար հայ իրավապահները պետք է պատշաճ գործեին ու պետք է նա ձերբակալվեր ՀՀ ոստիկանության կողմից, արդյունքում ստացվեց մի իրավիճակ, որ ՌԴ քաղաքացին հայտնվեց ՌԴ իրավազորության ներքո, այդ պահից այս հարցը լուծված էր: Չնայած տուժող կողմի համար դա ընդունելի չէ, բայց փաստը մնում է փաստ, որ դա առաջին օրվանից լուծված հարց էր»,- ասաց պարոն Վարոսյանը:

Ավետիսյանների հարազատների մտավախությանը, թե Պերմյակովը ՌԴ գնալով հնարավոր է՝ պատիժն էլ չկրի, պարոն Վարոսյանն ասաց՝ նման մտավախություն չունի, քանի որ այնպիսի ոճիրի հետ գործ ունենք, որ անկախ նրանից, թե ՌԴ-ն ինչքանով է իրավական կամ ոչ իրավական պետություն, նման ոճրագործին ազատ չի արձակի:

Երվանդ Վարոսյանը հիշեցրեց, որ քրեական գործով ձեռք չէր բերվել որեւէ փաստական հանգամանք, որը հիմք կտար ենթադրելու, որ հնարավոր է՝ Պերմյակովն ունեցել է հանցակից: Ավելին՝ կան փաստական հանգամանքներ, որ նման հնարավորությունը գրեթե բացառում է. «Ինչ վերաբերում է կատարելու դրդապատճառներին, շորերը Ավետիսյանների ընտանիքում թողնելուն, առհասարակ այդ անձին, ապա այդ ամենի պատասխանը քրեական գործը պարունակում է՝ գործ ունենք հոգեպես անհավասարակշիռ անձի հետ, որից ամեն ինչ սպասելի է, այս է պատճառը, որ տուժող կողմը փորձում է պատասխանատվության կանչել նաեւ ՌԴ-ին՝ որպես պետություն գոնե գույքային մասով: Քանի որ ՌԴ Զինված ուժերի պաշտոնյաները նրա հոգեկան վիճակի մասին տեղեկություններ ունեցել են նույնիսկ նախքան նրան ՀՀ տեղափոխելը, ՌԴ-ն չի կարող որպես պետություն պատասխանատվություն չկրել: Ցավոք, ՀՀ դատարանները վարույթ չընդունեցին ՌԴ դեմ մեր կողմից ներկայացված քաղաքացիական հայցը, այս առումով Վճռաբեկ դատարանը վերջնական որոշում է կայացրել, եւ այժմ մեր կողմից գանգատ է պատրաստվում ՄԻԵԴ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031