Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ թեւածում է Արգիշտի թագավորի ոգին, մայիսի 14-ին ընտրեք Տարոն Մարգարյանին» (տեսանյութ)

Մայիս 05,2017 21:39

«Էրեբունին օր օրի ծաղկում է»,-այսօր Էրեբունի վարչական շրջանում ասաց ավագանու ընտրությունների քարոզարշավի նպատակով այս համայնք եկած Տարոն Մարգարյանը: ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու պարոն Մարգարյանն ընդամենը մեկ կանգառ այն կողմ էր գտնվում այս համայնքի վթարային շենքերից մեկից, որի բնակիչներն, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասացին, «ամեն օր ահը սրտներում են անկողին մտնում», քանի որ 2-3 բալ երկրաշարժի դեպքում էլ շենքի փլուզման վտանգը մեծ է. «Ահավոր պայմաններում ենք ապրում, նկուղն ամբողջությամբ ջուր է լցվել, ում ասես, որ չենք դիմել, Տարոն Մարգարյանն էլ է մեզ մոտ եղել, իր աչքով տեսել է, բայց դե ոչինչ չեն արել»:

68-ի «ա» վթարային շենքի բնակիչներից հետաքրքրվեցինք` «Էրեբունու ծաղիկներից» իրենց ի՞նչ է բաժին հասել: Բնակիչներն ասացին, որ կանգառներում աթոռներ են տեղադրվել եւ նախկինի պես մարդիկ տրանսպորտին ոչ թե ոտքի վրա, այլ նստած են սպասում, նաեւ ասացին, որ այգիներն են կանաչապատվել, «լուսավորություն են  քաշել»:
Մանրամասները ` տեսանյութում :

Այս համայնքում Տարոն Մարգարյանի գովքն արեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, որը Երեւանի ավագանու ՀՀԿ ընտրացուցակում է: Նրա խոսքով, իրենց թիմով համոզմունք են որդեգրել, որ երբեք չեն վիրավորելու իրենց ընդդիմախոսներին եւ, իրենց կատարած աշխատանքները քաղաքացիներին ներկայացնելով, առաջ են շարժվելու, սակայն, ըստ պարոն Մուսայելյանի, «մեկ-մեկ ընդդիմախոսները չափն անցնում են»: Հովիկ Մուսաելյանին զայրացրել էր այն, որ ամենավատ հոմանիշներով են Երեւանը բնութագրում` տպավորություն ստեղծելով, որ որեւէ մեկը Երեւան գալու ցանկություն չի ունենալու, մինչդեռ Հովիկ Մուսայելյանն էլ բազմաթիվ հյուրեր է դրսից ունենում  եւ, ըստ նրա, բոլորն էլ գնում են հիացած:

Գործարարը հորդորեց ընտրել Տարոն Մարգարյանին, որպեսզի ծրագրերը շարունակվեն:

Տարոն Մարգարյանն էրեբունցիներին խոստացավ ծառայել հանուն Երեւանի, հանուն երեւանցիների ապագայի:

Այստեղ էլ Տարոն Մարգարյանը տասնյակ նամակներ ստացավ. քաղաքապետին դիմեցին թոշակի, նպաստի, լուսացույցի, կցակառույցի, շենքի շքամուտքը բարեկարգելու հարցերով:

Մանրամասները` տեսանյութում:

Ավագանու թեկնածու Լիլիթ Բեգլարյանը էրեբունու բնակիչներին վստահեցրեց, որ Երեւանի սիրտը ոչ թե Կենտրոնն է, այլ` Էրեբունի ամրոցն` իր բազմադարյան պատմությամբ: Նրա խոսքով, Երեւանը նավթ ու ոսկի չունի եւ նրա հարստությունը երեւանցին է:
Տարոն Մարգարյանին ուղեկցող ավագանու մեկ այլ թեկնածու էլ էրեբունցիներին վստահեցրեց, որ այդ վայրում թեւածում է Արգիշտի թագավորի ոգին, ուստի պետք է էրեբունցիները մայիսի 14-ին գնան ու իրենց ձայնը տան Տարոն Մարգարյանին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031