Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ համաձայնագիրը ՀՀ-ի և ԵՄ-ի համագործակցության էությունն արտացոլող փաստաթուղթ է. Էդվարդ Նալբանդյան

Մայիս 06,2017 19:25

Մայիսի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա գտնվեց Եվրոպայի օրվան նվիրված` «Եվրոպան հանուն խաղաղության» խորագրով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին, որը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից:

Ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ նախարար Նալբանդյանն ասաց.

«Պարոն դեսպան,
Հարգելի ներկաներ,

Շնորհավորում եմ Եվրոպայի օրվա կապակցությամբ և շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը՝ այս տոնական համերգի կազմակերպման համար։

Անկախությունից ի վեր Հայաստանը Եվրոպական միության հետ կառուցել է կուռ հարաբերություններ, որոնց հիմքում ընկած է արդյունավետ համագործակցությունը, փոխադարձ հարգանքը միմյանց նկատմամբ:

Եվրոպական միության աջակցությամբ մենք բարեփոխումներ ենք իրականացրել բազմաթիվ ոլորտներում՝ հանրային կառավարում, արդարադատություն, ընտրական համակարգ, շատ այլ բնագավառներում, որոնք միտված են հիմնարար ազատությունների ամրապնդմանն ու մեր հասարակության բարօրությանը։ Շատ համատեղ ծրագրեր իրականացման փուլում են, բազմաթիվ նախագծեր դեռ իրագործվելու են։ Մեծապես արժևորելով մարդկային շփումները՝ մենք կարևորում ենք նաև մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելուն միտված ծրագրերի իրականացումը։

Հատկանշական է, որ այս տարին սկսվեց եվրոպական հագեցած օրակարգով: Փետրվարին՝ Բրյուսելում, Հայաստանի Նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեցին Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, իսկ արդեն մարտին այն նախաստորագրվեց Երևանում։ Այդ համաձայնագիրը Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության խորությունն ու էությունը արտացոլող փաստաթուղթ է։

Առաջիկա օրերին կհաստատվեն նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև 2017-2020 թվականների համար գործընկերության առաջնայնությունները, որոնք համագործակցության նոր ուղենիշներ կսահմանեն։

Տիկնայք և պարոնայք,

Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակից հետո Եվրոպան դարձավ համամարդկային արժեքների վրա խարսխված խաղաղության, համերաշխության և կայուն զարգացման չափանիշ, որն այսօր էլ շատերի համար շարունակում է օրինակ ծառայել։ Եվրոպայի օրը խորհրդանշում է հենց այս բարձր արժեքային համակարգը, որին մենք հարգանքի յուրօրինակ տուրք ենք մատուցում` տոնելով այս նշանակալի օրը:

Շնորհավոր Եվրոպայի օրը»։

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031