Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. Կարեն Կարապետյանին տրված են գրեթե բոլոր անհրաժեշտ լիազորությունները, եւ ինքն ազատորեն կարողանում է լուծել գրեթե բոլոր կադրային խնդիրները. «Ժամանակ»

Մայիս 09,2017 11:42

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:

– Կարեն Կարապետյանը երկարաժամկետ վարչապետ է մնալո՞ւ, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ այսօր բավականին շատ են վերլուծություններն այն մասին, որ, ի վերջո, նա չի կարողանալու պետության առջեւ խնդիրներին լուծում տալ եւ 2018-ին ստիպված կլինի հեռանալ, քանի որ կլրանա նաեւ Ս. Սարգսյանի նախագահության ժամկետը։

– Իմ կարծիքով՝ Կարեն Կարապետյանն ունի այն ունակությունները, նկատի ունեմ  փորձը, աշխատասիրությունը, կառավարչական փորձը, եւ այն բարեփոխումների ճանապարհով, որով գնում է, կարող է մեր երկրում, տնտեսության մեջ փոփոխություններ իրականացնել, եթե ուսումնասիրենք նախորդ ամիսների ցուցանիշները, կարող ենք ասել, որ, այո, դրական փոփոխություններ կան։ Վստահ եմ, որ Կարապետյանը հասնելու է էական դրական փոփոխությունների։ Ինքը վստահ է եւ ուղիղ գնում է այդ ճանապարհով։

– Ասում են, որ չի հաջողվի, քանի որ տնտեսությունն ու քաղաքականությունը սերտաճած են, եւ հենց այս խնդիրը նա չի կարողանա լուծել։

– Ամեն դեպքում Կարեն Կարապետյանին տրված են գրեթե բոլոր անհրաժեշտ լիազորությունները, եւ ինքն ազատորեն կարողանում է լուծել գրեթե բոլոր կադրային խնդիրները։ Ինքը ունի այդ հնարավորությունը, եւ ո՛չ կուսակցությունը, ո՛չ իշխանության այլ ճյուղերը վարչապետի համար խոչընդոտ չեն ստեղծել, որպեսզի կարողանա հաջողություններ գրանցել, որովհետեւ այդ հաջողություններից է կախված մեր երկրի, կուսակցության եւ յուրաքանչյուր անհատի ապագան։

– Իսկ եթե չկարողանա հաջողություններ գրանցել, կմտածեք նաեւ կառավարության փոփոխությա՞ն մասին։

– Աշխարհում չկան հստակ օրենքներ, որ հնարավոր լինի ասել, թե այ այս կառավարությունը գործելու է 5 տարի, 10 տարի։ Յուրաքանչյուր կառավարություն գործում է այնքան, որքան ժողովուրդը հավատում է, վստահում է եւ նա դրական արդյունքներ է գրանցում։ Իսկ ես հավատում եմ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կկարողանա տնտեսության մեջ էական փոփոխություններ իրականացնել:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031