Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր վրա ծիծաղում են բոլորը, այդ թվում նաեւ թշնամին». Փոստանջյանը խոստանում է դավաճաններին իրենց տեղը ցույց տալ

Մայիս 08,2017 20:55

Այսօր Հանրապետության հրապարակում Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր նախընտրական ելույթով հանդես եկավ:

Մինչ ելույթը «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները կանգնեցին ուղիղ հրապարակի կենտրոնում եւ վանկարկեցին իրենց կուսակցության անունը:

Փոստանջյանի խոսքերով՝ այսօր տոնում ենք Մայիսի 8-ի հաղթանակը, որը բեկում մտցրեց մեր պատմության մեջ, հաղթանակ, որին սպասում էինք: Նա ասաց, որ մեր հերոսները, որոնք Շուշիի հաղթանակն են բերել, այսօր բանտախցում են. «Մեր սիրելի Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի ղեկավարությամբ այս պահին շնորհավորում ենք բոլորին՝ Ժիրայր Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին, Արայիկ Խանդոյանին, բոլորին»:

Նա հիշեց Սամվել Բաբայանին՝ ասելով, որ հերոսը գտնվում է բանտում. «Մեր վրա ծիծաղում են բոլորը, այդ թվում նաեւ թշնամին, որ վախենում էր մեր այդ հերոսներից: Սա նշանակում է, որ մենք անկման մեջ ենք: Մենք իրավունք չունենք, իրավունք չունենք դառնալ քոչվոր, դառնալ ժողովուրդ, որը չունի հայրենիք»:

Նա խոսեց 800 հա կորցրած տարածքի մասին, ասաց, որ Թալիշն անընդհատ ռմբակոծվում է, էլ հնարավոր չէ այնտեղ բնակեցնել: Նա ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանը ապստամբեց՝ նրան բանտարկեցին, բայց դա կապ չունի, եկել է ապստամբության երկրորդ փուլը. «Մենք գնում ենք ազատագրելու քաղաքապետարանը կոռուպցիայից, յուրացումից, դավաճանությունից…Մենք դավաճաններին իրենց տեղը ցույց ենք տալու»:

Նա ասաց, որ եղել են Անիում ու Կարսում եւ հիմա Հանրապետության հրապարակից ուզում են ուղերձ հղել հայ ժողովրդին, որ կարող է այդ ամենը կրկնվել, ուստի ուզում են ազատագրել Երեւանը:

«Երկիր Ծիրանիի» մամուլի խոսնակ Սոնա Աղեկյանը պատմեց, որ Անիում թուրքի աչքերում վախ են տեսել, որովհետեւ իրենք իրենց տեր են զգացել, բայց միեւնույն է, այնտեղ հրաման արձակողը եղել է թուրքը. «Մենք կոչ ենք անում ձեզ, սիրելի՛ երեւանցի, որպեսզի 1045 թվականի նույն դավաճանությանը, որը հիմա ականատես ենք լինում ՀՀԿ-ի կողմից, կեղեքող, ամենուր սովից արտագաղթող հայրենակիցներ ունենք, կոչ ենք անում մայիսի 14-ին գնալ մարտի՝ իշխանությունը վերագտնելու»:

Նա  հայտարարեց, որ ՀՀԿ-ի դեմ մարտի է գնում ընդամենը մեկ ընդդիմություն, այն էլ իրենք են. «Երկիր Ծիրանի կուսակցությունը միակ ընդդիմադիր կուսակցությունն է»: Նա ասաց, որ 10 հազար դրամը, եթե բաժանում են, օրական ստացվում է 6 դրամ, իսկ հայ քաղաքացին մի՞թե կարող է իր երեխայի ապագան վաճառել 6 դրամով: Նա զգուշացրեց, որ եթե քայլեր չձեռնարկեն, Երեւանի եկեղեցիներն էլ շուտով մզկիթ կդառնան ու մենք էլ այնտեղ կգնանք՝ զբոսաշրջիկի կարգավիճակում:

Փոստանջյանն էլ ասաց, որ մեր հայրենի հող՝ Անի գնալու համար 8 անցակետ անցան. «Այսօր Արցախի հանրապետությունն էլ մեզանից փորձում են օտարել եւ այս փոքրիկ տարածքը, որ կազմում է մեր հայրենիքի ընդամենը 10 տոկոսը, փորձում են մեզանից օտարել»:

Ըստ Փոստանջյանի, բոլորը տրամադրություն ունեն լքելու Հայաստանը, իսկ սա նշանակում է, որ մի քանի տարի անց մենք արժանանալու ենք Անիի ու Կարսի ճակատագրին, Անիում ոչ թե խաչեր, այլ մզկիթներ են. «Երեւանը կամաց-կամաց փոխելու է իր դիմագիծը, ոչ միայն թամանյանական դիմագծից է հեռանում, այլ նաեւ դեմոգրաֆիական դիմագիծն է փոխվելու, սթափվե՛նք»:

Փոստանջյանն անդրադարձավ ԱԺ ընտրություններին՝ ասելով, որ վախենալով գնում եւ ձայնը տալիս են դավաճաններին, բայց ինքը հավատում է մեր ժողովրդին, անգամ նրանց, որոնց նվաստացնելով՝ այդ քայլին են ստիպում գնալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    բանտախցում նստած անցեալի հերոսները իրենց անցեալի վաստակը սպառեցին, քայքայեցին, հասցուցին զէրօյի – եւ դեռ անկէ ալ վար –

    անհիմն եւ աժան, թեթեւսոլիկ խօսքերով, ամէն տեղ «դաւաճաններ» երեւակայողն է Ազգին իսկական դաւաճանը, որ տեւաբար վարկաբեկում է Հայոց Պետութիւնը

  2. Հ.Շ. says:

    այս ձեր կինո-ընտրարշաւի ծախսերը նկատի ունենալով,
    թերեւս լաւ կը լինի նաեւ մի քիչ այս խեղճ տիկնոջ վիճակով զբաղուէք՝
    https://www.aravot.am/2017/05/06/883682/

    ողբացեալին անունը անդադար ու լայնօրէն շահագործելու կողքին…

    իսկ այսօր որ Շուշին էք շահագործում՝ վերջին անգամ ե՞րբ էք եղել Շուշիում, եւ նաեւ՝ ի՞նչ անելու համար այդտեղ

    ափսոս որ լրագրողները այսպիսի պարզ հարցերումներ իսկ չեն ուղղեր ձեր նմաններին…

  3. Մարինա says:

    Շիլաշփոթ մտքեր ու անտրամաբանական եզրահանգումներ…էլ Ղարաբաղ, էլ Երևանի ազատագրում, էլ Անի, էլ մզկիթներ: Երկու անգամ կարդացի, ու նորից բան չհասկացա: Հետո էլ, ոչ թե մեՐ վրա, այլ՝ մեԶ վրա: Կարճ ասած՝ ավելի լավ էր չկարդալ այս նյութը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031