Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի համալսարանում ազատվում են «հակալիսկայական» կադրերից

Մայիս 09,2017 14:11

Aravot.am-ը տեղեկություններ է ստացել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) վերահսկողության ներքո գտնվող Գորիսի պետական համալսարանում լարված իրավիճակ է: «Նոր ռեկտոր Արտուշ Ղուկասյանը թքած ունի համալսարանի վրա։ Մեր գումարների կեսը վատնվում է իր գործուղումների վրա։ Անցյալ տարի կրճատումներ արեց, համալսարանից ահագին մարդկանց ազատեց, իբր մտածում է մեր բյուջեի մասին, բայց իր աշխատավարձը կրկնապատկեց։ Մեր համալսարանն այս պահին էլ «Լիսկայի» հսկողության տակ է։ Հատուկ հետապնդում են այն մարդկանց, որոնք հակալիսկայական են։ Այս պահին «Լիսկայի» ասելով մարդիկ են ընդունում աշխատանքի»,- հայտնեց մեր աղբյուրը։

Նրանից տեղեկացանք, որ, օրինակ, Հայագիտական կենտրոնի ղեկավարին փոխարինել են Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանով, որը ոչ մի կապ չունի հայագիտության հետ ու դասախոս է ձևակերպված, թեեւ օրերով ուսանողները պարապուրդի են մատնված:

Ժամանակին հենց նույն Զիլֆուղարյանն էր ինքնակոչ պատմափիլիսոփա Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության ընդդիմախոսը եւ այն ժամանակվա մարզպետի ատենախոսությունը հրաշալի որակողը:

Դառնալով Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանին, նշենք, որ մեր տեղեկություններով, արդեն 4 ամբիոնի վարիչ է ազատել աշխատանքից եւ 4 տասնյակ այլ աշխատակիցների: Նա անցյալ տարի ֆակուլտետներ էր միացրել կամ պայմանագիրը չէր թարմացրել` անցանկալի դեկաններից ազատվելու համար: Նման կերպ վարվել էր նաեւ տնտեսագիտության ֆակուլտետի հիմնադիր Համլետ Հովսեփյանի հետ, որ նաեւ կառավարման խորհրդի անդամ էր: Պարոն Հովսեփյանին անգամ ծանուցագիր չէր ուղարկվել` երկու ամիս առաջ, ինչպես նախատեսված է օրենքով:

Aravot.am-ը մեկնաբանության համար փորձեց կապվել ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հետ, սակայն նրա հեռախոսը «չէր պատասխանում»: Իսկ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի Նոնա անունով աշխատակիցը խոստացավ ավելի ուշ մեկնաբանություն անել:

Ի դեպ, Արտուշ Ղուկասյանի անունը նախկինում էլ եղել է սկանդալների առանցքում, երբ նա Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորն էր, ապա ԲՈՀ-ի նախագահը: Այդ տարիներին էլ բազմաթիվ դեկաններ ու որակյալ մասնագետներ կրճատվեցին, գրագող ատենախոսներ բացահայտվեցին: Մի քանի տարի առաջ ԿԳ արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանը նրան խիստ նկատողություն էր հայտարարել, որից հետո Ղուկասյանն անգամ Հանրային խորհուրդ էր դիմել:

Գորիսի համալսարանում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով կապվեցինք պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանի հետ: Ի թիվս այլ հարցերի, ցանկանում էինք ճշտել` իրականությանը համապատասխանո՞ւմ է այն տեղեկությունը, որ ուսանողներից 60-ից 80 հազար դրամ կաշառք են վերցնում քննություն նշանակելու համար, կամ իրեն մի ցուցակ են տվել, որտեղ նշված են այն մասնագետների անունները, որոնցից պետք է առաջիկայում ազատվել:

Բոլոր հարցերին Զարեհ Գրիգորյանը խուսափողական պատասխաններ էր տալիս կամ հերքում: Վերջինիս համբերության բաժակը լցվեց, երբ հետաքրքրվեցինք, թե ինչ կապ ունի Սուրիկ Խաչատրյանի փաստաբանը հայագիտական կենտրոնի հետ, որ ղեկավար են նշանակել: Զարեհ Գրիգորյանը սկսեց վիրավորական արտահայտություններ անել ու անջատեց հեռախոսը:

Իմիջիայլոց, ըստ Գորիսի պետական համալսարանի կայքի, Արտուշ Ղուկասյանը ՀՀ ԿԳ նախարարության «Ոսկե հուշամեդալ» ունի, Մանկավարժական համալսարանի հուշամեդալ, անգամ Վիկտորյա թագուհու անվան միջազգային պարգև (Մեծ Բրիտանիա), որը շնորհվում է պատվի, արժանապատվության և բարեխղճության համար:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031