Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզում հատկապես աղտոտված են Դեբեդ գետի հարակից համայնքները

Մայիս 05,2017 22:13

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման եւ զարգացման ու բնապահպանության նախարարություններին հանձնարարական էր տվել, որպեսզի մշակեն եւ կառավարություն ներկայացնեն «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի նախագիծը: Ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ տարածքում հաշվառվել ու անձնագրավորվել են շուրջ 2300 աղբանոց՝ ավելի քան 430 հա ընդհանուր տարածքով:

Լոռու մարզում եւս կատարվել են ուսումնասիրություններ: Պարզվել է, որ 107 համայնք ունեցող մարզն ունի ավելի քան 300 աղբանոց: « Թեեւ մենք շատ լավ տեղյակ էինք, սակայն գույքագրումից եւս պարզ դարձավ, որ մարզում ունենք աղտոտված համայնքներ, չնախատեսված վայրերում աղբակույտեր ու աղբանոցներ: Այս 300-ը ոչ միայն կենցաղային աղբին է վերաբերվում, այլեւ դրանք արտադրական ու արդյունաբերական թափոններ են: Իսկ համայնքների հետ աշխատանքներն արդեն սկսված են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը (լուսանկարում):

Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ ավելի շատ աղբակույտերի ու աղբանոցների կարելի է հանդիպել հատկապես Դեբեդ գետին հարակից համայնքներում. «Որոշ մարդկանց թվում է, թե ամեն գարունը գետը կվարարի եւ աղբը կքշի կտանի: Դա նաեւ աղբավայր չունենալու պատճառն է: Բայց այստեղ նաեւ համայնքի ղեկավարի ճիշտ աշխատանքն է պետք: Գյուղական համայնքներում շաբաթը գոնե մեկ օր աղբահանություն կատարելով կարելի է համայնքը մաքուր պահել»,- վստահ է մարզի ղեկավարը:

Նրա կարծիքով, համայնքներում կուտակված աղբի առկայությունը ոչ միայն համապատասխան աղբավայրերի բացակայության, ոչ ճիշտ աղբահանության, այլեւ բնակչության՝ շրջակա միջավայրի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի արդյունք է:

«Մաքրելը մի խնդիր է, բայց մաքուր պահելը՝ մեկ այլ խնդիր: Շատ կարեւոր է, երբ որ դու այդ մաքրման աշխատանքներին մասնակից ես դարձնում բնակիչներին: Որովհետեւ, երբ որ իրենք իրենց ձեռքով մաքրում են, հաջորդ օրն այլեւս չեն կեղտոտում: Պետք է մտածելակերպ փոխվի, մոտեցումները փոխվեն, պետք է սիրես քո մարզն ու համայնքը, որպեսզի այն մաքուր պահես: Սա աշխատանք է, որ մենք պետք է իրականացնենք, բայց նաեւ պետք է բացատրական աշխատանք տանել բնակչության շրջանում»:

Արթուր Նալբանդյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է առաջիկա տարիներին մարզում ունենալ չափանիշներին համապատասխան 5 լիցենզավորված աղբավայր. «Համամարզային ընդհանուր համալիր մոտեցում է պետք, որպեսզի մենք տարբեր փոքր համայնքներում աղբանոցներ ու աղբավայրեր չունենանք: Հիմա տարածքներն առանձնացնում ենք, կունենք ընդհանուր աղբավայրերի քարտեզ: Մտածում ենք նաեւ աղբի վերամշակման մասին: Ծրագրերը բազմաթիվ են: Ես համոզված եմ, որ նաեւ մեր հետեւողական աշխատանքի շնորհիվ, լուրջ հաջողություններ կարձանագրենք: Իհարկե, կարճ ժամանակում չենք կարող իդեալական դարձնել, բայց այն պատկերը, որ այսօր ունենք, անպայման կփոխվի»:

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրն իրականացվելու է պետական ու համայնքային բյուջեների, ինչպես նաև մասնավոր միջոցների հաշվին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031