Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուքոմը» Բագրատաշենում ապօրինի ալեհավաք է շահագործում

Մայիս 05,2017 22:31

«Յուքոմ» ընկերությունը 2016թ. ցանկացել է Բագրատաշենի գյուղապետարանի բակում ալեհավաք  կառուցել: Բագրատաշեն համայնքի ավագանու անդամները պատրաստակամություն են հայտնել ալեհավաքի համար տարածքը «Յուքոմին» վարձակալությամբ տալու կամ աճուրդով վաճառել: «Յուքոմ»  ընկերությունը հայտնել է, որ  չի ցանկանում տարածքը վարձակալել, կամենում է այն գնել:

2016թ.  հունիսի 20-ին Բագրատաշեն համայնքի ավագանին որոշում է ընդունել ալեհավաքի  համար նախատեսված 90 քառակուսի մետր տարածքը աճուրդով վաճառել, այդ տարածքի  վաճառքի մեկնարկային գին  սահմանելով 1 միլիոն դրամը: «Յուքոմ» ընկերությունում համարել են, որ նշված  տարածքի համար 1 միլիոն դրամը մեծ գումար է եւ հրաժարվել են այն գնել: Չնայած դրան, այդ ընկերությունը Բագրատաշենի գյուղապետարանի բակում 35 մետր բարձրությամբ ալեհավաք է կառուցել:

Բագրատաշենի վարչական ղեկավար Արկադի Մակյանից տեղեկացանք, որ 2 ամիս առաջ «Յուքոմի»  ալեհավաքին էլեկտրական հոսանք է միացվել, ալեհավաքը գործում է:  2016թ. սեպտեմբերից 18-ին կայացել են խոշորացված Այրում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ, Բագրատաշեն գյուղն ընդգրկվել է  Այրում համայնքի կազմում: Արկադի Մակյանն ասաց, որ մոտ 10 օր առաջ «Յուքոմի» ներկայացուցիչը հանդիպել է խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ  Պարանյանի հետ: Այդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն  է ձեռք բերվել, որպեսզի այդ ընկերությունը վարձակալի ալեհավաքի  տարածքը:

Բագրատաշենի վարչական ղեկավարն ասաց, որ «Յուքոմը» ցանկանում է այդ տարածքը  ցածր գնով վարձակալել, սակայն իրենք դրան դեմ են:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ներկայումս բազմաթիվ քաղաքացիական գործեր են քննվում, որոնց  հայցվորը «Յուքոմն» է, հայցերը վերաբերում են ֆիզիկական անձանցից գումարների բռնագանձմանը: 2016թ. մարտի 31-ին «Օրանժ Արմենիա« ՓԲԸ-ն վերակազմակերպվել, միացել է «Յուքոմ» ՍՊԸ-ին; «Օրանժի» մատուցած ծառայությունների դիմաց գումարները գանձելու նպատակով  «Յուքոմը» դատի է տվել  սահմանամերձ Տավուշի  բազմաթիվ  բնակիչների:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031