Լրահոս
Օրվա լրահոսը

Գոյություն ունի՞ արդյոք Ղարաբաղյան կլան

Մայիս 07,2017 12:00

«Հայաստանցի-ղարաբաղցի» թեման շատ է արծարծվում, բայց հիմնականում՝ բանավոր զրույցներում: Երբեմն այս տարածված ու բազմաչարչար թեմային գրավոր էլ են  անդրադառնում, բայց՝ շատ մակերեսային ու թռուցիկ, և շատ ավելի կոռեկտ, քան՝ բանավոր զրույցներում:

Եթե որևէ մեկն իր հոդվածում գրի, որ ղարաբաղցիք գրավել են Հայաստանը, բոլորը կհարձակվեն այդ գրողի վրա՝ ասելով, որ սեպ է ծրում մեր ծողովրդի հատվածների միջև: Մինչդեռ բանավոր զրույցներում շատերն են էդ ասում, և էդ ասելու համար ոչ ոք ոչ ոքի չի կշտամբում ու չի մեղադրում:

Փաստորեն, մեր բանավոր ու գրավոր խոսքերը պատասխանատվության առումով իրարից շատ տարբեր են: Ընդ որում՝ ոչ միայն այս թեմայի շրջանակներում: Բայց քանի որ այս թեման ամենազգայուն ու ամենաարդիական թեմաներից է, շատերն են զգուշանում գրավոր խոսքում այս թեմային անդրադառնալ: Եվ շատ էլ ճիշտ են անում: Որովհետև դա ոչ միայն շատ բարդ, այլև շատ անշնորհակալ գործ է:

Ահա հիմա՝ հենց հիմա այդ բարդ, բայց անշնորհակալ գործով եմ զբաղված: Եվ համոզված եմ, որ ոնց էլ գրեմ, շատերից եմ հարվածներ ստանալու, որովհետև ոնց էլ գրեմ, շատերի կողմից ընդունելի չի լինելու:

Այդուհանդերձ, ճիշտ չէ գրավոր չանդրադառնալ մի թեմայի, ինչից որ ամեն օր ու ամեն քայլափոխի խոսում ենք: Եթե խոսում ենք ու մեր կարծիքով սեպ չենք խրում մեր ժողովրդի երկու հատվածների միջև, ուրեմն հնարավոր է առանց սեպ խրելու նաև գրավոր անդրադառնալ ղարաբաղցի-հայաստանցի թեմային:

Եթե Ղարաբաղը ոչ թե անկախ հանրապետություն հռչակված լիներ, այլ միացած լիներ Հայաստանին  և ընդգրկված լիներ Հայաստանի Հանրապետության կազմում ու տարածքի մեջ, բնականաբար չէր գոյանա այս՝ մեր կարծիքով միանգամայն արհեստական մտայնությունը, ինչպես որ՝ գոյություն չունեն ապարանցի-հայաստանցի, գյումրեցի-հայաստանցի կամ նմանատիպ այլ մտայնությունները:

Ճիշտ է, մենք նույն ազգն ու նույն ժողովուրդն ենք, բայց այսօրվա դրությամբ, փաստորեն, տարբեր պետություններ ենք, և չնայած չափազանց հարազատ ու չափազանց դաշնակից պետություններ ու երկրներ ենք, այդուհանդերձ, տարբեր պետություններ ենք, և չնայած գլխավոր ու կարևորագույն հարցերում մեր երկու պետությունների շահերը մեկին մեկ համընկնում են, այդուհանդերձ, որոշ հարցերում կարող է նաև հակասություններ ու տարաձայնություններ լինեն, որոնք և այս ղարաբաղցի-հայաստանցի մտայնության պատճառ դառնան:

Որ ղարաբաղցիները բացառիկ ու տաղանդավոր են, նախքան Ղարաբաղի անկախացումն էլ գիտեինք: Բոլոր բնագավառներում են տաղանդավոր, հատկապես՝ գիտության և ռազմագիտության բնագավառներում: Ղարաբաղցի ակադեմիկոսներով, մարշալներով ու գեներալներով ողջ հայ ազգն է հպարտացել ու հպարտանում:

Գրում եմ Ղարաբաղ և ղարաբղղցի, այլ ոչ թե՝ Արցախ ու արցախցի, որովհետև, ի հեճուկս ադրբեջանցիների ու այլ չուզողների, Ղարաբաղն արդեն միջազգային նշանակության անուն է, և եթե ադրբեջանցիք  Ղարաբաղ  այցելած գործիչներին բանտ են նստեցնում, դրանով իսկ ապացուցում են,  որ իրենք էլ են ճանաչում Ղարաբաղը՝որպես Ադրբեջանից տարբեր տարածք ու պետություն:

Բայց վերադառնանք ղարաբաղցի-հայաստանցի մտայնությանն ու հոլովույթին: Ճիշտ է, մենք միշտ ենք հպարտացել ղարաբաղցի հանճարներով ու տաղանդներով, այդուհանդերձ, ղարաբաղցի-հայաստանցի մտայնությունը միանգամայն նորություն է և առաջացավ Հայաստանի ու Ղարաբաղի անկախացումից հետո: Ավելի ճիշտ՝ սկսած այն պահից, երբ ղարաբաղցիներն անկախացած Հայաստանում սկսեցին զբաղեցնել կարևորագույն պաշտոններ: Հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց հետո:

Այսուհանդերձ, անկախացած Հայաստանում բարձրագույն պաշտոն ստանձնած առաջին ղարաբաղցին ոչ թե Քոչարյանն էր, այլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսպես ենք ասում, որովհետև Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն իշխանության եկան շնորհիվ Ղարաբաղյան շարժման, որի գլխավոր կարգախոսն էր «պայքար, պայքար մինչև վերջ»-ը, որն անմիջականորեն վերաբերում էր Ղարաբաղին և որի հեղինակային իրավունքը Տեր-Պետրոսյանինն էր:

Փաստորեն, Հայաստանի երեք նախագահներն էլ Ղարաբաղյան շարժման մասնակիցներ ու ներկայացուցիչներ են:

Ինչ վերաբերում է անկախացած Հայաստանին, ապա Հայաստանում Ղարաբաղցիների բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու հանգամանքի համատարած բնույթը որոշ մարդկանց կողմից բացասաբար է ընկալվում, իսկ որոշների կողմից՝ դրական: Իսկ շատերն էլ գտնում են, որ իրականում գոյություն չունի ղարաբաղցի-հայաստանցի հարց ու հակասություն և այս հարցը բարձրացնելն ու առավել ևս քննարկելը դավաճանության պես բան է, և այդ հարցը բարձրացնողներն ու առավել ևս քննարկողները սեպ են խրում մեր ժողովրդի հատվածների միջև:

Այդպես մտածողներն իրավամբ համարում են, որ ղարաբաղցիները մեր ժողովրդի տաղանդավոր ներկայացուցիչներն են և Հայաստանում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելով՝ իրենց լուման են ներդնում Հայաստանի զարգացման ու բարգավաճման գործում:

Ձեր խոնարհ ծառան էլ է այդպես կարծում, բայց ձեր խոնարհ ծառան նաև կարծում է, որ մեր ժողովրդի բոլոր հատվածներն են տաղանդավոր, և եթե տաղանդավոր գյումրեցին կամ ապարանցին էլ Ղարաբաղում նախարար դառնան, իրենք էլ Ղարաբաղը կշենացնեն: Բայց ձեր խոնարհ ծառան նաև այն կարծիքին է, որ հայաստանցի-ղարաբաղցի թեման չափազանց բարդ թեմա է և այդ թեմային պետք է զգուշորեն անդրադառնալ:

Դուք վկա եք, որ ես հենց այդպես էլ արեցի, ու երևի դա էր պատճառը, որ չկարողացա պատասխանել իմ իսկ բարձրացրած հարցին, այն է՝ գոյություն ունի՞ արդյոք ղարաբաղյան կլան:

Կփորձեմ այդ անել հաջորդ անգամ:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

06.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Արդյունավետ պետական համակարգը ազգի ամենահզոր զենքն է: Արցախի հարցը հնարավոր է լուծվի այսպես՝ Հեռավոր Արեւմուտքի ամենահզոր երկրի նախագահը իր մոտ է հրավիրում երկու հակամարտող կողմերի նախագահներին՝ երկու կողմերից մեկը բնական է Արցախն է, իր կողմից նշանակում մի ներկայացուցչի ու ասում, թե գնացեք ու համաձայնության եկեք, եթե համաձայնության չգան, ինքը միջոցներ ունի այդ նախագահներին փոխելու՝ մինչեւ որ համաձայնության գան: Այս ոճը հիմա նա փորձարկում է Մերձավոր Արեւելքի հակամարտության լուծման համար, որի կողմերից մեկը Պաղեստինն է: Եթե ամեն ինչ հաջող ստացվի, նա ցույց կտա գործով, որ խնդիր լուծողը ինքն է:
    Իսկ մենք՝ անկախ ուրիշների որոշումներից պետք է ստեղծենք մեր ամենահզոր զենքը՝ արդյունավետ պետությունը, դրա սկիզբը կլինի այն, որ դրսի հայ քաղաքացիներին ընտրության իրավունք կտան, ընտրությունները թափանցիկ ու արդար անցկացվեն ու արդյունքում սկսվի հայրենադարձությունը: Եթե ստեղծենք բազմաստիճան ընտրիչների համակարգ, որտեղ ընտրիչները ունենան ամենաբարձր վարկանիշը տվյալ աստիճանում, իսկ հաջորդ աստիճանի ընտրիչները ընտրվում են նախորդ աստիճանի ամենաբարձր վարկանիշի ընտրիչներից, վերջին աստիճանը կլինի վարչապետը, իսկ նախավերջինը՝ պատգամավորները ու այդպես մինչեւ տեղական պատգամավորներն ու ընտանիք, կարճ ասած, որեւէ աստիճանի պատգամավորը նախորդ աստիճանի պատգամավորների վարչապետն է:

  2. Ruben says:

    Այո, ԽՍՀՄ ժամանակներից:

  3. Մարինա says:

    Որպես ղարաբաղցի՝ ասեմ իմ կարծիքը: Ես սովորել եմ ԵՊՀ երկու ֆակուլտետներում ընդհանուր առմամբ տասը տարի: Այսուհանդերձ՝ մի փոքր չափով անգամ չեմ փոխառել հայաստանյան կենցաղն ու խոսակցական լեզուն, մենթալիտետն ու արժեհամակարգը, որովհետև իմ ունեցածն էլ լավ է: Տարբերվել եմ ֆակուլտետում ամեն ինչով՝ արտաքինից մինչև սովորելու ունակությունները: Ես չեմ համարում ինձ հայաստանցի՝ այնպես, ինչպես, օրինակ, իրեն հաշվում է արտաշատցին կամ արթիկցին: Դա ոչ լավ է, ոչ՝ վատ, ուղղակի կա այն, ինչ կա: Ես տարբեր եմ հայաստանցիներից և իրենք նույնպես դա միշտ ինձ հիշեցրել են, իհարկե, ոչ բացասական իմաստով, ընդհակառակը, նրանք աշխատել են ինձ նմանվել: Ես էլ բավականին բարյացակամ եմ վերաբերվել իմ համակուրսեցիներին, բայց երբեք նման չեմ իրենց: Շատերի տնային աշխատանքներ էի կատարում, շատերին փրկում էի ռուսերենի քննություններին: Տարբեր լինելու մեջ վատ բան չկա: Իսկ կլան կա, թե՝ ոչ, ես չգիտեմ:

    • Լավատես says:

      Չեմ սիրում, երբ իմ երկրի անվանը օտար մասնիկն են կպցնում, գոնե մենք մեր մեջ Հայք կոչենք մեր երկիրը, մենակ Չարենցի աննման բանաստեղծությունն է՝ ՝Ես իմ անուշ Հայ…՝, որ մի քիչ մեղմում է այդ անվան ընկալումը:
      Իմ տարիներին, երբ ԵՊՀ ում էի սովորում մեր խմբում մի աղջնակ կար, որը մի հայկական գյուղից էր՝ նախկինում հայոց մայրաքաղաքներից մեկը ու անսահման նվիրված էր իր գյուղին ու իր գյուղի նահապետական օրենքներին ու ասում էր, որ սովորելուց հետո անպայման կվերադառնա իր գյուղը՝ գյուղի բալիկների համար ուսուցչուհի կաշխատի, բայց նա ոչ միայն շատ լավ խոսում էր մեր երեւանյան լեզվով, այլեւ օտար դասականների բանաստեղծություններն էր անգիր ասում այդ դասականների մայրենի լեզվով: Իսկապես, ովքեր անկեղծորեն սիրում են իրենց բնօրրանը իսկապես բարի մարդիկ են: Բայց կային նաեւ բնիկ լենինականցիներ, որոնք խոսում էին միայն իրենց լենինականյան բարբառով, բայց այնքան համով հոտով մարդիկ էին, պարզ, ու բարի, որ նույնիսկ նրանց ձեռ առնելը երեւանցիներին շատ բարի էր ընկալվում:
      Կարծում եմ, երբ մեր երկիրը Հայք կոչենք ու բոլորս լինենք մի երկրի քաղաքացի, էլ ներքին խնդիր չենք ունենա:

Պատասխանել Լավատես

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031